ԲՀԿ-ն մարտական է տրամադրված 


 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստանն» արդեն կազմել է իր համամասնական ցուցակը, որի առաջին տասնյակն է միայն հայտնի: Ինչպես տեղեկացանք, ցուցակում դեռ փոփոխություններ կլինեն, սակայն առաջին տասնյակն անփոփոխ կմնա, որովհետև այստեղ ամեն ինչ լրջորեն քննարկվել է:

Արդեն գիտենք, որ ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Այսինքն, այնուամենայնիվ, կուսակցությունում կամենում են Վարդան Օսկանյանին տեսնել առաջին շարքերում` գուցեև նախապատրաստելով նրան 2018-ի նախագահական ընտրություններին:

Երկրորդ տեղում ՄԱԿ-ի առաջնորդն է` Գուրգեն Արսենյանը, ով այս խորհրդարան գալով, կարծես կորցրել է իր նախկին եռանդը, սակայն մեծ ակտիվություն է ցուցաբերում հատկապես տնտեսական ոլորտին նվիրվող քննարկումների ժամանակ:

Մենք ժամանակ առաջ սխալմամբ նշել էինք, թե Սմբատ Լպուտյանն է զբաղեցնելու երկրորդ տեղը: Գիտենք, որ Լպուտյանը ՀՀԿ անդամ է, հետևաբար չէր կարող հայտնվել ԲՀԿ ցուցակում: Արսենյանի հայտնությունը համամասնական ցուցակում` հուշում է այն մասին, որ հաղթանակի դեպքում նա դառնալու է քաղաքապետի առաջին տեղակալ: Գագիկ Ծառուկյանը ցուցակի երրորդ հորիզոնականը նվիրել է նույնպես ԱԺ պատգամավորի` առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանին: Ստացվում է, ԲՀԿ առաջնորդը կամենում է թարմացնել ԱԺ խմբակցությունը: Ուրախալի է այն հանգամանքը, որ 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, դասախոս Արամ Սաֆարյանը. գործիչ, ով չափազանց մեծ աշխատանք էր կատարում նախորդ խորհրդարանում, հանդիսանում եվրոպական կառույցների հետ ամենաարդյունավետ աշխատող պատգամավորներից մեկը:

Մի խոսքով, ԲՀԿ-ն իսկապես մարտական է տրամադրված, ցանկանում է տեղ զբաղեցնել ոչ միայն Երևանի ավագանիում, այլև` կառավարման համակարգում: Այսինքն` գործադիրում ապահովել իր հաստատուն ներկայությունը:

Ի ԴԵՊ. չի բացառվում, որ ավագանիում որևէ ուժ չկարողանա բացարձակ մեծամասնություն ձևավորել, ուստի այս դեպքում գուցե ստեղծվի գործադիր կոալիցիա, որը նորություն կլինի վերջին տարիների համար..

Լ.Մ.