Խնկարկում Մելպոմենայի զոհասեղանին


Գաղտնիք չէ, որ մեր օրերում թատերական մասնավոր նախաձեռնությունը (անտրեպրիզա) մեկ հիմնական նպատակ ունի` նյութական հավելյալ միջոցներ հայթայթել առօրյա որոշակի կայուն բարեկեցության համար: Որպես կանոն, այս առումով իրենց արդարացնում են մասսայական վճարունակ հանդիսատեսի ներկա պահանջների ճշգրիտ հաշվարկի վրա խարսխված նախագծերը: Բարձրաճաշակ, խստապահանջ հանդիսատեսը, սովորաբար, մեծ հույսեր չի փափայում այդ կարգի ներկայացումների նկատմամբ, եթե նույնիսկ մտադրվում է անպայման նայել որևէ մեկը` գայթակղվելով հերթական ազդագրում հայտնված հանրաճանաչ անվան ներշնչած ակնկալությամբ: Ասվածի նոր հավաստիքը կդառնար ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Իվ Ժամիակի «Տիկին, մենք գնում ենք Ակապուլկո» մելոդրամատիկ պատմության ներկայացումը, եթե Ռուսաստանյան Դաշնության ժողովրդական արտիստներ Օլգա Օստրոումովան (Նատ) և Վլադիմիր Ստեկլովը (Ժերոմ) չիմաստավորեին այն իրենց դերասանական բովանդակալից նկարագրերին համարժեք կերպավորումներով: Երբևէ սիրո ռոմանտիկ դրվագներ ապրած, օրինավորի համարում ձեռք բերած նրանց ներկայացրած ամուսնական զույգի առօրյայի ընթացքը հեղաշրջած մեն-մի հեռախոսազանգի առաջացրած փոփոխությունների նուրբ հոգեբանական ենթատեքստի համոզչական բացահայտման ու տրամաբանական հանգուցալուծման անմիջական ներգործությամբ` հանդիսատեսը ներքին տագնապով է համակվում: Գոյատևման մրցավազքի օրավուր կատաղի դարձող ռիթմը պահպանելով` աննկատ կարող ես կորցնել կյանքիդ ամենանվիրական հոգևոր-կենսական սյուներից մեկին` սիրելի կնոջդ: Մի պահ, գուցե կանխազգալով կորուստիդ անխուսափելիությունը, սթափվես, փորձես կասեցնել իրերի երկարամյա անքակտելի համարածդ շղթան փլուզող անսպասելի իրադարձությունը: Բայց, սովորույթի կարծրացած ուժով, անկարող կլինես ինքդ քեզ կառավարել, վերափոխել: Եվ, ապշահարված, չարաչար կհամոզվես, որ կորցրեցիր ունեցածդ կրկին քոնը դարձնելու մեծահոգաբար ընձեռված վերջին շանսդ: Օստրոումովա-Ստեկլով դերասանական բարձրարվեստ զուգախաղը կլանում է ուշադրությունդ միագիծ սյուժետային գծի գունագեղ թատերայնացմամբ, թեթև ու սահուն անցումներով, զավեշտախառն դրամատիզմով, արտիստական հարուստ երանգապնակի և ոչ մի նրբերանգը չխնայող ռուսական բեմարվեստին հատուկ դերակատարումներով: Նուրբ ու քնքուշ է Օստրոումովայի Նատը, անկեղծ ու անսեթևեթ, երբ առաջին անգամ հայտնվում է բեմի վրա մաքրասեր ու կանոնավոր տնային տնտեսուհու կերպարանքով, երբ իրեն ռոբոտացրած ամուսնական նորմալ համարվող կյանքի քսաներորդ տարում, պատահական հնչած սիրային հեռախոսազանգի աննշան թվացող վերընձյուղման հնարավորությանը թերահավատորեն կառչած` տարուբերվում է ներսում, ասես ակամա հասունացող` իրեն լիարժեք կին զգալու արկածախնդրության և մարդկային «ես»-ն անգամ փոշիացնող առարկայացված վիճակում մնալու երկընտրանքի միջև: Ինքնամոռաց բեմական դրսևորումներով Վլադիմիր Վիսոցկուն հիշեցնող Ստեկլովը այնպես միաձույլ է հանդես գալիս իր Ժերոմի կերպարին, որ, թվում է, թե հուզառատ կրակվող այս արտիստը ոչ թե դեր է խաղում, այլ ինքնամոռաց ներկայացնում է իր կյանքի դրամատիկ էպիզոդը` չթաքցնելով հանդիսատեսից որևէ էական մանրամասն: Եվ դա անում է ոչ միայն սեփական ցավը մեղմելու, այլև իր սրտակից զրուցակցին` նույն հանդիսատեսին հնարավոր դժբախտություններից հետ պահելու համար: Թատերական ներկայացման գրավչությունը ապահովող Օստրոու մովա-Ստեկլով անթերի զուգախաղի անմիջական տպավորությամբ հետին պլան է մղվում բեմական պատմության սյուժետային գծի բացահայտմանը սոսկ նպաստող մյուս դերակատարումների մաներային մակերեսայնությունը, բեմադրական ստատիկ մտածողության ակնհայտ անլիարժեքությունը: Կարևորը` պարզորոշ գիտակցում ես, որ անտրեպրիզային ներկայացումները, բացի չոր ֆինանսական եկամուտից, կարող են նաև մշակութային դրական իմպուլսներ ապահովել, եթե նրա մասնակիցները պրոֆեսիոնալ բարձր պատասխանատվությամբ բեմ բարձրանան, հարգեն իրենց մասնագիտությունը, հանդիսատեսին (ի դեպ, այս դեպքում, բացառիկ օրինակելի) և, այդպիսով, արվեստի աշխարհիկ տաճարը` թատրոնը, որում ցանկացած ներկայացում յուրատեսակ խնկարկում պիտի լինի Մելպոմենայի զոհասեղանին... Շերամ-150 Մետաքսի նման նրբահյուս երգեր Հիշո՞ւմ եք, թե վերջին անգամ երբ եք լսել հայկական ժողովրդական երգեր` հարուստ կենսագրություն ունեցող երգի-պարի, ժողգործիքների, ազգագրական համույթների զուլալ ակունքներից բխող մատուցմամբ: Դժվարանո՞ւմ եք ասել: Որովհետև վաղուց «շրջանառությունից» դուրս են հանվել ժամանակին ռադիոյով ու հեռուստատեսությամբ կանոնավոր հեռարձակվող այդ բարձրարվեստ կատարումների ձայնագրություններն ու տեսագրությունները: Մոռացության են տրվել Թաթուլ Ալթունյանի, Արամ Մերանգուլ յանի, Հայրիկ Մուրադյանի անուններն ու երկարամյա բեղմնավոր վաստակը: Չեն հնչում պարզ ու թեթև այդ երգերի կարկաչուն հնչեցմամբ համաժողովրդական սիրո արժանացած երգիչ-երգչուհիների` Արաքսյա Գյուլզադյանի, Վարդուհի Խաչատրյանի, Նորայր Մնացականյանի, Օֆելյա Համբարձումյանի, Վալյա Սամվելյանի, Հովհաննես Բադալյանի և մյուսների ձայները: Մի՞թե չարագուշակ մի դիպվածով հեռուստատեսության ու ռադիոյի ֆոնդերում իսպառ փոշիացան տասնամյակներ շարունակ հեռարձակված բոլոր հաղորդումները: Գուցե միտումնավո՞ր են լռեցվել ժողովրդական երգի երբեմնի զրնգուն, շատերին հոգեհարազատ ձայները, որպեսզի նորահնար փոքրաձայն կամ անձայն «գիսաստղերը» իրենց գերժամանակակից «ճաշակով» ժողովրդի հիշողությունից դեռևս չջնջված հանրահայտ երգահանների լավագույն ստեղծագործություններից «ծեփեն» ինչ որ ուզում են և չունենան «հակառակորդ» կամ մրցակից: Ուրիշ ինչո՞վ կարելի է բացատրել հայկական ժողովրդական երաժշտության բարձրարվեստ կատարում ների աներևույթ օտարումը ազգային պետական ռադիոյի և հեռուստատեսության եթերից: Աստղային նորահայտ հիվանդության ամենասիրած «դեղահաբերից» են արդի գուսանական արվեստի սկզբնավորող ԳՐԻԳՈՐ ՏԱԼՅԱՆԻ (ՇԵՐԱՄ) ստեղծագործական ժառանգության մնայուն արժեքները: Զրկանքներով լի մանկություն ունեցած աշուղ Քյամալիի թոռը ինքն է պատրաստել իր առաջին սազը, թառը, ինքնուրույն էլ նվագել սովորել: Երգեր սկսել է հորինել 12-13 տարեկանից: Առաջին երգը` «Պարտիզում վարդեր բացված», լույս է տեսել Ա. Մխիթարյանցի «Տաղեր ու խաղեր» ժողովածուում: Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի (Մանուկյան Հակոբ) եռյակի կազմում շրջագայել է անդրկովկասյան հայաբնակ վայրերում: Ունեցել է նաև իր խումբը: Շերամի հայրենասիրական և ազգային երգերը` «Անդրանիկին», «Փութանք առաջ» և այլն, ամփոփված են նրա «Գանգատի շանթեր» գրքույկում (1905 թ.): Էջմիածնում Կոմիտասը նոտագրել է նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը: Իր «Շերամ» անունը ստացել է Հովհաննես Հովհաննիսյանից` որպես «մետաքսի նման» նրբին երգեր հորինող: Մոտ լինելով ժողովրդական մտածողությանն ու տաղաչափությանը` գուսանի երգերը ժամանակի հայկական աշուղական արվեստի վերելքի արտահայտություններից են: Շատերը` «Նա մի նազ ունի», «Էլի երկինս ամպել է», «Սիրուններ», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի»... գեղջկական ու քաղաքական երգարվեստի փոխներթափանցմամբ ստեղծված քնարական գունագեղություն ունեն: Ժամանակին նվաճել են ունկնդիրների ու հեռուստադիտողների բազմահազարանոց լսարան: Մարդիկ հազվադեպ էին լինում համերգային դահլիճներում, բայց հնարավորություն ունեին, ըստ իրենց նախասիրությունների, ռադիոյով ու հեռուստատեսությամբ հագեցնելու հոգևոր քաղցը, հետ չմնալու մշակութային կյանքի ընթացքից: Որոշակիորեն սահմանափակված էին արտասահմանյան էստրադային ծրագրերը միայն: Այսօր դերերը, կարծես, փոխվել են: Հազվադեպ համերգային հարթակներից միայն, հատուկենտ մենաելույթներում կարելի է դեռ լսել ժողովրդական երգերի չխեղաթյուրված կատարումներ: Վստահ չեմ, որ դրանք լսել ցանկացողներն իսպառ անհետացել են: Պարզապես «մոդեռն» ռաբիսի ու ժամանակակից էստրադային երգարվեստի (ասենք, դրանք հիմա գրեթե նույնացված են) լուսատիտիկները մրցակիցներ չեն ճանաչում, նույնիսկ կարողանում են չեզոքացնել իբր հնացած հներին, որպեսզի ազատ մորթոտեն հին ժողովրդական երգերը, այդ թվում` Շերամին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ