ԱՊՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ


Պոեզիան չի ծնվում անակնկալ և հենց այնպես` թեթև գրչի շարժումով, քանի որ բանաստեղծները ոգեշնչվում են շրջապատող աշխարհի նմանությամբ, քանի որ բանաստեղծությունը դառնում է զրույց ընթերցողի հետ և հեղինակը ասելիքը բխեցնում է իր օրերի պահանջներից ու մտահոգություններից` նրա հիմքում պահպանելով ժողովրդական ակունքներից եկող խոսք ու խորհուրդը£ Լինում են ժամանակներ, երբ ստեղծագործողների կյանքը լիցքավորվում է անիմանալի լույսով, վառվում է միտքը, բազմապատկվում եռանդը£ Այս տպավորությունը ստացա, երբ ընթերցեցի բանաստեղծ« թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի «4-ը ապրիլի» (1992), «Անառակ որդին» (1996), ապա` «Իմ սիրտը լեռներում չէ» (2004) բանաստեղծությունների ժողովածուները£ Նրա ստեղծագործությունների առանցքում մարդն է` իր դարի ջիղը բռնած, չաղավաղված, չեղծված նկարագրով, օրերի անմիտ հոգսերի բեռան տակ հոգու կրակն անթեղած£ Կյանքի փիլիսոփայական իմաստավորման և բացահայտման մեջ, մարդկային-բարոյական չափանիշների հաստատման մեջ բացառիկ է գրող-արվեստագետի դերը, որի հասարակական ու քաղաքացիական առաքելությունը արժևորվում է նրա ստեղծածի մարդագիտական և բարոյական նշանակությամբ£ «Իմ սիրտը լեռներում չէ» (2004) ժողովածուն ամփոփում է Հախվերդյանի ԱՄՆ-ում գտնվելու տարիների խոհերն ու մտորումները£ Ժողովածուի քնարական հերոսը ինքը` բանաստեղծն է` կանգնած զարգացող քաղաքակրթության խառնարանի ճիշտ կենտրոնում` որպես «դյուրախոց թիրախ». Որին շարունակ պիտի խոցոտեն Եվ աստվածները հզոր ու չարակամ Եվ մարդուկները ճճվային գանգով… Բայց ահա եկել Խրտվիլակի պես խրվել եմ այստեղ, Այս քավարանում…£ Կյանքի «խորխորատը» նետված անհատի, (որ մտավորականն է այստեղ), հոգեբանական դրաման է հյուսվում ամեն օր ապակե քաղաքի` երկինք մխրճված երկնաքերների ներսում, ուր ամեն առավոտ «5£30-ին» ավերված երազների մահվան«Free way -ներով» զուսպ և քաղաքակիրթ գոռում է. This site is full... This site is full... Օտար քաղաքի` Glandale-Downtown L.A (394 ավտոբուսային երթուղի) համապատկերում «մարդկային միաբջիջ ցեղի» անսահման լկտիության հասած կենսակերպն է լուսաբանում Էդուարդ Հախվերդյանը և ջղաձիգ սրտով վերհիշում «ամենաանարյուն մահերը»` ճամփորդությունը Դանտեի` «քավարանից Downtown//, Downtown-ից քավարան», անտարբեր ու անհոգի իրականության մեջ սեփական մաշկին փորձարկելով` Խաչելություն` առանց խաչի, Ցեղասպանություն` առանց արյան, Գաղթ` առանց թշվառության, Թռիչք` առանց բարձունքի, Սեր ` առանց կնոջ, Կյանք` առանց ապրելու Մահ` առանց մեռնելու£ Այս դեպքում, երբ անկարող ես այլևս ինչ-որ բան ասել, երբ ընթացքդ դեպի «ՈՉԻՆՉ» է տանում, և ուղիդ էլ «ՈՉԻՆՉ» չի խոստանում, այլևս զուսպ ու քաղաքակիրթ վարվեցողության ժամանակը չէ, այլ քաղաքի ու դարի հորձանուտում ժամանակի ողնաշարին մի կերպ կառչած անհատը «ամենաշքեղ գաղթականության» ճիրաններում թպրտալով` վայրագորեն պիտի գոռա` Իմ սիրտը լեռներում չէ… Լեռներն են իմ սրտում…: Ու հետո օտար ափերում դեգերող հայի ողբերգության դրաման պիտի բացահայտի հաջորդ քերթվածում , նստի ու զրուցի Դանտեի, Էլիոթի, Ֆարրոխզադի և…ընթերցողի հետ` («Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր, ի՞նչ աշխարհամաս…»)£ Գրողի հայացքը շրջվում է դեպի ներս, նա պատմությունը կապակցում է ասելիքին` սյուժետային սուր անցումներով և հոգեբանական խոր ներթափանցումներով. Ամենօրյա հրաշքները մեծ Տաղտուկ են բերում Ճահիճում ապրող գիշակերներին: Ներբնագրային տրոհվածության հատկանիշը առանձին պատումներով ներկրում է ճակատագրերի մասնատվածության բնագիրն ու ընթերցումը դարձնում ժամանակի վկայագիր այնպիսի համատեղությամբ, որ ներըմբռնելի է միայն եղելության փիլիսոփայական տիրույթում. Ես տեսա Համբույրից հյուսված Պարանը ճոճվող Եվ մարմինը քո` Արևածաղիկ£ Իսկ ժամանակը… Իսկ ժամանակը անսեռ իր ձայնով Միայն մի բան է շշնջում հիմա ԱՆՈՐՈՇՈւԹՅՈւՆ… Եվ ապա` աշխարհի ընկալումը, կյանքի ընկալումը, այստեղ` «հրեշտակների» անհրեշտակ քաղաքում (LA) գոյավորվում է ապրելու խորհուրդ որպես` Ծառի բողբոջը ինձ հուշում էր ապրելու մասին Թաղվող հատիկը ինձ հուշում էր ապրելու մասին, Կանգուն ժայռը, գլորվող քարը Ինձ հուշում էին ապրելու մասին: Կյանքի աններդաշնակության մեջ ծավալվում է բանաստեղծի ճակատագրի և իրականության հակադրության ներքին դրաման£ Իրականության թանձրամարմին ներկայութ յունը սարսափ է ծնում` ներկայացնելով մերկապարանոց ժամանակի ժանիքները` Մենք գայլեր ենք անհոգի, Տեր, աղոթիր մեզ համար… Սեփական ինքնության նահանջի զգացողությունը շարունակվում է թե° քերթվածի հետագա ծավալումներում, և թե° հետագա գործերում, և իրենով, ըստ էության, գծում այն համապատկերը, որի մեջ մարդն է և իր իրականությունը` իբրև մշտական ընթացքի մեջ գտնվող նահանջի վերապրում. Վերջապես կապեցի Բեռնակրի լայն մեջքագոտին. Ու իջա Downtown... Օ¯, Աստված իմ, Որքան ծանր են Բառերը Օտարության մեջ… Ճակատագրի երկփեղկվածությունն ու անորոշության աննահանջ զգացողությունը բանաստեղծին առնչվում են իրականության երկու եզրով` ներսի ու դրսի` տարածքները լցնելով աստիճանական բեկումների անընդհատական հյուսվածքներով, երբ անհատն ինքը խոցելի է, երբ մարդն ինքը դարձել է թիրախ` Որտե՞ղ թաքցնեմ տագնապներս. Երբ քամին ցրել է թերթերս բոլոր. Եվ օրը, ՄԵրկ դաշույնի պես Փայլատակում է նորից իմ դիմաց… Այսօր հարվածը ու՞ր է դիպչելու… Կյանքն է սա, որը ճակատագիր է, որ և° կա, և° չկա, և° իրական է, և° անիրական. քնարական հերոսն ինքը անցնում է իր կենսագրության միջով, որի չափաբերված լռությունը դառնում է կարծես ավազե ժամանակացույցից թափվող ժամանակ և ձգվում է դեպի տիեզերք. Դեռևս Հիասքանչ է ծաղիկն արևի Դեռևս հիասքանչ է Առասպելը կնոջ Եվ խոտը Բերանքսիվայր պառկելու համար…: Տիեզերական ժամանակի մեջ, սակայն, հիշողության «ծանր հևք» կա «ֆոսֆորափայլ ալիքների», և դատարկություն մի, որի սահմաններում Լոս-Անջելեսի անջատ ու դատարկ գետահուներն են` լռության մատնված մարդկային ճակատագրի հղացք որպես` Եվ գալիք անձրևաջրերը Անմխիթար են… Ես քայլում եմ քաղաքի միջով… Մոլորակի վրա ծանրացած տագնապների թանձր մշուշը, ամերիկյան միջավայրը, մարդկային անփառունակ հարաբերությունները, աղետները, արհավիրքները, բոլոր վտանգավոր «չի կարելի»-ները, տարբեր դավանանքները, փողոցները, խանութները, օդանավերը, Ամերիկայի թելադրած «բարոյական» պարտքն ու առաքելությունը` աշխարհում ժողովրդավարություն և ազատություն հաստատելու գործում, այս ամենը ստեղծում են ապականված այն միջավայրը, որից ծնվում է տագնապը և անակնկալ ու վտանգավոր դիտումների տանում, «օտար»-ի ընկալումը դարձնելով քերթվածք` քննության առարկա` գիտակցում£ Իսկ թռչունը Որպես մաքուր գեղեցկություն` Բոլոր տագնապներից բարձր, Կապույտ եթերում Ճախրում է թեթև Եվ մերթ ընդ մերթ Ծրտում է£ Մարդկային բոլոր տագնապների գլխին: Քաղաքակրթութան մեծ շղթայի փոքրիկ օղակներից մեկն է մարդը, որի ջլատված էությունը ձգտում է անընդհատ ինքնահաստատման և ամբողջացման£ Հոգևոր արժեքների կորուստը, որը նաև մարդու ներքնաշխարհի, էության կորուստ է, դառնում է օրապահանջ երևույթ£ Աշխարհի և իր` մարդու միջև առաջացած այս պառակտվածությունը վերականգնելու ձգտումը աղտոտված և ճահճացած իրականության մեջ մարդուն մարդ պահելու ցանկության հետ դառնում է կեցության գաղտնագիր, որ մղում է մեզ անընդհատ դեպի մեր հանելուկային կերպի լուծումը, դեպի ապրելու խորհուրդը, բայցև` մնում ԱՌԵՂԾՎԱԾ£ Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Բ.գ.թ., դոցենտ