Ունենալով առողջ զինվոր` կունենանք ուժեղ բանակ


Երևանի կայազորային հոսպիտալի բուժծառայության պետ, մայոր Գոհար ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցը հայ զինվորի առողջությանը միտված աշխատանքի մասին է: Աշխատելով զինվորական հոսպիտալում, Գ. Կարապետյանը բազմաթիվ փորձություններ Է հաղթահարել: Եվ տարիներ անց նա պիտի արձանագրեր` այսօրվա սերունդն ավելի պատասխանատու է: Որպես զինվորի մայր, որպես բժիշկ` վստահ Է, որ վաղվա քաղաքացիների ճիշտ նկարագիր ունենալու համար այսօր հոգատար վերաբերմունք պետք Է ցուցաբերել... - Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել 2008-ին, ի՞նչ ծրագրեր եք իրականացրել: - Պետք է ասեմ, որ մեր կայազորային հոսպիտալն ունի ընդհանուր վիրաբուժության, թերապևտիկ, հոգեբուժական, մաշկավեներաբանական, հատուկ դեպքերի, անզգայացման և վերակենդանացման, ինչպես նաև ֆունկցիոնալ, ճառագայթային ախտորոշման, ֆիզիոթերապիայի բաժանմունքներ և լաբորատորիա, որոնք սպասարկում են ՀՀ ՊՆ ԿՊ-ին: Մեր հոսպիտալի հոգեբուժական և մաշկավեներաբանական բաժանմունքները ռազմաբժշկական ծառայություններից միակն են, որ սպասարկում են ինչպես Երևանի կայազորի, զինված ուժերի տարբեր բանակային կորպուսների, այնպես էլ ԼՂՀ ՊԲ զորամասերից բերված զինծառայողներին: 2008 թ. ընթացքում մեր կայազորային հոսպիտալում բուժվել են 1258 շարքային զինծառայողներ: 2007 թ.-ին, եթե ԵԿՀ-ի լաբորատորիայում կատարվել Է 72502 հետազոտություն, ապա 2008-ին` 127298: Հոսպիտալի առաջին հարկում տեղակայված է նաև կենտրոնական պոլիկլինիկան, որին վերապահված շատ ծառայություններ կատարվում են մեր լաբորատորիայում: Հոսպիտալին կցված են մի շարք զորամասեր, մեզ մոտ անցկացվում է սպայական և ենթասպայական անձնակազմի դիսպանսերիզացիա: Համաձայն մեր աշխատանքային պլանի` գործողությունների մյուս փուլը բժիշկ-մասնագետների այցն է տարբեր զորամասեր: 2008 թ.-ին հոսպիտալի բժիշկ-մասնագետ ներից կազմված արտագնա խումբն այցելել է տարբեր զորամասեր` ցուցաբերելով ինչպես գործնական, այնպես էլ գիտա-մեթոդական օգնություն` մշտական փոխհամագործակ ցության սկզբունքով: Ելնելով համաճարակային իրավիճակից` ՌԲՎ հանձնարարությամբ գործուղվել են ինչպես ՀՀ ՊՆ, այնպես էլ ԼՂՀ ՊԲ զորամասեր: Համաճարակային իրավիճակներում (հատկապես սուր շնչառական հիվանդությունների դեպքում) զորամասեր հաճախակի ստուգայցերի արդյունքում շտապ բացահայտվում են վարակի օջախները և կատարվում անհրաժեշտ բուժօգնություն: Անհրաժեշտության դեպքում շտապ բուժում պահանջող հիվանդներին տեղափոխում ենք կայազորային հոսպիտալ, այսինքն` հոսպիտալը, իր առօրյա գործունեությամբ զբաղվելով, նաև իրականացնում է ակտիվ օգնություն` շնորհիվ հաճախակի դարձած այցերի: - Խոսենք Ձեր հիմնախնդիրներից, որո՞նք են օրակարգային: Կայի՞ն ծրագրեր, որոնք չեք հասցրել կամ չի հաջողվել իրագործել: - Այսօր ՀՀ ԶՈՒ-ում մտահոգող է ձգձգվող դեզադապտացիոն, իրավիճակային ռեակցիաները ինքնավնասումներով: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ոչ միայն բուժծառայության, այլև զորամասերի հրամանատարության, ԱՀՏԱ գծով տեղակալների, զինկոմիսարիատների խնդիրը: Համատեղ աշխատանքի շնորհիվ` կարողացել ենք կանխել մի շարք բարդություններ: Նորակոչիկը, մտնելով զորամաս, շատ հաճախ չի կարողանում հարմարվել նոր իրավիճակին, և այստեղից էլ մարդու մոտ զարգանում է դեզադապտացիոն վիճակ, որը սուր աստիճանում հղի է ինքնավնասումներով, փախուստներով: Իրավիճակային ռեակցիաները դրանով են նաև պայմանավորված: Եթե մեր համատեղ աշխատանքը լինի կոնկրետ, հետևողական, բավականին կնվազեցնենք վերոնշյալ թերությունները: Սա ոչ թե բուն հոգեկան հիվանդության խնդիր է, այլ իրավիճակի: Ստեղծված իրավիճակը զինվորին հասցնում է մինչև հոգեբուժական բաժանմունք: Ասեմ նաև, որ զինվորի համար մեկ այլ տրավմա է այդ բաժանմունքում հայտնվելը: Մեր իրականության մեջ այդ երևույթը բոլորովին այլ կերպ է ընկալվում: Զինվորը կոտրվում է: Այստեղ մենք լուրջ ու հետևողական աշխատանք ենք տանում, բարոյահոգեբանական լուրջ մոտեցում ցուցաբերում` լրացնելով դպրոցից եկած բացթողումը: 2008 թ. ամփոփելով` կարող ենք ասել, որ հոգեբուժական հիվանդությունների առումով բավականին տեղաշարժ ունենք: Վերլուծելով 2009 թ.-ի հունվար-փետրվար ամիսների արդյունքները` արձանագրել ենք` այսօր կրճատվել են անհարմարվողականության, ինքնավնասումների դեպքերը: Եթե նախկինում հոգեբուժական բաժանմունքում պառկած հիվանդների 60-70 % հոսպիտալացվում էին վերոնշյալ դեպքերում, ապա այսօր դրական առումով նկատելի աճ է արձանագրվել: Նման արդյունք երբևէ չենք ունեցել: Մեր մյուս առաջնահերթ խնդիրներից է կայազորային հոսպիտալի շենքային պայմանների բարվոքումը: Շենքը բավականին հին է, գտնվում է կիսավթարային վիճակում, ինչը որոշակիորեն խանգարում է մեր ծառայություններն իրականացնելիս: Այս տարի շենքի վերանորոգման համար գումար է հատկացվել: - Իսկ կայազորային հոսպիտալի` անհրաժեշտ սարքավորումներով վերազինումը, բարձրակարգ մասնագետներով համալրումը գոհացնո՞ւմ է զինծառայողներին: - Մեր ռազմաբժշկական ծառայությունն այնքան հզոր է, որ շատ հաճախ մեզ դիմում են նաև տարբեր կազմակերպություններից: 2008 թ. մեր դեղորայքային ապահովվա ծությունը եղել է բավարար, հոսպիտալն անհրաժեշտ բուժգործիքներով, սարքավորումներով համալրված է: Ծրագրի հաջորդ փուլում, երբ ավարտվի շենքի վերանորոգումը, նորագույն սարքավորումների տեղադրումն է°լ ավելի մեծ հնարավորություն կտա, արդյունավետությունը կբարձրանա, մեր բուժսպասարկումն ավելի մեծ ծավալի կհասնի: Ես հրապարակեցի 2008 թ.-ի հիվանդների թվաքանակը և հիմա ուրախալիորեն արձանագրում եմ, որ ոչ մի մահվան դեպք չենք ունեցել: Դա խոսում է մեր բժիշկ-մասնագետների փորձառության, պատասխանատվության մասին: -Զինծառայողների ընտանիքների անդամները հոսպիտալում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն: Եթե կարելի է, մի փոքր մանրամասնեք` ի՞նչ արտոնություններ կամ իրավունքներ ունեն նրանք: -Համաձայն վերադաս հրամանատարության որոշման` զինծառայողների ընտանիքների անդամները մեզ մոտ ստանում են անվճար բուժսպասարկում: Գոյություն ունի «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին օրենսդրություն», որով առաջնորդվում ենք: Զինծառայողների ընտանիքների անդամները հիմնականում ուղեգրվում են պոլիկլինիկայի կամ ռազմաբժշկական վարչության կողմից: Նշեմ, որ 2008 թ.-ին սպասարկել ենք 24 հոգու, 34 զինհաշմանդամների, 3 ազատամարտիկի: 2008 թ.-ին ընդհանուր թիվը կազմել է 1629 հիվանդ (շարքային, սպա, զ/ծ-ի ընտանիքի անդամներ, զինհաշմանդամ, զինակոչիկ, ազատամարտիկ): - Գերազանցապես առողջական ի՞նչ խնդիրներ ունեն զինվորները, նորակոչիկները հաճա՞խ են դիմում` բուժօգնություն ստանալու: - Եթե 2008-ին հիվանդների մոտ գերակշռել է դեզադապտացիոն վիճակը, ապա 2009թ. երկու ամսվա կտրվածքով համատեղ ջանքերի շնորհիվ մեծ արդյունքների ենք հասել: Այս կարճ ժամանակաընթացքում կտրուկ նվազել են ինքնավնասման դեպքերը, ինֆեկցիոն հիվանդությունները: Նախկինում նորակոչիկների հետ կապված այս խնդիրն էր կարևոր ու հուզող: Հավաքակայանում իրականացվող պատվաստումների շնորհիվ` հիվանդության դեպքերը կտրուկ նվազել են: Զորամասերում բազմաթիվ խնդիրներ լուծված են, հետևաբար նվազել են հիվանդությունների բռնկման դեպքերը: Սա համատեղ մեծ աշխատանքի արդյունք է: Մեր կողմից, ռազմաբժշկական վարչության կողմից շրջաբերականներ են ուղարկվում զորամասեր` ջերմային ռեժիմի, սննդի ճիշտ կազմակերպման, նորակոչիկների հետ տարվող տարբեր աշխատանքներ իրականացնելու համար: - Երբեմն լինում են դեպքեր, երբ ֆիզիկական թերություններ ունեցող երիտասարդները հայտնվում են զորամասերում: Ֆիզիկական լուրջ թերություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան ի՞նչ քայլեր Են ձեռնարկվում: - Տարածքային զինկոմիսարիատներում գործող բժշկական հանձնաժողովները պատասխանատու են այդ առումով, ինչու՞, որովհետև ամեն մի սխալ զորակոչ անդրադառ նում է տվյալ զինկոմիսարիատի որակի ցուցանիշների վրա և իրավաբանական առումով պատասխանատվություն է կրում սխալ զորակոչի դեպքում: Եթե թերություններ ունեցող երիտասարդը զորակոչվել է բանակ, ուշ թե շուտ դա երևալու է, կուղարկվի համապատասխան փորձաքննության: Եթե պարզվեց, որ զորակոչը սխալ է, համապատասխան անձինք ենթարկվում են պատասխանատվության: Հավաքակայանում մեր մասնագետներից կազմված բժշկական հանձնաժողով է գործում, որոնք մեկ անգամ ևս ստուգում են կատարում: Կասկածելու դեպքում նրանք կարող են ետ վերադարձնել նորակոչիկին` լրացուցիչ քննություն անցկացնելու: Առաջներում ավելի շատ են եղել թերի հետազոտության դեպքերը: Այսօր ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որ ինչ-որ տեղ ծնողի անհանգստությունը պատճառաբանված է: Կա մտահոգություն, բայց ամեն ոք պետք է քաջ գիտակցի` ինչ պարտավորություն ունի: Շատ դժվարություններ ենք հաղթահարել, իսկ այդ ճանապարհին փորձություններն ինքնաճանաչման ու ինքնադրսևորման ուղի մղեցին: Ունենալով առողջ զինվոր` կունենանք հզոր բանակ: Յուրաքանչյուրս պարտավոր է մի շիվ տնկել մեր հզորության համար...

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ