Ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է...


Հայաստան... Զարմանալի մի երկիր, ուր բնությունն ու մարդը լրացրել են իրար: Մեկի ստեղծածը ներդաշնակորեն ձուլվել է մյուսին, և մտքի ու հոգու թռիչքը ձգվել է առ երկինք, ազդարարելով, որ հայի կերպը իր լեռների պես կանգուն է ու դիմակայող, եթե հանկարծ թշնամին խախտի հայրենյաց հողի անդորրը: Նա սիրո և բարեկամության համար այրվող սիրտ ունի, ինչպես իր թեժ արևն է, արագահոս գետերի ձայնով կարող է պատմել իր գոյության վաղնջական առասպելը: Թագավորից մինչև ծովակալ անցել են քո ճակատագրի միջով, այստեղ ժամանակը չի հոգնել, բերելով պատերազմ, ավեր ու կործանում, իսկ հայն էլ չի հոգնել` ստեղծելով ու կառուցելով: Եվ չարերը, չկարողանալով ծվատել ոգիդ, ծվատել են հողդ, և աշխարհի քարտեզի վրա մնացել է իր մարմինը տենչացող գլուխդ: ժամանակի անիվը նորեն պտտվեց, և ընդվզեցիր հանուն քո ազգային արժանապատվության, հանուն անկախության: Այս անգամ հայրենապաշտության թռիչքդ ոգեկոչեցիր Արցախի ազգային-ազատագրական պայքար անունով: Այդ սրբազան պայքարին առաջինը զինվորագրվեցին երկրապահ կամավորականները: Նրանցից շատերը գնացին անմահության ճանապարհով` բերելու հայրենյաց փառքի հաղթանակը, շատերն էլ հաղթանակի դրոշի առաջ մահը ծնկի բերելով` վերադարձան: Անցան տարիներ ու ետևում մնացին մեր ժողովրդի ու նաև նրանց համար դժվարին տարիները: Սակայն անկախ հայրենիք ունենալու իրավունքը երկրապահի համար ընդմիշտ պաշտպանելու պարտականությամբ լցվեց: Անցած տարվա դեկտեմբերի 9-ը ինձ համար ոչ սովորական օր էր: Մայրս` բանաստեղծուհի Մետաքսեն, և ես հրավիրված էինք ԵԿՄ-ի 7-րդ համագումարին: - Արի¯, արի¯, ազատամարտիկների տիրամայր,- կանչեց հեռվից Արտուշ Բալյանը, կրկնելով Մետաքսեին այդպես մեծարող, լրագրող Նվարդ Տատուրյանի խոսքերը,- ի¯նչ լավ է, որ աղջկադ էլ ես բերել, կտեսնի, թե ինչ առյուծասիրտ տղաներ կան,-ասաց Բալյանն ու որպես բարևի նշան` սեղմեց ձեռքս: Երեքով մտանք Կառավարության նիստերի դահլիճ: Բալյանը տեսավ մարտական ընկերոջն ու սկսեց զրուցել նրա հետ: Մետաքսեն ու ես նստեցինք բեմից ոչ հեռու, նայելով Արտուշ Բալյանին, մայրս ասաց. - Գիտես, թե ինչպիսի¯ խիզախությամբ է կռվել Նոյեմբերյանում, Հադրութում, Մարտակերտում ու Լաչինում: Նռնակներ ու ականներ է ձուլել, մի քանի անգամ վիրավորվել է, փոխգնդապետի կոչման արժանացել և հիմա էլ շարունակում է հավատարիմ մնալ իր հոգու կանչին` հայրենիքի պաշտպանությանը: Ոչ միայն նա, այստեղ բոլորն էլ հերոս են, յուրաքանչյուրի մասին կարելի է գիրք գրել,- խոսքն ավարտեց Մետաքսեն: Արտուշ Բալյանը շուտով մոտեցավ ու տեղավորվեց մեր կողքին: Երիտասարդ ու պատանի Երկրապահների ուղեկցությամբ դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության և երկրապահ կամավորականների միության դրոշները: Պահը շատ էր հուզիչ ու հանդիսավոր. օդի մեջ թևածող ծափողջույններից փոթորկվում էր դահլիճը` հայտարարելով համագումարի բացումը: Հայրենաշունչ ելույթներից մեկի ժամանակ Բալյանը շշնջաց ականջիս. - Հապա լսիր` ինչ ոգևորությամբ է խոսում, գնդապետ Ֆելիքս Պողոսյանն է, եթե նա չլիներ, ես դժոխքի բաժին էի դառնալու... Ազնիվ ու հայրենանվեր մարդ է... Այսպես սկսվեց իմ ծանոթությունը ԵԿՄ վարչության անդամ, գնդապետ Ֆելիքս Պողոսյանի հետ: Նախախնամությունն է ի վերուստ որոշում մարդու ճակատագիրը, իսկ այն եղավ այսպես. Հայաստանի գողտրիկ շրջաններից է Սիսիանը, իսկ նրա գյուղերից մեկն ունի հիասքանչ անուն` Սալվարդ: Այստեղ Սամվել և Իսկուհի Պողոսյանների ընտանիքում ծնվեց նրանց յոթերորդ որդին, որին կնքեցին Ֆելիքս անունով: - Հիմա, երբ ժամանակի հեռվից փորձում եմ հորս էության ծալքերն ավելի ճշտորեն հասկանալ, տեսնում եմ, որ ես նրա հոգևոր ամբողջության կեսն եմ: ճիշտ է, կոմունիստական կուսակցության անդամ էր, բայց հիմա եմ զգում, որ իր նկարագրով ապրում էր աստվածաշնչյան պատվիրաններով: Աշխատասեր էր, հյուրասեր, գրագետ: Երբեք մենակ սեղան չէր նստում: Գյուղում և շրջանում հարգանք էր վայելում, որովհետև բարյացակամ էր մարդկանց նկատմամբ և օգնում էր բոլորին... Գնդապետի աչքերը հոր մասին հիշողությունից տաք ժպտում են, ու նա շարունակում է կիսատ խոսքը. - Մայրս քնքուշ էակ էր, չափազանց մաքրասեր: Գյուղի ամենամաքուր ու կոկիկ տունը մերն էր: Համեղ կերակուրներ պատրաստելու վարպետ էր: Հարևանուհիները նրանից խորհուրդներ էին հարցնում` այս կամ այն կերակուրը եփելիս: Յոթ երեխաների հոգսը նրա ուսերին էր, բայց չէր բողոքում, չէր զայրանում. ի¯նչ անսահման բարի է մոր սիրտը,- ասում է Ֆելիքս Պողոսյանը, և կարոտի հեռավոր մի ամպ է իջնում նրա թարթիչներին: Երևանում Ֆելիքսն ավարտեց թիվ 78-րդ միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվեց Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Նրան դասավանդեց դասախոսական մի համաստեղութ յուն, ինչպիսիք էին` Ջոն Կիրակոսյանը, Աշոտ Աբրահամյանը, Խորեն Պալյանը... - Գիշերներ էի լուսացնում` ուսումնասիրելով մեր հայոց պատմությունը: Սիրտս կծկվում էր ցավից, արտասվում էի, երբ պարտվում էինք ու չէի հասկանում, թե ինչո՞ւ, ինչո՞ւ մեր բոլոր պատերազմները չէին ավարտվում հաղթանակով: Դեռ չգիտեի, որ հայ ժողովրդի համար, առհասարակ, պատերազմն ավարտված չէ... Ակնարկիս հերոս Ֆելիքս Պողոսյանի մասին մտորումներս թաքցնում եմ սպիտակ թղթից. - Հոգնեցի գրասեղանիս առջև գրելուց, դրսի աղմուկը կանչում է... դուրս գամ մի քիչ զբոսնելու,- ասում եմ ինքս ինձ ու ելնում փողոց: Ոտքերս տանում են ինձ Ազատության հրապարակ: 1988 թվական... Այստեղ էր ծովացել հայի էությունը: Նա բռնցքված մի մարմին էր ու մի հոգի: Հայրենասիրությունը մարդու երակներում բնազդական սկիզբ ունի, բայց հետո զարգանում է ու դառնում իմացական: Ահա այս իմացական զգացումը ոգեկոչեց միասնության, և Հայաստանն ու Արցախը ոտքի ելան, որպեսզի կիսված ճակատագրերն ամբողջացնեն: Ոչ ոք չէր կարող անտարբեր լինել ո°չ այստեղ թիկունքում և ո°չ կռվի դաշտում: Հաղթանակը թթվածնի պես հարկավոր էր հային: - Ուրեմն նա` Ֆելիքս Պողոսյանն էլ պիտի գնար, նա պարտավոր էր գնալու, որովհետև ինքն իրենից թաքնվելու տեղ չուներ, որովհետև էլ ո՞վ, եթե ոչ նա,- խոհերս եմ արդեն տանը կիսում սպիտակ թղթի հետ: Ինքն իրեն տված կամավորականի երդումը, որը հոգևոր մեծ բռնկումի խորհուրդ ունի, 1990-ից դարձավ շոշափելի ու իրական, քանզի Ֆելիքս Պողոսյանը զինվորագրվեց հայ ժողովրդի արդար պայքարին: Անդամագրվեց «Սյունիք», այնուհետև` «Նժդեհ» ջոկատներին: 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի կոչը նրա համար դարձավ կենաց- մահու կռվի կարգախոս: «Արծիվ մահապարտների» գումարտակում 7-րդ դասակի հրամանատար նշանակվեց. - Ծառայել էի սովետական բանակում: Կապիտանի կոչում ունեի: Արցախյան հերոսամարտում ազգային-ազատագրական պայքարի ժամանակ կռվեցի տարբեր ջոկատներում, բայց մահապարտի կռիվն ուրիշ է: Հերոսացո՞ւմ, թե՞ վախի հաղթահարում: Չնայած առաջինի մասին բոլորովին չես մտածում, պարզապես վախը պիտի կարողանաս խեղդել քո մեջ, որովհետև թիկունքում քո հայրենիքն է, որի մի մասն էլ ինքդ ես` տունդ, երեխաներդ, հարազատներդ: Դրա համար մի ճանապարհ ունես միայն` դեպի առաջ` մահը պատանքելու համար... Գնդապետը պատմում է մարտական ընկերների մասին, կռիվներից, նկարագրում տեսարաններ, վերլուծում դրանք... - Զինվորական ուսադիրներով և պաշտոնով չէ, որ չափվում է ոգու գոյությունը: Հայ զինվորը ցանկանում է կռվի ժամանակ իր հրամանատարին տեսնել իր կողքին, կրակի առաջին գծում, մահին դեմ հանդիման, որովհետև նա իր պահվածքով դառնում է տեսանելի օրինակ և ոգևորության մարտահրավեր հնչեցնող: Պատերազմում այսպիսի հավասարությունը հաղթանակի կեսն է,- շարունակում է պատմել Ֆելիքս Պողոսյանը: - Պատերազմական տարիներին հանդիպել եմ շատ պայծառ անհատականությունների, որոնք օժտված են հաստատակամությամբ, ծանր իրավիճակներում որոշում ընդունելու ունակությամբ, երկաթյա կարգապահությամբ, հայրենիքի պաշտպանության գաղափարին անմնացորդ նվիրվածությամբ: Բայց ուզում եմ առանձնացնել` Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին, իմ մարտական, զինակից ընկեր, հրամանատար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Պատերազմ... Այս բառի մեջ կա և° ողբերգություն, և° հաղթանակի ուրախություն: Հակառակորդին ստիպել ճանաչելու հայ ժողովրդի ոգու, բայց առաջին հերթին` ռազմական ուժը: Ահա այս այցեքարտը բացահայտվեց Արցախի ազգային-ազատագրական պայքարում: 1993-ի մարտին 5-րդ կամավորական բրիգադը մասնակցում էր Արցախի գրավված բնակավայրերի ազատագրմանը, գնդապետ Պողոսյանը Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի մոտ ծանր վիրավորվեց£ - Ականանետային հրետակոծության ժամանակ էր, արկը շատ մոտ պայթեց` ընդամենը մի քանի մետրի վրա,- ասում է նա: Ֆելիքս Պողոսյանին տեղափոխեցին հոսպիտալ, և մահը վախեցավ մոտենալ նրա սնարին, որովհետև նա կռվում էր` ապրելով հաղթելու մահին: Որոշ ժամանակ անց ապաքինվեց և մնաց հայրենիքի պաշտպանության գործին անվերապահորեն նվիրյալ զինվորն ու զինապարտը: Հայրենիքը գնահատեց այդ նվիրումը` արժանացնելով նրան գնդապետի կոչման, բազմաթիվ պարգևների, ինչպիսիք են` ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանը, ՀՀ «Արիության» մեդալը, «Արծիվ մահապարտ» հուշամեդալը, ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշանը և այլն: - ճակատագրից գոհ եմ,- ասում է գնդապետը,- կռվել եմ հայրենիքիս համար և այսօր էլ շարունակում եմ ծառայել նրան: Հիմա իմ ոտնահետքերով նաև որդիս` ավագ լեյտենանտ Կարեն Պողոսյանն է քայլում, ինչ նա կիսատ թողեց, կշարունակի թոռս... Արյանս ամեն մի բջիջում` Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Չարենց, Տերյան ու Թումանյան... Հայոց մեծերի սերն ու պաշտամունքը կա առ հայրենիք: Ինչ վերցրել, ամբարել էի նրանցից, տվեցի պայքարի համար... Դրսում գարունը քայլ առ քայլ, բայց հաստատուն տարածում է իր թևերը, ինչպես մեր բանակը ստեղծվեց, ամրապնդվեց ու կայացավ: Հիմա արդեն ուրախալի իրողություն է, որ այն 15- ամյա պատմություն ունի: Եվ ինչքան էլ մեր լեռնաշխարհի վրա հողագնդի եղանակային փոփոխություններր թևածեն, միևնույն է, աշխարհի քարտեզի վրա հայոց բանակը հաստատում է հայ ժողովրդի և հայոց պետականության հավերժությունը: Քանզի նրա շարքերում կան ու կլինեն բանակի այսօրն ու գալիքը իրենց հայրենասիրությամբ, ռազմական փորձառությամբ ու հմտություն ներով կամրջող անհատներ:

ԼԻԼԻԹ