ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԿԱՆ, ԱՇԽԱՏՈ՞Ղ ՉԿԱ


 

Մայրաքաղաքի երթուղիներում աշխատելու նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսները վաղուց Երևանում են, բայց չեն շահագործվում: Անհայտ է նաև, թե Երևանի փողոցները երթուղային միկրոավտոբուսների գերբեռնումից երբ «կազատագրվեն»: Երթուղիները շահագործող ընկերություններին մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ գծատերերը ոչ մի կերպ չեն կարողանում գտնել նոր ու թարմ ավտոբուսները շահագործելուն պատրաստ վարորդների: Առաջարկվող պայմանները գոհացուցիչ չեն, և մարդիկ նախատեսվող ավելի քան համեստ աշխատավարձով չեն ցանկանում ստանձնել ամեն օր ավտոբուս վարելու հոգնեցուցիչ աշխատանքը:

Գծատերերն էլ հաշվարկել են, որ վարորդներին ավելին վճարել առայժմ չեն կարող: Քայքայված ու հնամաշ երթուղայիններն էլ իրենց հերթին չեն նախատեսում  մայրաքաղաքի փողոցներից հեռանալ: Հայտնի օլիգարխ Ս. Ալեքսանյանը («Լֆիկ Սամոն») վերջերս իրեն պատկանող գծերից մեկում մի քանի ավտոբուս է աշխատեցրել և համոզվել, որ միկրոներից ինքն ավելի շատ շահույթ է ստանում: Ամեն դեպքում, խնդրի լուծման որևէ ելք այս պահին չի գտնվում: