ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ 


 

Ինչպես նշում են բազմաթիվ լրատվական աղբյուրներ, Բաքվում զարմացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի` Երևանում արած  այն հայտարարությունից, թե քաղաքացիական օդանավեր խփելն անընդունելի է:

Ինչպես գիտենք` Ադրբեջանում շարունակում են պնդել, թե պատրաստվում են գնդակոծել այն ինքնաթիռները, որոնք կիրականացնեն Երևան-Ստեփանակերտ թռիչքները: Գիտենք նաև, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ եվրոպական կառույցներն ընդամենը կարծիքներ են արտահայտել` այդպես էլ վերջնական ու վճռական հակահարված չտալով Ադրբեջանի հայտարարություններին: Մինչդեռ աշխարհին է հայտնի, որ քաղաքացիական ինքնաթիռներ գնդակոծելու մասին ցանկացած հայտարարություն անմիջապես դատապարտվում է, տվյալ երկրի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ:

Ադրբեջանի պարագայում` շատ միջազգային կառույցներ բավարարվում են դեկլարատիվ հայտարարություններ անելով և լռելյայն հետևելով, թե Ալիևի պետությունն էլի ինչ նոր սպառնալիքներ կկախի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին:

- Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն կարծում է, որ «միջազգային ասպարեզում Թբիլիսին Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները ղարաբաղյանի հետ նույն շարքում չի դնում, այդ իսկ պատճառով Ադրբեջանը չպետք է հանդես գա հօգուտ Վրաստանի տարածքային ամբողջականության»: Վրաստանի այդպիսի դիրքորշումը հակասում է Ադրբեջանի ազգային հետաքրքրություններին, ուստի Բաքուն պետք է  այդ երկրի վերաբերյալ իր նախկին կուրսի հետ կապված շտկումներ կատարի:

Ահա նման հայտարարություն են արել Բաքվում` այժմ էլ թշնամի դիտելով Թբիլիսիին, որը միշտ էլ պաշտպանել է ադրբեջանական շահերն ու երբեմն հանդես եկել ընդդեմ Հայաստանի ու Արցախի:

Հիմա Ադրբեջանում սկսել են հակավրացական գործողությունները` միաժամանակ փորձեր անելով արդարացնել իրենց, ծխածածկույթ տարածել Ալասանիայի հայտարարության և սեփական դիրքորոշումների վրա: Այսպես, խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն ակնհայտ կեղծիքների դիմելով, կարծում է, որ  իրավիճակը չպետք է ողբերգականացնել:

- Նրան Երևանում հարցրել են` նա էլ պատասխանել է: Մարդկանց 99 տոկոսին եթե հարցնեն, արդյո՞ք պետք է  խփել քաղաքացիական օդանավերը, նրանք կասեն` «ոչ, չի կարելի»: Սակայն եթե նույն Ալասանիային հարցնեն` կարելի՞ է այդ թռիչքներն իրականացնել առանց Ադրբեջանի համաձայնության ու թույլտվության, նա հաստատ նորից կասի «ոչ»:

Այնուհետև պատգամավորն ասել է.

- Եթե դուք ինձ հարցնում եք` կարելի՞ է խփել քաղաքացիական օդանավերը, ես ասում եմ` «ոչ»: Իսկ ստիպել վայրէջք կատարել` կարելի է: Այնպես որ, սրանք տարբեր բաներ են:

Ստացվում է, որ Ադրբեջանում հերթական «խաղերն» են տալիս` նպատակադրված լինելով խփել ինքնաթիռները: Այժմ էլ շրջանառության մեջ են դնում հարկադիր վայրէջքի գաղափարը: Ուրեմն, ինչպես ժողովուրդն է ասում, կարմիր կովն իր կաշին չի փոխում... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ