Մարդապատճենները շրջում են Եվրոպայում


Այո, այո, խոսքը կլոնների մասին է, որոնց իտալացի գինեկոլոգ Սևերինո Անտինորին կյանք է պարգևել դեռևս 9 տարի առաջ: Oggi հանդեսին տված հարցազրույցում նա բարձրաձայնել է, որ իր մարդապատճենած 3 երեխաներն հիմա ապրում են Արևելյան Եվրոպայում: - 9 տարի առաջ առողջ ծնված մեկ աղջիկն ու երկու տղաները հիմա էլ առանձնանում են իրենց գերազանց առողջությամբ,- հավաստիացրել է նա: Անտինորին իր մեթոդը կլոնավորում չի համարում, այլ օգտագործում է «գենետիկ նախակոդավորում» և «նորարարական թերապիա» արտահայտությունները: Դոկտորը բուժաշխարհում ճանաչվեց հատկապես իր հաջող այն գիտափորձից հետո, երբ 63-ամյա կնոջն օգնեց` արհեստական բեղմնավորմամբ մայր դառնալ: 2003-ին նա հացադուլ հայտարարեց` բողոքելով, որ Վատիկանն ու իշխանություններն արգելում են կլոնավորումը: Իր նման փորձերի դեմ հալածանքները նա համարում է հարձակում գիտության ազատության դեմ: Նա տարիներ առաջ նաև հայտարարել է, որ Ռուսաստանում նույնպես կան 2 կին, ովքեր հղիացել են այս ճանապարհով: