ԹՈՒՐՔԻՈ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ


 

Ամերիկյան քաղաքական շրջանակներն արդեն քննարկում են Թուրքիային ՆԱՏՕ-ի շարքերից վռնդելու հարցը: Սա վերջին օրերի ամենասկանդալային իրողությունն է, քանզի բացառիկ դեպքերում է միայն Հյուսիս-Ատլանտյան դաշինքը դիմում նման կտրուկ քայլերի` քննարկելով իր անդամներից որևէ մեկին կառույցից դուրս թողնելու հարցը:

Ուշագրավն այն է, որ այդ հարցը քննարկվում է Միացյալ Նահանգներում. մի երկրում, որի գործուն ջանքերով է Թուրքիան դարձել ՆԱՏՕ-ի անդամ, ստացել մեծ աջակցություն: Ավելին, հենց ԱՄՆ-ն է Թուրքիային օժտել արտակարգ լիազորություններով` տարածաշրջանում իրականացնելու պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը, իրեն հռչակելու արևելյան «ոստիկան»: Հենց Վաշինգտոնն էր շահագրգռված հարթելու թուրք-իսրայելական հակամարտությունը` տարածաշրջանում իր ազդեցությունները մեծացնելու և նոր հենարաններ ձևավորելու համար:

Այսօր, սակայն, Օբամայի վարչակարգը որդեգրում է մի նոր քաղաքականություն և սպառնալիք հնչեցնում Թուրքիայի հասցեին:

Ինչո՞վ է պայմանավորված դիրքորոշումների փոփոխությունը, և ի՞նչ է ուզում Վաշինգտոնն Անկարայից: Այս հարցն ունի մի քանի ենթաշերտեր, որոնց բոլորի առանցքում էլ կարող է հայտնվել Հայաստանը` որպես Թուրքիային սահմանակից պետություն: Եվ ոչ միայն: Վաշինգտոնում վերջապես հասկացան, որ Թուրքիան անհուսալի գործընկեր է` հենված միայն սեփական շահերի և քաղաքական պոպուլիզմի վրա: Վարելով երկդիմի քաղաքականություն, գործընկերային հարաբերություններում դրսևորելով ոչ հստակ, հաճախ նաև լղոզված դիրքորոշումներ, Թուրքիան, ըստ էության, խառնշտում է ամերիկյան հաշվարկները և մղվում դեպի սեփական շահերի առանձնացումը, ինչն էլ դառնում է վտանգավոր ողջ տարածաշրջանի համար:

Սիրիական ճգնաժամը, պարզվում է` հրահրվում է Թուրքիայի կողմից` տարածաշրջանում ստեղծելով լարվածության նոր օջախ` այստեղ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի հեղինակությունը: Եթե Օբամայի վարչակարգի համար գլխավոր է համարվում Սիրիայում հավատարիմ կառավարության ձևավորումը` այս հզոր երկիրն իրեն ենթարկելու հեռանկարով, ապա Թուրքիան` լարվածություն ստեղծելով այստեղ, կամենում է ընդլայնել սեփական տիրույթները, սիրիական հողում տեղավորել իր ռազմական ստորաբաժանումները` աստիճանաբար ձգտելով նոր տիրապետության: Հենց սա էլ գաղտնազերծվել է Վաշինգտոնի կողմից: Եվ ոչ միայն Վաշինգտոնի:

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի մյուս պետությունները, որոնք դեմ են ավելորդ լարվածությանը, բացահայտել են, որ մեկ տարուց ավելի Թուրքիան ապակողմնորոշել է բոլորին և առիթ տվել լարվածության աճին: ՆԱՏՕ-ն, այսօր հիմնական գործընկեր ճանաչելով Իսրայելին` նպատակադրված չէ Մերձավոր Արևելքի ապակայունացմանը: Մինչդեռ դա դարձել է Թուրքիայի գերխնդիրներից մեկը, ինչը նա իրականացնում է ՆԱՏՕ-ի անվան տակ` այն երևութականությունը ստեղծելով, թե իրականացնում է վաշինգտոնյան ծրագիրը:

Թուրքիայի նպատակներից մեկն էլ առաջխաղացումն է դեպի Այսրկովկաս, որտեղ նա արդեն ձեռք է բերել հավատարիմ գործընկեր` հանձին Վրաստանի: Սակայն վերջին օրերի զարգացումները հուշեցին, որ ՆԱՏՕ-ն ոչ թե Թուրքիային, այլ Վրաստանին է կամենում տեսնել տարածաշրջանային հենարանի դերում` աստիճանաբար նվազեցնելով Թուրքիայի դերը:

Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո որոշակիորեն կթուլանա ռուսաստանյան ազդեցությունը, ինչն էլ Հայաստանին կստիպի մտածել նոր ռազմավարության մասին: Սակայն, որպես լուսավոր կետ` ներկայանում է Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, որովհետև Անկարայի նպատակը Մեծ Թուրանի ծրագրի իրականացումն է` առաջավոր ջոկատ ունենալով Ադրբեջանը: Բայց հավասարակշռությունների փոփոխությունը Թուրքիային զրկում է պատմական ծրագրի իրականացումից և Հայաստանի համար հնարավորություն ստեղծում մերձենալու ՆԱՏՕ-ին, մեծացնելու գործընկերային հարաբերությունները:

Ահա վերջին օրերի քաղաքական համապատկերի կարևորագույն դրվագներից մեկը, որը հայաստանյան արտաքին քաղաքականության մեջ արդեն իսկ պիտի հրամայական դարձնի հայեցակարգերի փոփոխության խնդիրը:

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ