ԴՊՐՈՑՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ԱՌԱՋԻՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ 


 

Ճշմարի՞տ է, արդյոք, այն, որ 12-րդ դասարանում սովորող աշակերտը չի ճանաչում անգամ իր դասագրքերը, չնայած, ի՞նչ պահանջես աշակերտից, եթե հենց այդ դասագրքով դասավանդող ուսուցիչը տեղյակ չէ վերջինիս մասին:

Վոլոդյա ՄՈՒՇԵՂՅԱՆՆ ապրում է Եղվարդում: Սովորում է 12-րդ դասարանում: Այս տարի պատրաստվում է դիմել Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ: Իր առաջին փորձերն է նա տրամադրել մեր խմբագրությանը:

Դպրոցն ավարտելուն մնացել է ընդամենը երկու ամիս: Անկեղծ ասած` ո´չ օրերն եմ հաշվում, որ վերջապես ավարտում եմ, ո´չ էլ սրտի թրթիռն է մնացել, որն ուղեկցել է բոլոր տարիներին: Ոչ հրճվանք եմ ապրում վերջին տարիներին ուղղակի հոգս, բեռ դարձած «դաս-ժամանցից», ոչ էլ տխրում եմ, որ ավարտելու եմ երբեմնի սիրելի դպրոցս, հնչելու է վերջին զանգը: Իսկապես, ինչպես իմ, այնպես էլ շատերի համար վերջին տարիներին դպրոցը դարձել էր ժամանցի վայր, որտեղ հաճախելն էր, թերևս, միակ պարտադիրը: Կարոտով եմ հիշում այն օրերը, երբ տնային հանձնարարություններից որևէ մեկը չէի կատարում, այդ գիշեր քնել անգամ չէի կարողանում, անհանգստանում էի, հուզվում, տագնապում, երբեմն առավոտ վաղ արթնանում էի ու, մինչ դպրոց գնալս, նստում էի գրասեղանի մոտ` կիսատ թողածն ավարտելու համար: Իսկ հիմա... Անտարբերություն ու անհոգություն, որը դարձել է առօրյա:

Երբ հատկապես ավագ դպրոցի դասագրքերի խնդիրը ձգվում ու ձգվում է` կարծես ձևական դարձնելով այն, ինչին այդպես ձգտում էին կրթության մեր պատասխանա տուները: Ստեղծվել է ավագ դպրոց` առանց հիմնավոր դասագրքերի ու ծրագրերի, առանց ճշգրիտ քաղաքականության... Դպրոց, դասագիրք, ուսուցիչ. ինձ համար երկրորդ պլան են մղվել: Ու մեղավորը ես չեմ: Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որպեսզի խորթություն ձևավորվի աշակերտի ու դպրոցի միջև, որպեսզի ոչ թե դպրոցը, այլ կրկնուսույցների մոտ պարապմունքները դառնան կարևոր: Հայոց լեզվի շտեմարանի կազմողներից մեկը` տխրահռչակ Փառանձեմ Մեյթիխանյանը, վերջերս մի հայտարարություն արեց, թե լավ սովորելու և բուհ ընդունվելու համար պարտադիր է կրկնուսույցների մոտ պարապելը: Մինչդեռ 12-ամյա կրթական համակարգը ստեղծողները համոզում էին, թե այլևս կրկնուսուցման անհրաժեշտություն չի լինելու…

Հիմա, թերևս, ինձ համար առաջնային է իմ ապագան, իմ երազանքի իրականություն դառնալը` բուհ ընդունվելը: Երկու ամիս անց արդեն պարզ կդառնա` ի՞նչ արժեցավ 12 տարի իմ դպրոցում սովորելս: Ուզում եմ լրագրող դառնալ, քանի որ ասելիք ունեմ: Դառնալ ոչ թե այսօրվա այն լրագրողներից, ովքեր չեն գիտակցում իրենց մասնագիտության լրջությունն ու կարևորությունը, ովքեր չեն գնահատում իրենց ստորագրության պատիվը: Ես ուզում եմ դառնալ այն լրագրողներից, ովքեր իրենց գրչով ստեղծում են հասարակական կարծիք` միմիայն ճշմարիտ հիմքերի վրա: Իսկ երբ փորձում եմ ավելի խորը գնալ դեպի ապագա, մտածում եմ. «Արդյո՞ք բուհ ընդունվելուց և ավարտելուց հետո կունենամ աշխատանք, թե՞ հարյուրավորների նման դիպլոմը կօգտագործեմ որպես ցուցադրական «զենք», որը ոչ մի էական նշանակություն չի ունենա»:

Գերադասում եմ հիմա մտածել միայն ընդունվելու մասին, իսկ մնացածը` երազանքս իրականություն դարձնելուց հետո: Գիտեմ, որ դյուրին չի լինելու ընդունելություն կոչվածը, մանավանդ` այն շտեմարաններով, որոնք փաթաթել են մեր վզին, քննական այն սկզբունքներով, որոնք շրջանավարտների համար դարձել են «պատժիչ միջոցներ»… Բայց, պիտի պայքարեմ: Երևի շատերի պես ու շատերի նման…

Պատրաստեց Լ.Մ.