Զինվորի առաջին քայլը սկսվում է դպրոցից


Հայրենիքի հանդեպ միայն պահանջատեր չեն լինում: Ավելին, յուրաքանչյուրն իր կյանքը պետք է ապրի` որպես ծառայություն հայրենիքին: Սա է հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայ րենասիրական դաստիարակության նպատակը, որը Հայաստանի անկախացման տարիներից ի վեր ավելի կարևորվեց, քանի որ երկիրը նվիրյալ զինվորի կարիք ուներ: - Այսօր մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից է արդեն իսկ կայացած բանակը,- ասում է Նոր Նորքի թիվ 163 դպրոցի տնօրեն Կարեն Շահնուբարյանը, առանձնակի հպարտությամբ նշելով, որ այսօր որդին ծառայում է Հայկական բանակում:- Անցած 15 տարիների ընթացքում կամավորական ջոկատներից ձևավորված Ազգային բանակն արդեն տոնում է իր 15-ամյակը: Մենք հպարտանում ենք Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս գովաբանված Հայկական բանակով, քանի որ նրանում իր համեստ ներդրումն ունեն նաև ծնողը, ուսուցիչը, դպրոցը, որի ծոցից դուրս է եկել այդ զինվորը: Նոր Նորքի 6-րդ զանգվածում շուրջ 35 տարվա վաղեմության դպրոցն այսօր էլ շարունակում է քաղաքացի և զինվոր կրթելու իր առաքելությունը, ինչին նպաստում է նաև դպրոցում ձևավորված «Փառքի սրահ»-ը, որտեղ ֆիդայական շարժումից մինչև Արցախյան գոյամարտը ձգվող պատմությունը աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանելու լավագույն օրինակ է: Սրահի պատմությունը վերջ չունի, քանի որ այն շարունակում են այս օրերին Հայկական բանակում ծառայող շրջանավարտների լուսանկարներն ու կենսագրական տվյալները, որոնցով հպարտանում են թե° զինվորների ծնողները, թե° դպրոցում սովորող նրանց կրտսեր քույրերն ու եղբայրները: Այս ամենն, իրոք, հայրենասիրության լուռ դասեր են: Թեև դպրոցի ռազմագիտության կաբինետի տեխնիկական հագեցվածությունը համեստ է պահանջվածից, և չկա զենքի պահեստարան, այնուհանդերձ, դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի անմիջական ջանքերով դպրոցը սոցներդրումների ծրագրում ներառելու իրողությունը պակասը լրացնելու հույս է ներշնչում: Իսկ մինչ այդ, 8-10-րդ դասարանցիները օգտվում են դպրոցի հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հյուրընկալությունից, ուր անցկացվում են ռազմական պատրաստվածության նախնական դասընթացները, ծանոթացնում զենքի տեսակներին: Ինստիտուտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանի աջակցությունն էլ անուրանալի է, քանզի նրա շնորհիվ դպրոցը ձեռք է բերել որոշակի գույք: Աշակերտներն առանձնակի սիրով ու հպարտությամբ են կրում զինվորական վերնաշապիկներ` կարծես այդ կերպ ընդգծելով ոչ միայն հասունությունը, այլև հայրենիքին արդեն իսկ ծառայելու պատրաստա կամությունը: - Ի դեպ, տղաներից ետ չեն մնում նաև աղջիկները,- ասում է Կարեն Շահնուբարյանը,- չեմ զարմանա, եթե նրանք երբևէ բանակում ծառայելու ցանկություն ունենան: Անցյալ տարի Քաղպաշտպանության միջազգային օրվա առթիվ դպրոցի հարակից դաշտում անցկացվող միջոցառմանը աշակերտների պատրաստվածությունից (տարահանում, տուժածներին ցուցաբերվող օգնություն և այլն) գոհ էին հրավիրված զինվորականները, որոնց քննախույզ հայացքից չվրիպեցին իրենց ապագա սաները: Խոսելով առաջիկայում դպրոցի վերանորոգման լայնածավալ աշխատանքներից, տնօրենը հիշատակում է նաև վերոհիշյալ դաշտը թաղապետարանի, ծնողների աջակցությամբ արգելքների գոտի դարձնելու ծրագիրը, որի շրջանակներում տղաները կնախապատրաստվեն բանակային կյանքի սկզբնական դժվարությունների հաղթահարմանը: Արդեն մեկնարկած 12-ամյա կրթության առաջին շրջանավարտների համար բուհ չընդունվելու դեպքում անմիջապես բանակում ծառայելու որոշումը Կ. Շահնուբարյանի դիտարկմամբ ժամանակն անտեղի չվատնելու ճշտորոշ քայլ է: ՏՆօրենը դեմ չէ նաև բանակում կամավորների վճարովի ծառայության գաղափարին: «Իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ դա նաև աշխատատեղ է: Շատերը, բանակում ծառայելով, կարող են միաժամանակ հոգալ ընտանիքի ապահովությունը: Կարծում եմ` դրանից բանակը միայն կշահի, իսկ շատ ու շատ ծնողներ կազատվեն երեխաներին բանակում ծառայելուց «փրկելու» հոգեբանությունից: Ես լավատես եմ Հայաստանի վաղվա օրվա հանդեպ և համոզված եմ, որ լավատեսությունս անհիմն չէ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ