«Շատացրեք հայրենիքի հանդեպ Ձեր սիրո ագահությունը»,- ասել է մեծն Տերյանը


 

Վահան Տերյան քնարերգակի կենսապատումից 1970 թ. հետաքրքիր մի մանրամասն է պատմել ծնունդով չանդուրեցի, Ախալքալաքում ապրող Տերյանի մոր կողմից բարեկամ Գաբրիել պապը: Այն քչերին է հայտնի և տպագրվում է առաջին անգամ.

- ...Երբ Վահանը գալիս էր Ջավախք, նրան ճանաչող ուսյալ մարդիկ փնտրտուքի մեջ էին, միմյանց հարցնում էին` որտե՞ղ, ո՞ւմ տանը, ո՞ր գյուղում է «իջել» Վանիկը... Պաշտում էինք նրան. գյուղեգյուղ էինք ընկնում, որ հրավերքով պատվեինք նրան: Ահա 17 թվին էր. խառնիխուռն էր «աշխարհը», երբ Տերյանը հատուկ հանձնարարությամբ 1-2 օրով հայտնվեց: Նրա առաքելությունը հրատապ էր և գաղտնի: Ախալքալաքի Տաղվան ձորի մոտակայքում հավաք էր կազմակերպված: «Բուրժուա մնացորդների» դավաճան աչքից հեռու այդ տեղանքում մի 70-100 կռված տղերքի համար Տերյանը կարևոր դասախոսական քարոզ կարդաց: Իհարկե, այդ ելույթը հսկվում էր մի քանի աչալուրջ, զինված, կարմիր գլխարկավոր ների կողմից:

Մի խոսքով, մթնոլորտը շատ լարված էր, բոլորիս համար Վահանն ուժ էր` չէ՞ որ եկել էր Լենինի և նրա թիմի կողմից մեզ ամրացնող ոգի հաղորդելու: Մեր տղաները հետո նաև պոետին թաքուն փախցնելու պատրաստություն էին տեսնում (ձիերը, սայլերը). որոշում էին, թե ո՞ր ճանապարհով հետապնդվող Տերյանին տանեին, որ հանկարծ այդ ուղղության վրա թշնամու հարձակում չլիներ: Այդ խառնիխուռնի մեջ, մի քարաժայռի հենված` ղաչաղ երկարականջ Փիլոսը սերուցքով լի կավե փարչը գլխին քաշել, շատ դինջ` խմում էր, մի ձեռքով էլ` գարեհացի բրդուճն էր մեծ կտորներով ուտում... Տեսարանը չվրիպեց Վահանի հայացքից. մեղմ թախիծն աչքերին` պոետը կիսազայրույթը և հումորը խառնած իրար, բարբառով ասաց. «Ուտելու ագահությունը մեգալ կողմը թողեք, տղաք: Հայրենիքի համար Ձեր սիրո ագահությունը շատը ցուցեք. մահու, կռվի օրեր են, ծո´ պնդացուցեք գոտիներդ. մեր գյուղերը չհանձնեք թուրքին...»: Ղաչաղ Փիլոսը կարմրած դեմքով, գլխահակ, տռզած, ամուր ու ձիգ քայլվածքով մոտեցավ Վահանին, փաթաթվեց. «Վահան ջան, օր չուտեի անոթի մնայի, ի՞նչըխ չոլ ու արտ անտեր թողնեի, էլ ինչըխ էլ մեր մորը լացեցնողի դեմ կռվեի...»:

Ժողովից հետո թիկնապահների հետ ձորից դուրս գալուց Տերյանը մի ծաղիկ պոկեց-ամրացրեց գրպանի օղակին, ցածրաձայն ասաց.

- Կարոտս չառած սարից ու ձորից, աղբյուրից ու գյուղերիցս` Թիֆլիզ շտապեմ` Հովհաննես այնտեղ կսպասե...:

Գաբրիել պապի պատմած Տերյանի կյանքի այս փոքրիկ հուշ-էջը թող դառնա նրա ոսկեգանձ սրբությունների մեջ համեստ մի կաթիլ լույս` Բանաստեղծի ծննդյան օր-խնկելին զարդարելու համար:

Լ. ԹՈՓՈՒԶՅԱՆ