«Կրեմլի ձեռքը»` Կիևի փողոցներում


Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում հայտնված` նախկին ԽՍՀՄ պատկերով գովազդային վահանակները զանազան ենթադրությունների առիթ են դարձել: Իսկ լրատվամիջոցները դա համարում են Մոսկվայի «ձեռքի գործը»: "ԺպսՏ" թերթը, օրինակ, կարծիք է հայտնել, թե նման գովազդի համար առիթ է հանդիսացել «Նախագիծ` Ռուսաստան» մատենաշարի 3-րդ գրքի լույսընծայումը: ՌԴ քաղաքագետ Դմ. Գուսևը, սակայն, պնդել է, որ այն ընդամենը մի մասն է - քաղաքական նախագծի, որը մշակված է և օժանդակվում է Ռուսաստանի նախագահի վարչակազմի ու ռուս գործարարների կողմից, ովքեր ցանկանում են իրենց հետաքրքրություններն առաջ մղել Ուկրաինայում: Նա հավելել է նաև, որ արդեն իսկ ծրագրի իրագործմանն «օգնում են» Ուկրաինայի քաղաքական ու տնտեսական առանձին ուժեր: Քաղաքագետը, սակայն, չի մանրամասնել, թե հատկապես ովքեր: «Ինքնօրինակ» նմանակում Ուկրաինայում որոշում են մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, վերացնել Ազատարար զինվորի հերթական հուշարձանը: Երկու տարի առաջ այդպես վարվեցին Տալլինում. այս տարի որոշել են` Լվովի մարզում: Ստրիյա ավանի տեղական խորհրդում հուշարձանին պատերազմ է հայտարարել «Ազատություն» ազգայնական խմբակցությունը, որն էլ համաուկրաինական ակցիա է սկսել` «Կորչե°ն տոտալիտարիզմի հուշարձանները» կոչով: Ըստ նրանց` խորհրդային դարաշրջանի կոթողները «բացասական ազդեցություն են ունենում ազգային ինքնագիտակ ցության ձևավորման վրա, նսեմացնում են ուկրաինացիների պատիվը և այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհվել են Ուկրաինայի ազատության համար զավթիչների դեմ պայքարում»: Խորհրդային կարգերի դեմ պայքարի ժամանակները վաղո¯ւց են անցել, բայց կռիվ տալ սեփական ժողովրդի` հարազատ հայրերի, եղբայրների հիշատակը հավերժացնող կոթողների դե՞մ. ի հեճուկս ո՞ւմ: Հուշարձանները դեն նետելով, պատմության այդ է՞ջը ոնց են պատռելու: Մարդկության ամենամեծ դժբախտություններից մեկն էլ այն է, որ նման բարբարոսություն որոճացողները համախոհներ ու հետևորդներ են ունենում, և հարցնող չի լինում` ի՞նչ կասեիք, եթե ձեր հարազատի շիրմաքարը հանկարծ ինչ-որ մեկին դուր չգար… Իվան ահեղը կմնա Ամերիկայում Գերմանիայի դատախազությունը պահանջում է իրեն հանձնել զինվորական հանցագործ 89-ամյա Իվան Դեմյանյուկին: Ծագումով ուկրաինացին այնտեղ պետք է պատասխան տա` լեհական Սոբիբոր մահվան ճամբարում կատարած ոճիրների համար: ԱՄՆ-ի Վերջինիայի ներգաղթային դատարանը` վճիռ է կայացրել ժամանակավորապես կասեցնելու նրա արտաքսումը Գերմանիա: Ամբաստանյալն էլ հասցրել է բողոքարկել` ընդդեմ արտաքսման և Ամերիկայում կմնա` մինչև իր հարցի քննարկումը: Նացիստ հանցագործի փաստաբաններն այսօր անհանգստանում են նրա առողջության համար, մինչդեռ ինքը ժամանակին չի խնայել մարդկանց: *** Նախաքննության վարկածներով` Համաշխարհային 2-րդ պատերազմի տարիներին նա ծառայել է մահվան ճամբարում, որտեղ միայն 1943 թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին սպանվել է 29 հազար մարդ: Դեմյանյուկը գազախցիկներ է ուղեկցել կալանավորներին և իր առանձնահատուկ դաժանության համար ստացել Իվան ահեղ մականունը: 1952-ին նա փախել է Ամերիկա` Օհայո նահանգ և 4 տարի անց քաղաքացիություն ստացել: 1977-ին բացահայտվել է ֆաշիստների հետ համագործակցության փաստը և դատաքննություն է սկսվել նրա դեմ: 5 վկաներ ճանաչել են նշանավոր սադիստ Իվան ահեղին, և նա հանձնվել է Իսրայելին: Ցուցմունքների համաձայն` նա սվինով կտրել է կալանավոր կանանց ստինքները, հրամայել է բռնաբարել 12-ամյա մի աղջնակի… 1988-ին Ջոն դարձած Իվանը մահվան է դատապարտվել` կախաղան բարձրացվելու: Սակայն գերագույն դատարանը փոխել է այդ վճիռը` թե իբր ապացուցված չէ, որ Դեմյանյուկը նույն ինքը` «Իվան ահեղն» է: Վերադառնալով Նահանգներ, 1966-ին նա կրկին քաղաքացիություն է ստացել, բայց 2002-ին նորից զրկվել է դրանից: Դեմյանյուկն, իհարկե, հերքում է իրեն առաջադրվող մեղադրանքը` ասելով, որ ինքը ծառայել է Կարմիր բանակին, 1942-ին գերի ընկել: Այնուամենայնիվ, ամենաորոնվող նացիստական հանցագործների ցուցակում Իվանի անունը 2-րդն է: 17000-ամյա ակնթարթ Chandra ուղեծրային աստղադիտարանի ռենտգենյան աստղադիտակով կատարված` անպատմելի գեղեցկության լուսանկարներ են հրապարակել NASA-ի մասնագետները: PSR B1509-58 ոչնչացնող աստղից առաջացած ընդլայնվող մշուշը նման է եղել հանելուկային կրակներին մեկնված մատներով հսկա ձեռքի: PSR B1509-58-ը մեռնող աստղ է կամ պուլսար, որն իր նմանների պես արագ պտտվում է և վերականգնում իրենից պոկվող մասնիկները: Դրա մագնիսական դաշտը 15 միլիոն անգամ ուժեղ է Երկրի դաշտից, և շարժվելով լիցքավորված մշուշի միջով, էլեկտրոնները շրջապատող գազին «մղում» են լուսարձակել ռենտգենի մեջ: Գեղագիտական պատկեր դարձած այդ պուլսարը Երկրից հեռու է 17 հազար լուսատարի. ասել է թե` պատկերված զարմանահրաշ պահը տեղի է ունեցել 17 հազար տարի առաջ, ինչը սակայն մարդիկ կարողացել են տեսնել հիմա: