Մտահոգություն

ԲԱԽՏԻ ԽՈՐԹ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ո՞Վ Է ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ


 

Յուրաքանչյուր տարի տասնյակ չափահասներ են դուրս գալիս մանկատներից: Տասնութ տարին բոլորած, արդեն ճակատագրի հարվածները տարած պատանիները հեռանում են մանկատներից և հայտնվում անորոշության մեջ: Տղաները բանակ են զորակոչվում` գոնե երկու տարով նոր պատսպարան գտնելով, լուծելով իրենց կեցության հարցերը: Բանակից վերադառնալուց հետո նրանք կանգնում են լուրջ խնդիրների առջև` որոնելով ապրելու տեղ, աշխատանք, ապահովություն:

Աղջիկները նույնպես սկսում են ճակատագրի որոնումները` գլխավորապես ապաստան գտնելով վարձու բնակարաններում: Նրանցից մի մասը կարողանում է մի կերպ դիմակայել կյանքի պարզած դժվարություններին: Ոմանք ամուսնանում են, ընտանիք կազմում, սակայն մի մեծ մասը հայտնվում է փողոցում, դառնում անօթևան: Իսկ անօթևանության դեմ պայքարելու համար էլ` ոչ քչերը դիմում են մարմնավաճառության... Երբեմն մարմնավաճառության մեջ են ներքաշվում մանկատների տղա սաները:

Սրանք բնավ էլ հեռուստասերիալներից կամ էժանագին բուլվարային մամուլից քաղված նկատումներ չեն: Մեր տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել ասվածի ճշմարտացիությունը:

Բացառիկ են դեպքերը, երբ այս կամ այն համայնքում գտնվող մանկատունը զգում է համայնքային իշխանությունների հոգատարությունը: Երբեմն բարեգործներ են աջակցում, ձեռք բերում բնակարաններ, անգամ մանկատան շրջանավարտների հարսանիքների կնքահայր դառնում:

Սակայն նման դեպքերն այնքան քիչ են, որ դիտարկվում են որպես արտառոց երևույթներ, մի տեսակ հերոսացնում բարի կամք դրսևորողներին:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանել է մանկատան շրջանավարտների հանդեպ պետական հոգածության դրույթը. պետությունը պարտավորվել է` նրանց ապահովել բնակարանով, լուծել աշխատանքի և ուսման հարցերը: Եթե ուսման հարցերն այսպես թե այնպես լուծվում են, և մանկատների նախկին սան-դիմորդներն օգտվում են որոշակի արտոնություններից, ապա մի շոշափելի զանգված մնում է ուշադրությունից դուրս:

Փորձեցինք պարզել, թե վերջին հինգ տարիների ընթացքում մանկատան քանի՞ շրջանավարտ է ստացել բնակարան, քանիսի՞ աշխատանքի տեղավորման հարցերն են լուծվել: Բնակարանով ապահովվել է ընդամենը... չորս շրջանավարտ, ընդորում, բոլորը` Գյումրի քաղաքում: Իսկ մյուս մանկատների շրջանավարտներին տրվել են խոստումներ և մոռացվել: Որոշ պաշտոնյաներ պնդում են, թե պետությունը չունի բավարար միջոցներ: Բայց պետական բյուջեով նախատեսվում են սոցիալական ծրագրերին անհրաժեշտ հատկացումներ: Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, ովքե՞ր են իրենց ձեռքերը տաքացնում «բախտի խորթ զավակների» համար նախատեսված գումարներով... Մենք ուշադրությամբ հետևել ենք Հայաստանում իրենց մեծագույն բարեգործներ հռչակած «Վիվասել ՄՏՍ», «Օրանժ» և այլ ընկերությունների իրականացրած բարեգործական ծրագրերին: Դրանցում որևէ նախաձեռնություն չկա սոցիալական այս խմբի համար: Հասկանալի է, իրենց այս երկրի կորպորատիվ քաղաքացիներ համարող և մեր գրպանների հաշվին բարեգործություններ անող անձինք բարոյական օգուտներ չեն ակնկալում մանկատների նախկին սաներից: Դե, մի քանի բնակարանի մասին պատմությունները կարող են մոռացվել, քանի որ դրանք «լոկալ» բարեգործություն են, բայց ահա հրապարակային հանդիսություններով և տարփողումներով մի քանի նոթբուք կամ էլ համակարգչային ակումբ նվիրելը դառնում է համազգային ցնծություն...

Գուցե հիմա, երբ առջևում ընտրություններ են, մեր մի քանի կուսակցություններ և պատգամավոր դառնալու միտում ունեցող դրամատերեր ոչ թե ընտրակաշառք բաժանեն, այլ այդ գումարներով բնակարաններ գնեն ու նվիրեն մանկատների շրջանավարտներին: Հասարակական արձագանքը շատ ավելի մեծ կլինի, քան 3-5 հազարական դրամ բաժանելը, քանի որ մարդիկ վերցնում են այդ գումարները, հայհոյում բաժանողներին և գնում տեղամաս` ձայն տալու մեկ ուրիշի...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ