50 անվադող`  6 տարում 


 

Ոչ թե արտադրվել կամ մաշվել է, այլ կերվել է այդքան դողածածկոց:

19-ամյա ամերիկուհի Էլիսոնը պարզապես չի կարողանում զսպել գայթակղությունը և սննդի մեջ ավտոմեքենայի անվադողերի ռետինե կտորտանք չլցնել: Դրանցով համեմված ուտեստը նրա համար ամենաախորժալին է: Արդեն 6 տարի է` նա ամեն ամիս ծամում ու մարսում է ավելի քան 6 կիլոգրամ ռետինե թափոն: Այս ընթացքում նրա կերած հումքը կբավարարեր` արտադրելու 50 դող:

- Ինձ դուր է գալիս քիմիական համը: Հրաշալի է,- խոստովանել է Էլիսոնը` ադի-բուդիի պես ծամելով ռետինը:

Նա ոչ միայն մարսողության հետ խնդիր չունի, այլև նեղություն չի կրում` իր «նրբախորտիկը» դեսուդենից հայթայթել: Աղջկա փեսացուն աշխատում է մեքենասպասարկման ծառայությունում և նրան ապահովում է անսովոր «սննդով»:

- Ռետինե դողերի համն ինձ հիշեցնում է ապխտած տավարամիս: Այն ծամելը դժվար է, ծնոտի իսկական վարժանք,- իր տպավորությունները Life News-ի հետ կիսել է աղջիկը` հավելելով, որ իր քիմքին դուր են գալիս նաև գրասենյակային ռետիններն ու կենդանիների համար նախատեսված խաղալիքները:

Պարզվում է` ատլանտացի (Ջորջիա նահանգ) Էլիսոնը միակ տարօրինակ ուտողը չէ: Վերջերս նյույորքցի նրա հասակակից Նիկոլը պատմել է դեզոդորանտ ուտելու իր համուկի մասին: Իսկ միչիգանցի 43-ամյա Լիզան արդեն 15 տարի կատվի մորթի է ուտում: