ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ «ՊՈՐՏԸ» ՏԵՂՆ Է ԴՆՈՒՄ 


 

«Եվրոպացի լինել` չի նշանակում դեմոկրատ լինել և իրավունք ունենալ բոլորին խելք սովորեցնել»,- այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին` ի պատասխան Եվրախորհրդի 20 պատգամավորի` Վրաստանին ուղղված նամակին:

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել էին վրացական իշխանություններին` դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու և Միխեիլ Սահակաշվիլուն չաջակցելու համար: Իսկ ահա պետության վարչապետը շատ համարձակ գնահատական էր տվել Եվրախորհրդարանին` հասկացնելով, որ ժամանակն է, որպեսզի շատ եվրոպացիներ իսկապես հարգանքով վերաբերվեն մյուս երկրներին և չստանձնեն դաստիարակի դերը:

Իվանիշվիլու այս հայտարարությունը, թերևս, հետխորհրդային տարածքից հնչող առաջին կտրուկ խոսքն է, որն ուղղվում է Եվրախորհրդարանին` մի կառույցի, որը շատ վաղուց հեղինակազրկվել և երբեմն դարձել է որոշ ուժերի ու տերությունների հանձնակատարը:

Վրաստանի նոր իշխանություններն, առհասարակ, այնքան էլ հակված չեն դեպի Եվրոպան ու եվրոպական «ցուցումները», քանի որ շատերն են այսօր այդ պետության անհաջողությունները, հեռացումը Ռուսաստանից, մի շարք տնտեսական ծրագրերի ձախողումները կապում Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի հետ:

Իհարկե, Վրաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում տնտեսապես հզորացավ, այստեղ իրականացվեցին մեծ աշխատանքներ, կատարվեցին ներդրումներ, նաև հայկական կապիտալը հոսեց դեպի այդ երկիր: Սակայն Ռուսաստանի հետ կապերի խզումը նոր իշխանությունները համարում են անթույլատրելի, քանզի Վրաստանը կորցրեց իր խոշորագույն շուկաներից մեկը` Ռուսաստանի հետ հայտնվելով հակամարտության մեջ: Սակայն միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում չէ, որ վրացական նոր իշխանությունները մեղադրում են Եվրոպային: ԵԽ-ն մինչև օրս չի դատապարտել ռուսաստանյան ագրեսիան, որևէ կերպ չի արձագանքել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերին: Վրացական իշխանություններն, իսկապես, կարևոր խնդիր են բարձրացնում` շեշտելով, որ Եվրոպան դարձել է դաստիարակ և ուսուցանող` այս ընթացքում պարտակելով իր բազմաթիվ սխալներն ու երկակի մոտեցումները:

Այդ ամենն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի հարցում, մասնավորաբար Հայաստան-Ադրբեջան հակամարտությունների հարցում: Իրեն ժողովրդավար ու քաղաքակիրթ համարող Եվրոպան մինչև այսօր չի դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, չի քննադատել հայատյացությունը, որը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը: Կրավորական ու վախկոտ պահվածքը, երբեմն ակնհայտ դարձող կողմնակալությունը շատ վաղուց են դարձել ԵԽ-ի բնութագրիչները: Եվ ահա նորանկախ պետություններից մեկի ղեկավարը (իսկ Վրաստանի սահմանադրությամբ` վարչապետին շատ մեծ լիազորություններ են տրված) քննադատում է Եվրախորհրդարանին, այսպես կոչված` եվրոպացիներին` այդպիսով նաև պահանջելով հարգանք դրսևորել այն պետությունների և ժողովուրդների հանդեպ, որոնք նոր են ինտեգրվում եվրաընտանիքին: Սա արդեն ոչ այնքան խիզախ, որքան սկզբունքային քայլ ու պահանջ է: Եվ, հավանաբար, շատերը կորդեգրեն Վրաստանի իշխանությունների պահվածքը, որովհետև այսօր արդեն եվրոպական կառույցները որդեգրել են ձևականությունը` առաջ մղելով միայն սեփական շահերն ու խնդիրները: Պատահական չէ, որ հենց մի շարք եվրոպական տերություններ բացահայտորեն արհամարհում են այդ կառույցները, մերժում նրա ընդունած որոշումները: Այս ամենը հուշում է, որ եվրոպական կոչվող «ստանդարտներն» արդեն ծերացել ու մաշվել են: Ինքնասպառվել է նաև Եվրախորհուրդը, որը վերածվել է պարապ հանդիպավայրի և որոշ դեմքերի ամբիցիաների մատուցման ամբիոնի… Հենց այս ամենն էր դրված Իվանիշվիլու հայտարարության ենթատեքստում: Ուրեմն, կարելի է արդեն ասել, որ Հարավային Կովկասում ձևավորվում է ընդդիմություն` եվրոպական որոշ կառույցների հանդեպ: Իսկ սա նշանակում է, որ եկել է նաև որոշ եվրոպացիների «սանձերը քաշելու ժամանակը»…