ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԳՆԱՃ 


 

Կառավարությունը ամիսներ առաջ հայտարարեց, որ երկրում գնաճի բարձր ցուցանիշներ չեն լինելու, մասնավորաբար պարենամթերքի շուկայում բացառվելու են թանկացումները: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդեն առկա են թանկացումները, որոնց կանխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Դիցուք, չնայած հավաստիացումներին, թե հավկիթի շուկայում որևէ թանկացում չի լինելու, 5-10 դրամով թանկացել է այն, թանկացումներ են արձանագրվել հացի շուկայում: Ամեն մեկ լիտրի մեջ 50 դրամով թանկացել են բնական հյութերը, 10 դրամով թանկացել են ներկրվող, 20 դրամով` տեղական արտադրության ծխախոտները, իսկ ահա ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հասել է 415 դրամի:

Իհարկե, Կենտրոնական բանկը փորձում է ինչ-որ չափով կանխել դրամի արժեզրկումը, սակայն հազիվ թե հնարավոր լինի լուրջ քայլեր արձանագրել, որովհետև նվազել է արտահանումը, փոխարենը` մեծ ծավալի է հասել ներկրումը: Դոլարի պահանջարկը պայմանավորված է ներկրումների ծավալի մեծացմամբ: Ու սա նույնպես որոշակի պայմանավորվածությունների արդյունք է, որովհետև չխրախուսելով տեղական արտադրողին` այդպիսով աջակցություն է ցուցաբերվում ներկրողներին: Մեր ուսումնասիրություն ների արդյունքում պարզվել է, որ բանկերը վարկեր են տրամադրում առավել մեծ ծավալով ներկրողներին` տեղական արտադրողին պահելով ճնշված վիճակում: