Արաբների ձեռքով Սիրիայից «շագանակներ» հանելու մեխանիկան


 

Եթե նկատի ունենանք, որ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լեզվի սայթաքում է ունեցել` ասելով, թե Սիրիայի ապստամբներին պետք է զինված օգնություն ցույց տրվի, բայց ոչ արևմտյան երկրների կողմից, ապա կարելի է արձանագրել. Արաբական պետությունների զինված ուժերի ներգրավումով Ասադի ռեժիմի տապալումը նրբորեն մշակված սցենար է: Արևմուտքն իր ուսերից կգցի պատասխանատվությունը, «շագանակներն» իր համար կրակից կհանեն արաբական երկրները: Սակայն ՌԴ արտգործնախարարին նման պարզունակ տրյուկով խաբել` դժվար թե հաջողվի:

Արևմուտքն առայժմ ձեռնպահ է մնում Սիրիային ռազմական հարված հասցնելու մտադրությունից, քանզի չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ: Սակայն, հատկապես վերջին օրերին, կարծես թե ուրվագծվում է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի բավական խորամանկ մարտավարության «մեխանիկան»: Արևմուտքի կողմից լուրջ «մշակում» անցած «Արաբական պետությունների լիգան» երկու օր առաջ բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ին` համատեղ ուժերով Սիրիայում խաղաղարար գործունեություն ծավալելու առաջարկությամբ: Ուշադրություն դարձնենք` «խաղաղարար գործունեություն», ոչ թե ռազմական միջամտություն կամ ապստամբների զինում: Հիմնական նախաձեռնողները` ԱՄՆ-ին խիստ հավատարիմ «Արաբական պետությունների լիգայի» երկրներ Սաուդյան Արաբիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրություններն են:

ԱՄԷ-ի իշխանություններն այս նախաձեռնությունը ներկայացրել են նաև ռուսական կողմին: Արձագանքը, բնական է, խիստ դիպուկ է եղել: ՌԴ արտգործնախարարն ասել է. նախ եկեք պարզաբանենք, թե ինչ ենք հասկանում «խաղաղարար ուժեր» ասելով: Դրանք կարող են մտցվել Սիրիա միայն այն դեպքում, երբ զինված բախումները դադարեն, այսինքն որոշակի զինադադար լինի: Սերգեյ Լավրովը հասկացնել է տվել, որ շարունակվող պատերազմի պայմաններում, այսպես կոչված խաղաղարար ուժերը ստիպված են լինելու մտնել կռվի մեջ, իսկ թե ո՞ւմ կողմում` պարզից էլ պարզ է: