I am sorry


- Հին և նոր կուսակցությունները մեծ հանրային ծառայություններ կատարել են, բայց միաժամանակ նաև` մեծ սխալներ, և դրանք արտացոլվել են ամենատարբեր տեսակարար համագործակցությունների մեջ: Ես ուզում եմ, որ մենք կարողանանք վեր կենալ նախընտրական հուզականությունից, ակնարկներով ու «նամյոկներով» խոսելու սովորությունից և իրար մոտ լավը տեսնել, դրականը, շինիչը, կառուցողականը: Այսպես, իմ կարծիքով, վերջապես ընտրությունը կդառնա ընտրություն: Այսպիսի բաժակաճառային տրամադրությամբ էր հագեցած դեռ երեկ արմատական ընդդիմության` ԱԺՄ, ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցությունների հետ բանակցություններ վարող «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը: Ընթերցողին հիշեցնենք, որ ընտրություններում դաշինքով հանդես գալու ընդդիմության այս վերջին ճիգը, ըստ շրջանառվող լուրերի, ձախողվել է նրա կողմից առաջադրված անընդունելի պայմանների պատճառով: - Մենք մեր մեղքը տեսնում ենք այն բանում, որ չհամաձայնեցինք վիճակահանության տարբերակին,- խոստովանում է «Ժառանգության» ղեկավարը: Այս խոստովանանքը հիշեցնում է մի հին անգլիական անեկդոտ: Դիպուկահարների մրցույթում նետաձիգը գեղեցկուհու գլխից ցած է գցում խնձորը և ներկայանում հիացած ամբոխին. - I am Robby: Հաջորդ նշանառուն խնձորի փոխարեն մահացու խոցում է գեղեցկուհուն, ապա «ներկայանում». - I am sorry:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ