ՎԵՐՋԱՊԵՍ ԼՍԵՑԻՆ


 

Գյումրու հիվանդանոցներում և այլ բուժհաստատություններում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվում: Ստուգումների «թիրախը» հիմնականում դեղորայքներն են, քանի որ շատ վաղուց հենց այս քաղաքի բուժհաստատությունները հիվանդներին պարտադրում են դեղատներից գնել թանկարժեք այն դեղերը, որոնք պարտավոր են ապահովել հաստատությունները:

Անգամ շաքարային դիաբետով հիվանդներն այս քաղաքում գրեթե զրկված են անհրաժեշտ ինսուլինից ու դիաբետոնից, որոնք հիվանդանոցներից ու բազմաբուժարաններից «հոսում» են դեղատներ` հարստացնելով բուժհաստատությունների տնօրեններին և մարզի առողջապահության պատասխանատուներին:

Շատ վաղուց որդեգրելով արատավոր գործելաձև` Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը ոտնահարել է հիվանդների իրավունքները, նրանց ստիպել երբեմն հրաժարվել բուժումից` դեղորայքի անմատչելիության պատճառով: Հիմա վերջապես ունկնդիր եղան բազմաթիվ բողոքներին և սկսեցին ստուգումները: Գյումրիում հույս ունեն, որ այս ստուգումներից հետո վերջապես մարդիկ կստանան պետության կողմից սահմանված անվճար դեղամիջոցները: