Ես քո հոքիրն, ես քո նանն եմ


Կուսակցությունները շարունակում են անդամներ որսալ Հարավ-արևմտյան թաղամասի N 117 շենքի բակում բնակիչները կալմեջ էին արել մի տղամարդու. «Այ մարդ, սենց չի լինի, մեռանք ոտքով ելնել-իջնելով, էդ անտեր լիֆտը սարքեք»: Տղամարդը, որին իրար հերթ չտալով դիմում էին խմբվածները, ձեռքով սաստելու նշան արեց ու հիմա էլ ինքը վրա տվեց իրեն վրա տվողներին: «Ձեզ հազար ասեցի` ստորագրեք, դարձեք բարգավաճ (ուզում էր ասել` կուսակցության անդամ-Ս. Մ.) լիֆտ էլ կունենաք, ամեն ինչ էլ: Այ մարդ, ստորագրեք, սարքենք, պրծնենք: Ստորագրեք, էլի, ձեզնից ի՞նչ ա գնում»: Քանի՞ ստորագրություն ավելացավ «Բարգավաճի» ցուցակներում: Ասում եք` համաձայնած և ստորագրած չլինե՞ն: Շատ իզուր: Չաշխատող վերելակով բարգավաճ երկի՞ր են կառուցում: Բա սլացքով դեպի բարգավաճ Հայաստան գնացող կուսակցությանը արժե՞ խանգարել: Տուկի թել ու կարտոֆիլ ստացողներն իրենցից պակա՞ս են, որ ստորագրել են: Մարդիկ այրվում են երկիրը բարգավաճեցնելու ցանկությունից, սրանք էստեղ մի ստորագրությունն ինչ է, էդ էլ են խնայում երկրի բարգավաճման համար: *** Դուռը բացում եմ ու չեմ հասցնում դուրս գալ: Դուռը թակել պատրաստվող ձեռքը մնում է օդում: «Մորքուր ջան,- դեմս ելած երիտասարդը միանգամից վրա է տալիս,- «Բարգավաճից» ենք, մեր կուսակցության անդամ կդառնա՞ք: Գագիկ Ծառուկյանը մի ընտիր մարդ է, տեսնում եք` ինչ գործեր է անում, խոսքի տեր մարդ է»: Տղային սազն էր պակասում: Շուտասելուկից գլուխս պտտվեց: Ասելիք կարծես չէի գտնում: Մեջս զգացումներ ծնվեցին` ափսոսանքի, խղճահարության: Եվ` վիրավորանքի: Ափսոս էր տղան, չէր կարողացել թույլ չտալ, որ իրեն այսքան չփչացնեն-չնվաստացնեն: Վիրավորված եմ ես. այս ջահելը, այս վարձված ջահելը ինձ մտածելու ունակություն ու սեփական կարծիք չունեցողի տեղ է դրել, հարգելին ու անարգվածը, արժեքավորն ու անարժեքը չտարբերողի տեղ, ումով կարող էր «Բարգավաճին» մի անդամով «հարստացնել»: Ծածկեցի դուռն ու առաջ անցա: Մինչև շքամուտքը ականջիս էր հասնում տղայի ձայնը. «Մորքուր ջան...»: Բարգավաճացուների որսը շարունակվում է: *** Այս անգամ դռան զանգն է հնչում: Շիշ հավաքողները, ժավելի սպիրտ ու օրհնած մոմ առաջարկողները, հացի փող ուզողները քիչ էին անժամ-անժամանակ զանգը հնչեցնում, հիմա էլ կուսակցություններն են դռներս չոքել: - Մենք Դաշնակցությունից ենք, ուզում ենք ճշտել, ձեր տանը քանի՞ ընտրող ունեք: Ձեռքի հետ էլ հարցնում են` իսկ ո՞ւմ եք ընտրելու: Դաշնակցական Վահան Հովհաննիսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Սոցիոլոգները ժողովրդին զզվեցրել են»: Ի՞նչ է, իրե՞նք են փորձում սոցիոլոգների դերն ստանձնել: Ընտրողների քանակն իրենց ինչի՞ն է պետք: Կամ դռնեդուռ ընկնելս ո՞րն է: Հիմա էլ «Օրինացն» է գալիս` կուսակցության պաշտոնաթերթը թևի տակ: Թերթը զրահ է, իսկ հարցը պատրաստ է` Դուք համակրո՞ւմ եք մեր կուսակցությանը: Կուզենա՞ք անդամագրվել: Հերիք է: Ամոթ է: Մեզ լոռեցի Սաքոյի տեղը մի դրեք: