Եկել ենք ասելու, որ չենք մասնակցելու...


ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների տեսակետերին (կուսակցական գաղափարախոսություն ասվածը, պարզվում է, իրոք, կեղծ կատեգորիա է) հասարակության իրազեկման տրամաբանական ընթացքը երբեմն-երբեմն ընդմիջվում է որոշ կուսակցությունների ու անհատների ասուլիսներով, ովքեր ոչ միայն հայտ չեն ներկայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, այլև չեն էլ ցանկանում իրենց մակերեսային և ինքնավստահ մեկնաբանություններով եթերից դուրս մնալ: Այդպես էլ պարզ չդարձավ, թե բազմիցս քաղաքականությունից դուրս գալու կոչերով հանդես եկող ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին և ազգային անվտանգության հարցերով Հանրապետության նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ինչն էր բերել «Տեսակետ» ակումբ, երբ նրանք որևէ ցուցակի կամ դաշինքի մաս չեն կազմում: Գնահատելով ներկա իրավիճակը, Հրանտ Խաչատրյանի խորաթափանց հայացքը հասարակությունը տեսնում է տրոհված, իսկ ընդդիմությանն առհասարակ նոր խորհրդարանում էլ չի տեսնում որպես մեծամասնություն: -Չկա մեծ հույս, որ ընդդիմադիր ճամբարն ընտրությունների արդյունքում կփոխարինի այսօրվա խորհրդարանական մեծամասնությանը: Բայց կան նախադրյալներ, որոնց հետևանքով մինչև մայիսի 12-ը և դրանից հետո կարող են տեղի ունենալ քաղաքական լուրջ գործընթացներ, որոնք կփոխեն երկրի իրավիճակը,- ենթադրում է Հ. Խաչատրյանը: ՍԻՄ նախագահի կարծիքով, 1988-ից ի վեր քաղաքական դաշտը ձևավորվել է սխալ, ինչն այսօր պետք է ուղղել: Ուստի քաղաքական վերնախավին և հասարակությանը խորհուրդ է տալիս մինչև ընտրապայքարի սկիզբը որոշել, թե ինչ փոփոխություններ են ակնկալում ընտրություններից` ներառյալ նախագահական ընտրապայքարի փուլը: - Հակառակ դեպքում, երբ սկսվում է ընտրապայքարը, բոլորը սկսում են ձգտել չարյաց փոքրագույնին կամ բարյաց առվելագույնին: Այն մեծամասնությունը, որ առաջարկվում է ապագա խորհրդարանում, ընդունա՞կ է քաղաքական մրցակցության, բանավեճի, նոր գաղափարներ ու կառավարման մեխանիզմներ ստեղծելու: Ես տեսնում եմ, որ ոչ... Այդուհանդերձ, նախորդ ընտրական մարաթոնը չկրկնելու մտավախությամբ, Հրանտ Խաչատրյանը չի բացառում, որ ՍԻՄ-ը որոշել է աջակցել քաղաքական որևէ ուժի, ասելով, թե` - Հնարավոր է, որ գործնական առումով մենք էլ մասնակցենք չարյաց փոքրագույնի ընտրությանը: Չարյաց փոքրագույնը բարյաց առավելագույնով փոխարինելու Գառնիկ Իսագուլյանի առաջարկն այնքան էլ ՍԻՄ առաջնորդի սրտով չէր, քանի որ, ըստ նրա, ակնարկվում էր «Բարգավաճ Հայաստանը»: Դեռևս փետրվարի 10-ից ընտրություններին չմասնակցելու հայտարարությամբ հանդես եկող կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշում է, որ իշխանության մաս կազմող իր կուսակցության շատ անդամներ այսօր էլ այնպիսի դիրքերում են, որ նպաստում են ազգային անվտանգության խնդիրների լուծմանը: Այդ դեպքում, թույլ տվեք հարցնել, որքանո՞վ է ճիշտ պաշտոնը կուսակցության վերածելու գաղափարը: Թերևս այդ պաշտոնն էլ կարևորելով, մի շարք կուսակցություններից նա ստացել է իրենց համամասնական ցուցակների առաջին հնգյակում ընդգրկվելու առաջարկություններ, որոնք «մեծահոգաբար» մերժվել են: Քաղաքական դաշտից տեղափոխվելով ընկերական հարաբերություննե րի ոլորտ, Գառնիկ Իսագուլյանը մի քանի անգամ հիշեցրեց Հրանտ Խաչատրյանին (իսկը տժվժիկի պատմությունը), թե վերջինիս հուսահատության պահերին քանի՜ անգամ են հանդիպել, սուրճ, մեկ-մեկ էլ գարեջուր խմել, թե ինքն այն «դժվար ու դրամատիկական օրերին որքան է հուսադրել ընկերոջը»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ