ՓԱԿՈՒՂԻ


 

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Էրեբունի համայնքի երկու ընտրատարածքներից և ոչ մեկում: Առավելապես «Խուճուճ Էդո» մականունով հայտնի Մադաթյանը քաղաքականություն վերադառնալու իր հերթական փորձն անիրատեսական է համարել` երբ հայտնի է դարձել, որ հարազատ համայնքի ընտրատարածքներից մեկում առաջադրվելու է Էրեբունու ներկայիս թաղապետ Մհեր Սեդրակյանը, ում հետ Մադաթյան ները խնամիական կապեր ունեն: Իսկ մյուս ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է ԱԺ ներկայիս պատգամավոր Մարտին Սարգսյանի թեկնածությունը:

Ի դեպ, առաջիկա ընտրություններին մասնակցելուց զերծ կմնա նաև Է. Մադաթյանի որդին, ում անունը նույնպես մինչև վերջերս շոշափվում էր: Փաստորեն կստացվի այնպես, որ նախկին նախարարը բավական թանկ կվճարի «Օրինաց երկրի» հետ համագործակցելու համար: Դեռ ամիսներ առաջ «Խուճուճին» հավանական էր թվացել ՕԵԿ-ի ԱԺ անցնելու հնարավորությունը, ու նա սկսել էր հույսեր փայփայել` որոշակի ծառայությունների դիմաց այս քաղուժի ցուցակում անցողիկ տեղ զբաղեցնելու: Հիմա արդեն Է. Մադաթյանն իրեն անհաճո փաստի առաջ է հայտնվել. հանուն մանդատի չարժե ազգականների հետ նախընտրական հակամարտության մեջ մտնել: