«Մեր դերակատարումն է` մերձեցնել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին» ասել է Իսրայելի Արտգործնախարարութ


Իսրայելի նոր կառավարությունում Արտաքին գործերի գերատեսչության ղեկավար է նշանակվել ԽՍՀՄ-ից արտագաղթած Ավիգդոր Լիբերմանը: Ռուսական թերթերից մեկին տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է, թե Երուսաղեմն ինչպես է պատրաստվում նորովի նայել «Կրեմլի գոծոնին» և միջազգային սուր հիմնախնդիրները լուծել Մոսկվայի հետ սերտ համագործակցությամբ: - Աշխարհում փոխվում են քաղաքական իրողությունները: Իսրայելում սկսում են հասկանալ, որ Իրանից ծագող սպառնալիքի դեմ պայքարի համար դաշնակիցներ են անհրաժեշտ: Ռուսաստանը հատուկ ազդեցություն ունի մուսուլմանական աշխարհում, և ես նրան համարում եմ հենց այն ռազմավարական գործընկերը, որը կոչված է` մերձավորարևելյան կարգավորման գործում վճռորոշ դեր կատարել: Ես վաղուց եմ ասում, որ Իսրայելում լիարժեք չեն գնահատում «Կրեմլի գործոնը» և հուսով եմ, որ հենց ինձ էլ հաջողվելու է վերացնել այդ բացթողումը: - Տարիներ առաջ Իսրայելի համար միջազգային գլխավոր վտանգներից մեկը դուք համարել ենք Իրանի կողմից հնարավոր միջուկային սպառնալիքը: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է: - Փոխվել է միայն այն, որ իրանական միջուկային վտանգն ավելի իրական ու շոշափելի է դարձել: Սակայն, իմ կարծիքով, այս ընթացքում հայտնվել է ավելի լուրջ խնդիր, քան Իրանն է. դա միջուկային պետություն Պակիստանն է, որտեղ իրավիճակը ծայրահեղ անկայուն է և հավանականություն կա, որ իշխանությունը կարող են զավթել «Թալիբները»: Ինչը կնշանակի Պակիստան-Աֆղանստանի արմատական միացյալ տարածաշրջանի ստեղծում` բեն Լադենի հոգևոր ղեկավարությամբ: Ես չեմ կարծում, թե նման հեռանկարը պայծառ կարող է թվալ Չինաստանին, Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին: Այդ պատճառով էլ, համաշխարհային գերակայություններից խոսելիս` ես դրանք կդասավորեի այսպես. Պակիստան-Աֆղանստան, ապա` Իրան, այնուհետև` Իրաք: Ահա թե ինչը պետք է անհանգստացնի գերտերություններին… *** Իսկ թվարկած սպառնալիքների չեզոքացման գործում Իսրայելի հիմնական դերակատարումը Լիբերմանը համարում է Նահանգների և Ռուսաստանի մերձացմանը նպաստելը: - Ինձ անհասկանալի է` ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք վիճել Ռուսաստանի հետ Կոսովոյի և Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկվելու հարցերում: Մյուս կողմից էլ` Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ուգո Չավեսի վարչակարգի հետ սերտ համագործակցությունը բոլորովին չի նպաստի Արևմուտքի ու ՌԴ միջև վստահության ամրապնդմանը: - Վերջին շրջանում մերձավորարևելյան կարգավորումներում հնչում է «երկու պետություն` երկու ժողովուրդների համար» ձևակերպումը, որը հայտնի է դեռևս 1947 թվականից` երբ ՄԱԿ-ը քննարկում էր կամ արաբահրեական մեկ պետություն կամ հրեական և պաղեստինյան առանձին պետություններ ստեղծելու հարցը: Սա նշանակո՞ւմ է, որ «մերձավորարևելյան խաղի» կանոնները փոխվել են, և հիմա Իսրայելից պահանջում են ճանաչել պաղեստինյան ապագա պետության հետ տարածքների բաժանման ոչ թե 1967 թ., այլ 1947 թվականի համաձայնագրի պայմանները: - «Երկու պետություն` երկու ժողովուրդների համար». դա գեղեցիկ ձևակերպում է` առանց իրական կոնկրետ բովանդակության: Պաղեստինյան համածին պետություն ստեղծվելու դեպքում Իսրայելն իսկապես կվերածվի երկու ժողովուրդների պետության: Ինչպե՞ս վարվել իսրայելցի արաբների հետ: Հատկապես նրանց հետ, ովքեր ոչ մի հավատարմություն չունեն իսրայելական պետության հանդեպ, ովքեր օգնում են ահաբեկիչներին և մերժում են մեր երկրի գոյության իրավունքը: Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, անիմաստ է խոսել երկու ժողովուրդների համար երկու պետություն ստեղծելու մասին: