Տարօրինակ կեցվածք, տարօրինակ մտքեր


Հայրենի ընդդիմությունը շարունակում է ոչ միայն անհասկանալի պահվածք դրսևորել, այլև հանդես է գալիս, մեղմ ասած, ապշեցուցիչ, իսկ ավելի ստույգ` խիստ արտառոց հրապարակային հայտարարություններով: Նախ` պահվածքի մասին: Որ արմատականները չկարողացան միավորվել, ինչպես ասում են, «գլուխը քարը», բայց կարելի է, չէ՞, գոնե մեծամասնական ընտրատարածքներում միմյանց դեմ մրցակցող թեկնածուներ չառաջադրել: Իբր քիչ էր իրենց իսկ ստեղծած շիլաշփոթը, հիմա էլ սեփական համակիրներին նոր գլուխկոտրուկների առջև են կանգնեցնում: Ինչ վերաբերում է մեկը մյուսից զարմանալի հայտարարություններին, ապա այս «ոլորտում» ընդդիմադիր գործիչները, կարծես, մրցակցում են, թե ով կարող է առավել ծայրահեղ հակասականությամբ «աչքի ընկնող» մտքեր արտահայտել: Մասնավորապես «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ասում է. «Եթե այսօր հասարակությունը որևէ ընդդիմադիր ուժի քվե է տալիս, ապա Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու և ոչ թե խորհրդարանում նիստերին մասնակցելու համար»: Ստացվում է, որ եթե ժողովուրդը ապագա ընտրություններում իր քվեով ընդդիմության համար 131 տեղ ապահովեր, ԱԺ նիստերի դահլիճը 4 տարի դատարկ էր մնալու, հետևաբար ոչ մի օրենք չէր ընդունվելու: Նույնքան հետաքրքրաշարժ էր ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի «էքսցենտրիկ» խոստովանությունը: «Ո՞ր մարմինը պետք է լիներ այն վայրը, ուր ժողովուրդը կկարողանար իրականացնել իր երազանքները: Որտեղ լիներ մտքերի, ծրագրերի բախում, լինեին գաղափարներ, արժեքներ: Անշուշտ, պետք է լիներ Ազգային ժողովում, բայց ինչպիսի՞ն է մեր խորհրդարանը: Իրականում այն թթվի քարի պես դրված է ժողովրդի գլխին»: Միանգամից հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է այսքան տարիներ ԱԺՄ առաջնորդը եղել «թթվի քարի» բաղկացուց իչ մասը և «ծանրացել» ժողովրդի ուսերին: Եվ երկրորդ հարցը` Վ. Մանուկյանի այսօրվա ընդդիմադիր գործընկերները` մոտ 20 կուսակցություն ներկայացնող` ինչո՞ւ են ձգտում վերստին «թթվի քարի» բաղկացուցիչը դառնալ: Եվ, ի վերջո, այդ «թթվի տակառում» ովքե՞ր են վարունգը, ովքեր` քարավուզը ու ամենակարևորը` ովքեր են թթվի ջուրը: Իսկ ա՞ղը...

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ