ԵՎՍ ՄԻ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ


 

Հայաստանի թատերական գործիչների միությունում, նախագահ Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ կայացած ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխության մասնագիտական-փորձագիտական խմբի անդրանիկ խորհրդակցությունում ներկայացվեցին տարբեր թատրոնների և ստեղծագործական խմբերի հայտերը: Մեզ հետ զրույցում Հակոբ Ղազանչյանն առաջին հերթին նկատեց.

- Տասը տարուց ավելի պատմություն ունի մեր «Արտավազդ» մրցանակաբաշխությունը և ուշագրավն այն է, որ ոչ թե նվազում է հետաքրքրությունը նրա հանդեպ, այլ օրավուր մեծանում: Զարմանալի բան է կատարվում մեր թատերական կյանքում: Որքան շատ ենք խոսում հանրային կյանքում թատրոնի ունեցած դերի նվազման, ֆինանսական նեղություն ների, պետության կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքի մասին, այնքան ավելանում են ներկայացումները, թատերական նախաձեռնությունները: Այս ժողովուրդն իսկապես առեղծվածային է. ստեղծագործելու անհագ տենչը, թատերական իրականության մեջ նորարարությունների հաստատման կիրքը չի հեռանում նրանից: Ու այս պարագայում ես այնքան էլ չեմ տխրում, որ ոչ միշտ են լեցուն մեր դահլիճները, որ որոշ թատրոններ հատկապես մարզերում, ստիպված են աշխատել հիմնականում պատանի հանդիսատեսի համար: Կարևորն այն է, որ տեղի են ունենում չափազանց հետաքրքիր թատերական գործընթացներ, փառատոներ, մրցանակաբաշխություններ:

Մեր այն դիտարկմանը, որ հատկապես երիտասարդներն են վերջին շրջանում ակտիվացել, Հ. Ղազանչյանը պատասխանեց.

- Այո´, միանգամայն համաձայն եմ: Երիտասարդ բեմադրիչների հանրապետական փառատոնը ցույց տվեց, որ ունենք արդեն շատ հետաքրքիր մտածողություն ունեցող երիտասարդ բեմադրիչներ: Այսինքն, հերթափոխի հարցը լուծված է: Այսօր արդեն կարող ենք տալ տասը շնորհալի բեմադրիչների անուններ, ովքեր արդեն իսկ չափազանց լուրջ հայտեր են ներկայացնում: Այդ ո՞ր ժամանակաշրջանում է հայ թատրոնը կարողացել հպարտանալ այսչափ երիտասարդ բեմադրիչներով: Խնդիրը քանակը չէ: Մենք առաջնորդվում ենք այն ներուժով, որն արդեն ձևավորվել է:

Անդրադառնալով «Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացված հայտերին ՀԹԳՄ նախագահն ասաց.

- Հայտերը չափազանց շատ են, ամեն մի թատրոն մի քանի հայտ է ներկայացրել: Սա և´ ուրախացնում է, և´ տխրեցնում: Ուրախացնում է, որովհետև թատերական տարվա ընթացքում բազմաթիվ ներկայացումներ են ծնվել, նոր ու հետաքրքիր դերակատարումներ են արձանագրվել, սակայն տխրեցնում է այն հանգամանքը, որ թատրոնները ջանում են ամեն ինչ ներկայացնել` երբեմն հաշվի չնստելով բարձր չափանիշների հետ: Այս իրավիճակում դժվարանում է մասնագիտական-փորձագիտական խմբի գործը, մարդիկ դիտում են տասնյակ ներկայացումներ, որոնց մեջ կան այնպիսիք, որոնք չափազանց սովորական են, շարքային... Կարծում եմ, որ առաջիկայում կմտածենք կանոնակարգման և կատարելա գործման մասին:

Իսկապես, շատ թատրոններ պարզապես առաջնորդվում են այն սկզբունքով, որ մասնակցության հայտ ունենան, չվիրավորեն իրենց ստեղծագործողներին: Այդ կերպ, սակայն տարուբերվում են չափանիշները, մրցանակաբաշխությունը կորցնում է իր բացառիկ նշանակությունը: Տակավին տխրեցնում է մարզային շատ թատրոնների թշվառ վիճակը, դերասանական խմբերի ծերացածությունը: Այս իմաստով ամենավատ վիճակում է գտնվում Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնը, որի խնդիրներով չեն կամենում զբաղվել առաջին հերթին մարզային իշխանությունները: Ճիշտ է, արդեն սկսվել են շենքի հիմնանորոգման աշխատանքները, բայց կարևոր է նաև դերասանախմբի պահպանման և երիտասար դացման հարցը: Երևանից ոչ շատ հեռու գտնվող Գավառի թատրոն երիտասարդներ չեն գնում: Չեն գնում, որովհետև չափազանց ցածր է աշխատավարձը, չկան բնակարանային պայմաններ: Մինչդեռ մարզային իշխանությունները կարող էին չօգտագործվող բնակֆոնդից մի քանի սենյակ տրամադրել երիտասարդներին` որպես հանրակացարան: Կարող էին կառավարության առջև խնդիր բարձրացնել` վերականգնելու բարձր լեռնային գոտիներում տրվող հավելավճարը, ինչն էլ լավագույն խթան կհանդիսանար, որ շատերը ձգտեին դեպի Գավառ: Փոքր ինչ տարակուսելի է, որ ողջ երկրում բարեգործություններ իրականացնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի աջակցում Գավառի պետական թատրոնին` թեև մարզպետը նույնպես ԲՀԿ-ական է...