«Ջութակասեր» գնչուները


 

Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը հափշտակվել էր 2010 թ., Լոնդոնում: Եվ ահա այն կարծես թե հայտնաբերվել է Բուլղարիայում: Ասում ենք` «կարծես թե», որովհետև բրիտանական ոստիկանությունը դեռևս փորձում է պարզել` արդյո՞ք գտնվածը նույն ջութակն է, որը գնահատվում է 1,8 միլիոն ամերիկյան դոլար:

Ենթադրյալ այդ պատմարժեք գործիքը բուլղարացի ոստիկաններն առգրավել են իրականացրած հատուկ գործողության արդյունքում: Տեղի գնչուական համայնքի քրեական հեղինակությունները փորձել են վաճառել այն (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը): Որպես թե գնորդ` ոստիկանները կապ են հաստատել վաճառողների հետ և պայմանավորվել են ջութակը գնել 380 հազար դոլարով:

Աշխարհահռչակ Ստրադիվարիուսն այս ջութակը պատրաստել էր 1696 թ.: 3 տարի առաջ այն թռցրել էին ջութակահար Մին Մին Կիմից` երբ վերջինս Լոնդոնի Հյուսթըն կայարանի խորտկարանում սենդվիչ էր գնում: Ջութակի պատյանում են եղել նաև 2 աղեղները. դրանցից մեկը` պատրաստված ֆրանսիացի վարպետ Դոմինիկ Պեկատի ձեռքով, գնահատված էր մոտ 100 հազար դոլար, իսկ մյուսը` շուրջ 8 հազար դոլար արժողությամբ:

Գողերը` Ջոն Մոհենն ու նրա երկու հանցակից անչափահասները ձերբակալվել էին հանցագործությունից շատ չանցած: Սրանք փորձել էին գողոնը վաճառել ընդամենը 100 ֆունտ ստեռլինգով: Նրանք խոստովանել էին հանցանքը, սակայն ջութակն արդեն ուրիշի ձեռքերում էր: Եվ Մոհենին 4,5 տարի ազատազրկելը չօգնեց գտնել թանկարժեք գործիքը, որը անվնաս վերադարձնողին խոստացվել էր 40 հազար ֆունտ (մոտ 60 հազար ԱՄՆ դոլար):

Վերջապես հետքը գտնվել է: