«...Ուրիշի հոգին վերցնելն անհնար է»


Անցյալ դարի 2-րդ կեսից հայ կերպարվեստի տարեգրության էջերում իրենց անհատական հետագիծը ուրույն ստեղծագործական տեսիլքը հստակեցնող բազմաբազում ուշագրավ արտահայտություն-աշխատանքներով շեշտադրող գեղանկարիչների սերնդի երկու ցայտուն ներկայացուցիչների իրարահաջորդ անհատական ցուցահանդեսներով ՀՆՄ Նկարչի տան այցելուների համար պատկերավոր նորահաստատում է գտնում նրանց հարուստ ժառանգության մնայուն արժեքը: Հենրիկ Սիրավյանով ծավալված անուղղակի գեղարվեստազրույցը շարունակում է Հակոբ Հակոբյանը, ով նրա հետ միասին Դամասկոսի միջազգային տոնավաճառում (1967) զարդարել է հայկական տաղավարը «Հայաստան» պաննոյով, կատարել Գևորգյան ճեմարանի գմբեթի նկարչական ձևավորումը, մի շարք խմբակային ցուցադրություններում ներկայացրել հայ կերպարվեստը: Արդի մեր նկարչաընտանիքի նահապետին վաղուց են ճանաչում ամենքը: Աշխարհի մի քանի տասնյակ քաղաքների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում հանգրվանած նրա ստեղծագործությունները, պահպանելով իրականության յուրատիպ վերարտադրության գեղարվեստական գրավչությունը, մունջ արտահայտչականությամբ պատմում են ապրած ժամանակի հևքում մարդ արարածի ներաշխարհի կրած փոփոխություններից: Զուսպ գծանկարի, մոխրադալուկ գունանկարի ու ինքնաստեղծ կոմպոզիցիոն կառուցվածքի օրգանական համադրությամբ թանձրանում են հոգևոր թշվառացման տխրաշունչ պատկերները` շրջապատող իրերի, ամենասովորական թվացող առարկաների (ասենք, առօրյա աշխատանքային գործիքների կարծրանիստ ենթակայությամբ: Կահիրեի և Փարիզի Գրան-Շոմիե գեղարվեստի ակադեմիաներում բարձրակարգ մասնագիտացում ստացած նրա բնատուր շնորհը, որ ըստ արժանվույն նկատվել ու գնահատվել էր մինչ հասուն տարիքում մայր հայրենիքում հիմնովին հաստատվելը, օրինաչափորեն պիտի զարգանար իր ժողովրդի պատմական ճակատագրի ապրված կենսալիցքերի գենետիկ ուղղորդմամբ: Եվ վարպետացման բյուրեղացմանը համընթաց անշփոթելի տարբերակման կայուն հենքը դառնար հեղինակած գործերի, անկախ կերպարվեստի համաշխարհային գանձարանի տարատեսակ գեղագիտական դրսևորումների անմիջական ներգործության անդրադարձումներից այս կամ այն կոնկրետ ստեղծագործական փուլերում: Առանց տաղանդավոր նախնիներիդ փորձը ուսումնասիրելու և յուրացնելու չես կարող գտնել սեփական կայացման ճանապարհը: Այս անհերքելի իրողությունը Հակոբ Հակոբյանը յուրովի է ընդունում. «Ստեղծագործողն, իհարկե, կարող է ազդեցություններ ունենալ կամ օգտվել ուրիշին հատուկ ձևերից, բայց ուրիշի հոգին վերցնելն անհնար է»: Այս համոզմունքի խոսուն հավաստիքներն են ժողովրդական նկարիչի 85-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված այս անհատական ցուցահանդեսի տարանյութ նմուշները, որոնցում գերակշռում են վերջին շրջանի հորինվածքները` արված արտաքուստ պրոզայիկ ու արտասովոր խորհրդանշական իմաստավորումներով, բնության ու մարդու տարանցիկ փոխազդեցությունների անանջատ համադրությամբ: Միտումնավոր չեմ մանրամասնում հպանցիկ տպավորություններս ցուցահանդեսից. Հակոբ Հակոբյան անունը վերծանման կարիք չունի արվեստասեր հանրության համար: Արվեստագետի ստեղծած աշխարհին անմիջականորեն հաղորդակցվելու համար ինքներդ այցելեք Նկարչի տուն: Ինձ համար այս առումով առանձնակի նշանակալիցը արվեստաշող անակնկալն էր, որի անսպասելի խանդավառությամբ համակվեցի մեծ ցուցասրահի շեմքից ներս մտնելուն պես. ՀՀ վարչապետը և մշակույթի նախարարը Վարպետի ուղեկցությամբ շրջում էին կտավից կտավ, խորամուխ լինում մետաղե և մարմարե բազմածավալ կոմպոզիցիաների ներփակ բովանդակության նրա պարզաբանումներում` անտեսելով իրենց բազմազբաղ աշխատանքային առօրյայի սեղմօղակը: Անսեթևեթ հարգանքը արվեստի բազմամյա մշակի հանդեպ մոտալուտ ապագայի պայծառացման հույս է ներշնչում, և ինքնաբուխ մղվում եմ դեպի բարձրաստիճան այցելուները: Խնդրում եմ իր բարեկրթությամբ համակրանքիս վաղուց արժանացած Տիգրան Սարգսյանին գրավոր կիսել տպավորությունը: Սրտանց ափսոսում եմ, որ նախօրոք պայմանավորվածությամբ ստիպված եմ շտապել «Արմմոնո-VII»-ի հերթական ներկայացմանը: Մի պահ կարկամում եմ և, թողնելով աշխատանքային նոթատետրս ու գրիչս, այնուամենայնիվ հեռանում: Վերադարձիս գտնելով խնդրանքիս սիրահոժար իրագործման պերճախոս վկայությունը` հեռակա երախտագիտության երանելի զգացողությունս անկարող եմ լինում զսպել: Եվ որոշում եմ հոբելյանական այս ցուցահանդեսների անդրադարձս ամբողջացնել ինձ համար ընդհանրացնող թևավոր խոսքի արժեք ունեցող նրա գնահատությամբ,որն, ըստ իս, կարելի է անվերապահորեն վերագրել թե Հակոբ Հակոբյանին, թե Հենրիկ Սիրավյանին: Ահա և շարժառիթը այս էջի կենտրոնում հանպատրաստից ծնված պաշտոնական կարծիքի առանձնակի շեշտադրման:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ