Նվազեցված տուրքերով դեպի էլեկտրոնային հասարակություն


Ինտերնետի մատակարարումը մեզանում որպես բիզնեսի տեսակ մեկ տասնամյակից մի փոքր պակաս պատմություն ունի: Տեղեկատվական տեխնոլոգիաները քայլ առ քայլ թափանցեցին կյանքի բոլոր ոլորտները` կապելով մեզ աշխարհին և դառնալով հասարակության ու տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խնդիրը ժամանակ առ ժամանակ շրջանառվում է վերևներում` Հայաստանում դրանց տարածումը խրախուսելու հստակ շեշտադրմամբ: Սա այն դեպքն է, երբ ներքևից պահանջ է դրվում, և վերևը այդ պահանջին ընդառաջ է գնում: Խոսքը էլեկտրոնային հաղորդացության ոլորտի զարգացման խոչընդոտների, իսկ ավելի կոնկրետ` դրանց վերացման կամ կարգավորման մասին է: Իրենց` ինտերնետ մատակարարող կազմակերպությունների հետ խնդրի քննարկման ժամանակ նման խոչընդոտ համարվեցին պետական ներկա տուրքաչափերը: Գուցե ճիշտ է ոլորտն առհասարակ նման տուրքերից բեռնաթափե՞լը: Սակայն ինտերնետ մատակարարող ներն իրենք կողմ չէին զրոյական տուրք սահմանելուն` գտնելով, որ տուրք վճարելը կարող է խթանել նման գործունեության ընդլայնմանն ու տարածմանը: Ուրիշ բան է պետական տուրքերի չափերը նվազեցնելը, ինչն աներկբայորեն կնպաստի ոլորտի զարգացմանը, էլեկտրոնային հասարակության կայացմանը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աշխուժացմանը: Նման փոփոխություն է կատարել Կառավարությունը «Պետական տուրքերի մասին» օրենքում: Այս փոփոխությամբ էապես նվազեցվում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար գանձվող պետական տուրքը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նման գործունեություն իրականացնողները 3 մլն դրամի փոխարեն պետք է վճարեն 500 հազ. դրամ: Միայն Երևանում էլեկտրոնային ցանցի շահագործման համար պետական տուրքը 2 մլն դրամի փոխարեն կկազմի 300 հազ. դրամ, միայն մեկ մարզում` 500 հազ. դրամ: Արձանագրելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ձեռնարկված միարժեքորեն դրական քայլը` դիտարկենք հետևյալը: Էլեկտրոնային կապի կարևորության շուրջ արդեն քանի տարի է` խոսվում է: Պետության կողմից դրա զարգացմանը տրվող նշանակության մասին` նույնպես: Այդուհանդերձ, նոր-նոր միայն մտածվում է տուրքերի բեռից ազատելու մասին: Հատկապես հիմա: Ո՞վ իմանա, գուցե ընտրական և նախընտրական տարի՞ն է պատճառը: Այն էլ ասենք, որ պետական տուրքերի մասին փոփոխությունները ինտերնետ մատակարարողներին առայժմ կարող են երջանկացնել հեռանկարայնորեն, քանի որ կյանքի են կոչվելու ամիսներ անց, երբ կձևավորվի նոր խորհրդարան, և օրինագիծը կհաստատվի: Դե, ինչ, էլեկտրոնային ցանցի զարգացման ու տարածման գլխավոր խոչընդոտը հաղթահարված է: Պետությունը պատրաստ է ընդառաջել ներկայացվող այլ արգելքների վերացման հարցում նույնպես: Մնում է, որ ոլորտը հերթով դրանք հրամցնի օրենսդիրին: