Սիրավի «Ժայռը» ՈՒՇԱՑԱԾ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ, ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆՆԵՐ


«Վարպետի ստեղծագործությունները ապրում են իրենց կյանքով, հավերժացնելով միտքը: Արդյո՞ք կարողանում ենք մենք գնահատել մեր մեծերին: Կարծում եմ, գնահատման միակ չափանիշը դա մեր սերն է և ժողովրդի հավաքական հիշողությունը: Արժանի լինենք մեր վարպետի ժառանգությանը»: Նկարչի տան մեծ ցուցասրահի «ժայռեղեն» բովանդակությունը պատկառանք է ներշնչում Հայաստանի սիրով կրակված արվեստագետի («Ինչ որ Աստված ինձ տվել է` խելք, աշխատասիրություն, գիտելիքներ, այս ամենով ես միշտ երազել եմ արտահայտել իմ սերը Հայաստանի հանդեպ… Եվ ես որդիական մեծ նվիրումով նկարել եմ իմ երկրի մասին իմ աղոթքը և տպավորությունները` անմնացորդ, մինչև վերջ»:) լեռնաշունչ ազատատենչության ու խրոխտ հպարտության հանդեպ` պարզ ու խստահայաց ընկալմամբ խորհրդանշելով հայրենի հողի և նրանից սերած շնորհաշատ հայորդու անանջատ հոգեհարազատությունը: Հայաստանի վրձնակերտ իրատեսական հեքիաթի գլխավոր հերոսի կերպավորմամբ առանձնակի կարևորված Շորժայի ժայռը, գունաժամանակային տարընթերցմամբ, յուրատիպ դիմանկարն է դառնում Հենրիկ Սիրավյանի : Մեծն Սարյանի ամենաուշիմ ու հավատարիմ աշակերտի, ով Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա Գեղարվեստաթատերականի գեղանկարչության բաժնում մասնագիտական կրթություն ստանալուց հետո 8 տարի աշխատելով Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, իր իսկ անկեղծ խոստովանությամբ, կայացավ որպես նկարիչ. «Պատանեկան տարիներից ես մի անմեղ երազանք ունեի` ունենալ Ուսուցիչ: Որը և դարձավ Սարյանը: Մեր միջև ծագած հոգևոր մտերմությունը իմ կյանքն է: Նա ինձնից նկարիչ կերտեց` իմ մեջ ներարկելով իր հոգու մասնիկը»: Մինչ Սարյանի ղեկավարությամբ «Հայաստան» եռապատկերներն իրականացնելը Սունդուկյանի անվան թատրոնի (5x25 մ, փայտ, յուղաներկ) և Հայֆիլհամոնիայի փոքր դալիճի (4x6 մ, վիտրաժ) ճեմասրահներում, Լ. Ա. Դուրնովոյի ղեկավարած նկարիչների խմբով մասնակցել էր Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին, խմբակային մի շարք ցուցահանդեսների և արդեն ՀՆՄ անդամ էր: Բայց մասշտաբային մտածողությունը նրա ստեղծագոր ծության անբաժանելի մասն է սկսում դառնալ սարյանական համագործակցության արդյունքում: Միջազգային տասնյակ տոնավաճառների հայկական տաղավարների նրա մասնակցությամբ արված լավագույն ձևավորումները արժանանում են արվեստագետ հանրության հատուկ ուշադրությանը և բարձր գնահատվում. ոսկե մեդալ` Դելիում, «Գեղեցկության աստվածուհի»` Բարսելոնայում, Մեծ մրցանակ` Փարիզում… Դիմանկարչական ուրույն վարպետությունը նկատվում է դեռևս 1962-ին, Համամիութենական երիտասարդական մոսկովյան ցուցահանդեսում ներկայացրած Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարաշարում: Ծննդյան 80-ամյակի առիթով փոքր-ինչ ուշացումով կազմակերպված այս անհատական ցուցահանդեսի այցելուներին մարդկային նկարագրերի խորքերը պեղելու Սիրավի օժտվածությունն ակնհայտ է դառնում Սարյանի, Չարենցի, Վիլյամ Սարոյանի, Սերգեյ Փարաջանովի, Հրանտ Մաթևոսյանի, իր զավակների և կնոջ դիմանկարներով: Ամենատպավորիչն, անշուշտ, մշտապես ողբերգակոթող մարմնավորմամբ մատուցվող զվարթաժպիտ Կոմիտասն է, որից հայացքդ անկարող ես լինում շուտով հեռացնել: Հենրիկ Սիրավյանի մեծածավալ վրձնահպումներով գեղանկարչական գրավչություն էին ստացել Հրազդանի շրջանի Քախսի գյուղի, Բջնիի Մշակույթի ակումբները, ՀԳՄ և ՀԵԸ ճեմասրահները, Գլաձորի համալսարանի 700-ամյա հոբելյանը նշանավորող Եղեգնաձոր քաղաքը. «Հինգի ցուցահանդես»-ներով անունը դուրս էր եկել Հայաստանի սահմաններից և արժանացել էր վաղուց վաստակավորի կոչման (1977 թ.), երբ բացվեց անհատական ցուցահանդեսը: Նկարչի տանը հավաքված գործընկերները նույնիսկ զարմացել էին, որ համընդհանուր ճանաչում գտած Սիրավը 65 տարեկանում է առաջին անգամ առանձին ներկայացվում արվեստասերներին: Լի ստեղծագործական եռանդով` նա փառքի ետևից չէր վազում: Սեփական ձեռագիրն էր հղկում` սովորելով բնությունից, իր անգերազանցելի Վարպետից ու մեծանուն հսկաներից` Էլ Գրեկոյից, Գոյայից, Ռուբենսից, Վերմերից, Ռեմբրանդտից, Պիեռ Բոնարից… Նկարակալն ու մյուս անհրաժեշտ պարագաներն ուսած շրջում հայկական բնաշխարհում` հատկապես տարվելով Գառնիով ու Սևանով: Իրեն հուզած առարկաներն ու երևույթները խորապես հետազոտում` մանրակրկիտ իմաստավորելով դրանց առեղծվածային էությունը օրվա և տարվա ամենատարբեր պահերին: Ահա թե որտեղ պետք է փնտրել թեմատիկ թվացյալ կրկնությունների բացահայտման, սեփական ներաշխարհի երևակման խորհրդանիշ դարձած ժայռերի, հրաշք ծառերի, աղուտներում կանաչած թփերի առատության բանալին: Հոբելյանի առիթով լույս ընծայված կատալոգում կարդում ես Սիրավի «Ժայռի» նրա իսկ հակիրճ նկարագրությունը և աննկատ կենդանանում է ոչ միայն բնության քարակերտ զանգվածը, այլև ինքը` իրականության ինքնահատուկ բանաստեղծական դիտողունակությամբ անշփոթելի արվեստագետը. «Այս ժայռն ինձ համար կախարդություն է, խորհրդավորության մի ամբողջ հավաքական կերպար… Այս ժայռն իմ տաճարն է` կյանքիս ուժը և նպատակը: Այս ժայռը միայն ինձ է հավատում, և ես իրեն եմ ապավինում: Քարի արևմտյան մասն առավոտյան ինձ համար երևում է որպես սֆինքս, երեկոյան` որպես խաչքար…»: Եվ Հայաստանի ժայռաշեն բնության հետ ներքին երկխոսություն վարող այս նկարիչը տասնյակ հարյուրավոր բնապատկերներ է վրձնում` փորձելով ներթափանցել իր ժողովրդի բնակավայրի, տան, հոգու խորխորատները և փոխանցել տեսածն ու զգացածը ուրիշներին, կենտրոնացնել ուշադրությունը արտաքուստ անհրապույր միջավայրի ուրույն գեղեցկության վրա: ՀՆՄ մեծ ցուցասրահի հետաքրքրասեր այցելուներին հյուրընկալ ջերմությամբ են շրջապատում Հենրիկ Սիրավյանի կինն ու զավակները` դյուրությամբ ճանաչելի` ներկայացված դիմանկարներից և նրանց հարազատացած աշխատակցուհին ու գործընկերը` Մարգարիտ Փարեմուզյանը: Անձնական կյանքի խնդածիծաղ դրվագների նրանց պատմություններով միանգամայն հավաստի է դառնում նկարչի մարդկային տեսակին Ալեքսանդր Գրիգորյանի տված բնորոշումը. «Եթե գոյություն ունենար մարդկանց համար «Կարմիր գիրք», ապա Հենրիկ Սիրավյանը իր հաստատուն տեղը կունենար այդ գրքում»: Հմայիչ, խելացի, ծաղրասեր և սրամիտ Սիրավի աներևույթ ներկայությունը գնալով թանձրանում է, երբ մասնագիտությամբ մանկաբույժ տիկին Կատյան կենսախինդ վերհուշով մանրամասնում է իրենց ամուսնական կյանքի հիշարժան դրվագները` գեղանկարչական ցուցահանդեսում առաջին անձնական ծանոթությունից մինչև արագաստեղծ դաշինքն ու խենթուխելառ խնջույքները, օպերային արվեստով տարվածության զավեշտախառն էպիզոդներն ու սեփական ծաղրանկարների ծնունդը, որոնց միակ հերոսն, ի դեպ, սիրելի ամուսինն էր` իր բոլոր տարօրինակություններով: Գեղանկարչության ասպարեզում իր ճամփան հարթող որդին` Գագիկը, մտաբերում է իրենց հարկի տակ տեղի ունեցած անվերջանալի աշխույժ ու մտերմիկ զրույցները հանրահայտ արվեստագետների` Վիլյամ Սարոյանի, Հրանտ Մաթևոսյանի, հոր սերնդակից վաստակաշատ նկարիչների` Գրիգոր Խանջյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Կարեն Սմբատյանի… Բոլորին անհնար է թվարկել: Հիշում է Կոմիտասի, Մոցարտի, Վերդիի, Վագների և ուրիշ երաժշտական հսկաների ստեղծագործությունների հնչյունների անմարելի նվագակցությամբ անցկացրած մանկապատանեկան առօրյան: Եվ պատմում հոր անսահման բեղմնավոր աշխատասիրության իրեն առանձնակի հոգեհարազատ կոնկրետ արտահայտություններից: Երբևէ վրձինը ձեռքից վայր չի դրել Սիրավը: 2001-ին իր մահկանացուն կնքելուց առաջ հասցրել է ավարտել վերջին կտավը` «Մարիամ Աստվածածին»-ը: Պարզվում է նաև, որ հրաշալի ձայն է ունեցել ու երկմտել` դառանալ օպերային երգի՞չ, թե` նկարիչ: Նախընտրել է ստեղծագործական ազատությունը` երգը շուրթերին. «Ավելի լավ է լինել ինքնուրույն և ազատ ստեղծագործող, քան հռչակավոր թութակ»: Եվ` չի սխալվել: Անցնելով գեղանկարչական հիանալի «դպրոց», յուրաքանչյուր նախաձեռնած աշխատանքի գիտական հետազոտությամբ ճշգրտելով մտահղացումը` ստեղծել է հազարավոր տարաբնույթ աշխատանքներից կազմավորված իր աշխարհը` մնայուն տեղ գրավելով հայ կերպարվեստի պատմության մեջ: Ու այսօր էլ ապրում է` աշխարհով մեկ սփռված իր հազարավոր գործերով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ