Երկու տարի  մենախցում մոռացված 


 

Ամերիկացու հանցանքը երևի իսկապես մեծ չի եղել: Համենայն դեպս` լուրջ հանցագործի մեծ հանցանքն աղմուկ կբարձրացներ, կտպավորվեր գոնե իրավապահների մոտ:

Եվ բանտի մենախուց նետվելով` Սթիվենը չէր մոռացվի: Փաստաբանի պնդմամբ` նա վերցրել է ընկերոջ ավտոմեքենան, որը պարզվել է` հաշվառված է որպես գողացված: Ոստիկանները հետապնդել են` կասկածելով, թե վարորդը հարբած է: Նրան մենախուց են նետել` իբր ինքնասպանության հակումների համար: Ստացվում է` փորձել են փրկել ինքնասպանությունից և իրենք են նրան մահվան դուռը հասցրել` 2 տարի դաժան միայնության դատապարտելով:

Նրա եղունգներն այդ ընթացքում այնքան են երկարել, որ փաթաթվել են ոտքերին, իսկ մաշկին, չլվանալու պատճառով, սնկեր են հայտնվել: Ցավող ատամները Սթիվենն իր ձեռքերով է քաշել-հեռացրել, որովհետև արգելված էր ատամնաբույժի դիմել:

Ճակատագրական 2 տարիներին Նյու-Մեքսիկո նահանգի բանտում 59-ամյա տղամարդը բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել, այդ թվում և թոքերի քաղցկեղ, հոգեկան խանգարում:

- Նրա հոգեկան առողջությունը լրջորեն խաթարվել էր այն ժամանակ և վերականգնել չհաջողվեց: Ոչ մի գումար այլևս դա չի վերականգնի,- ասել է փաստաբան Մեթ Կոուլը:

Այս սարսափներից հետո խոստումնալից մի «բայց» կա. իր բոլոր տառապանքների դիմաց Սթիվեն Սլևինն ամենախոշոր փոխհատուցումը կստանա` 15,5 միլիոն դոլար (հաղորդել է NBC News-ը): Դրանից 6 միլիոնը նա կստանա այս շաբաթ:

- Այդ գումարով բուժվելու գոնե ինչ-որ շանս կծագի,- հույս է հայտնել փաստաբանը:

Արդյո՞ք...