Կյանքը` առեղծվածային


Այն, ինչ հնարավոր է հիմա, գուցե ուշացած լինի վաղը, այս մասին մոռանալու իրավունք չունենք: Տարիներ առաջ, երբ կարդում էի տվյալ խորագրի ներքո գրված նամակները, զարմանում ու զայրանում էի: Մի՞թե կարելի է բարձրաձայն խոսել մի հարցի մասին, որը միայն քոնն է, քո անձնականն ու խաթարված ճակատագիրը: Ու թվում էր, թե երբեք չեմ բարձրաձայնի իմ «ձեռքբերումների» ու «կորցրածների» մասին: Բայց... Այսօր ինքս եմ խնդրում վերականգնել խորագիրը, քանզի մարդկային փոխհարաբերություններն են ծնում նոր մտքեր ու բնավորություններ, ուրիշների սխալների վրա ենք գիտակցում մեր իսկ մեղքերը, և երևի թե, խոստովանելով մեր սխալները, մեղմացնում ենք մեր հոգու ցավը: Տարիներ առաջ էր: Ինքս ամբարտավան ու կնամոլ երիտասարդ էի: Աղջիկներն էլ անտարբեր չէին իմ նկատմամբ, քանի որ շատ համակրելի եմ: Օրերը անցնում էին վայրկյանների պես` իրենց հետ բերելով նոր ծանոթություններ ու հաճելի պահեր: Բայց ահա մի օր պատահաբար տեսա մի աղջկա, որը էլ ավելի համակրելի էր, քան իմ մնացած ծանոթուհիները: Շատ ինքնավստահ ու հպարտ էր. բացարձակ չէր խոսում հետս, ավելին, արհամարհում էր բացահայտ: Նրան տեսնելիս խենթանում էի, կորցրել էի քուն-դադար: Մեծ դժվարությամբ գրավեցի նրա սիրտը, ու մենք սկսեցինք ընկերություն անել: Նրա հետ շփումը փոխեց իմ ամբողջ էությունը: Դա այնքան էր նկատելի, որ հարազատներս անգամ ակնարկեցին այդ մասին: Իմ մեջ առնական ու բարեկիրթ տղամարդն էր արթնացել: Երկար ընկերությունից հետո ամուսնացանք: Նա ինձ պարգևեց երկու սքանչելի բալիկներ: Նա իմ խորհրդատուն էր, սիրելին, երջանկությունը, ուրախությունն ու հաջողությունն էր: (Ցավոք, դա միայն հիմա եմ հասկանում, այն ժամանակ թվում էր, թե ամենին ինքնուրույն եմ հասել): Ես դարձել էի օրինակելի կերպար: Շատերը նույնիսկ նախանձում էին: Իհարկե, առիթը կար. ունեի երջանիկ ընտանիք, լավ աշխատանք ու գեղեցիկ բալիկներ: Կնոջս համար խելագարվում էի: Բայց... Աշխատանքիս վայրում ծանոթացա մի «դժբախտ» կնոջ հետ, որը ամուսնուց բաժանվել ու երեխայի հետ ապրում էր վարձով: Մենք աշխատում էինք միասին: Ես ամեն ինչում սատարում էի նրան` թե° նյութապես և թե° բարոյապես: Եվ մի օր մենք «մտերմացանք»: Այնուհետև մեր «մտերմությունները» հաճախակի բնույթ ստացան: Մենք այլևս չէինք կարող առանց մեկս մյուսի: Սիրում էի խենթի պես, մոռացել էի թե° կնոջս, թե° երեխաներիս: Աշխատում էի միայն սիրուհուս ու նրա երեխայի համար: Կինս հոգեկան ծանր ապրումներ ունեցավ, բայց ես չցանկացա լսել նրան: Երեք տարի գաղտնի հանդիպումից հետո թողեցի ընտանիքս ու տեղափոխվեցի նրա մոտ` իմ կրքի, իմ իշխանուհու ու տիրուհու մոտ: Շուտով աշխատանքից հեռացվեցի վատ վարքիս պատճառով, դարձել էի ջղագրգիռ ու վատ համբավ էի ձեռք բերել: Հարազատներս ու ընկերներս երես էին թեքել ինձանից: Ֆինանսական ճգնաժամը ծնեց ընտանեկան մեծ անախորժություններ: Տիրուհիս պահանջում էր ավելին, քան կարող էի... Այդժամ ես հասկացա, որ սա միայն խաղ էր նրա համար, որ արցունքներն ու սուտ պատմությունները իր դաժան կյանքի մասին խաղի մի մասն էր, և որ չլինեմ ես, կլինի մեկ ուրիշը: Այդպես էլ եղավ, մի օր նա պահանջեց հեռանալ իր տնից, այնինչ վարձը ես էի վճարում: Չկարողացանք նույնիսկ մեկ տարի համատեղ ապրել: Մտորելու շատ բաներ եղան. չէ՞ որ կնոջս հետ ապրելու ընթացքում եղել է ժամանակ, երբ սոված, անքուն գիշերներ ենք անցկացրել, բայց նա չի տրտնջացել: Այժմ ապրում եմ մենակ, թափառականի կյանքով, իմացել եմ, որ երեխաներիս մայրիկով մի շատ հիանալի մարդ է հետաքրքրվում, բայց նա առայժմ մերժում է նրա ամուսնության առաջարկը: Ու հարց եմ տալիս ինքս ինձ, ինչո՞ւ ենք կորցնելուց հետո միայն զգում կորցրածի կարևորությունը, մի՞թե չենք կարող գիտակցել քայլ անելուց առաջ: ՎԱՀԱՆ Երևան