Փախուստ դագաղից


 

Չինաստանի 95-ամյա բնակչուհի Սյու Ֆենգը, ով արդեն 6 օր մահացած էր համարվում, նույնիսկ հավուր պատշաճի իրականացվել էին հուղարկավորման բոլոր ծեսերը, դուրս է պրծել դագաղից և վերադարձել տուն: Հուանհսի նահանգի իր սեփական տանը միայնակ բնակվող տատիկն օրեր առաջ գլխուղեղի բավական լուրջ վնասվածք էր ստացել` երկար ժամանակ մնալով անգիտակից վիճակում: Նրա անշարժ մարմինը հայտնաբերել է հարևանը, և համոզված լինելով, որ նա հրաժեշտ է տվել կյանքին, որդու հետ նախապատրաստվել է թաղման արարողությանը: Բարեբախտաբար, չինական ավանդույթի համաձայն` հանգուցյալի մարմինը` դագաղով, մի քանի օր չեն հուղարկավորում, որպեսզի հարազատները հասցնեն հրաժեշտ տալ: Երջանիկ պատահականությամբ հարևանը որոշել էր մինչև հուղարկավորման պահը չծածկել դագաղը: Եվ ահա օրեր անց մարդիկ սարսափով հայտնաբերել են, որ այն դատարկ է: Բոլորն անհանգստացած սկսել են փնտրել հանգուցյալի մարմինը` գտնելով նրան իր տան խոհանոցում` ճաշ պատրաստելիս: Տարօրինակ այս երևույթը բժիշկներն ախտորոշել են որպես «արհեստական մահ», երբ դադարում են շնչառությունն ու սրտի աշխատանքը: Սակայն տատիկին կատարյալ երջանիկ չես համարի, թեև մեծ փորձանքից է ազատվել, սակայն զրկվել է ողջ ունեցվածքից, քանի որ ըստ չինական ավանդույթների` հանգուցյալի բոլոր իրերն այրում են: