Դիվանագիտական միամտություն


 

Լավությունն անպատիժ չմնաց

Իտալիայի ոստիկանությունը 40 կգ կոկաին է հայտնաբերել Էկվադորից ուղարկված դիվանագիտական ուղեբեռում: Էկվադորի արտգործնախարարը բացառել է, որ ապօրինի այդ գործողությանը կարող էր մասնակից լինել իր գերատեսչության ծառայողներից որևէ մեկը:

Կոկաինը հայտնաբերվել է մի արտիստի պատկանող թատերական դեկորների մեջ: Արտիստը ԱԳՆ-ից աջակցություն է խնդրել, որպեսզի խուսափի մաքսային խնդիրներից: Դիվանագիտական գերատեսչությունն էլ չի մերժել, որովհետև կամեցել է նպաստել մշակութային ձեռնարկումներին, որոնք կարող էին մեծացնել զբոսաշրջային հետաքրքրությունները: Բայց նրանց պատասխանատվությամբ Կիտոյից առաքված 10 արկղերից 8-ում թմրանյութ է հայտնաբերվել: Ուղեբեռը բարձելուց առաջ մանրազնին ստուգվել է, և արտգործնա խարար Պատինյոն գտնում է, որ կոկաինն արկղերի մեջ կարող էր դրվել ուրիշ երկրում, քանզի ինքնաթիռն ուղիղ չվերթով չի մեկնել Իտալիա:

Արտիստը և մեկ այլ կասկածյալ ձերբակվել են:

Ուրեմն` հեռաթափանց դիվանագետներին ևս մոլորեցնելը դժվար գործ չէ:

Սահակաշվիլին` ընդդիմության ոտնատակին

Ավելի ճիշտ` ոչ թե Սահակաշվիլին անձամբ, այլ` նրա մեծադիր լուսանկարը:

2006 թ. զոհված Զուրաբ Վազագաշվիլիի հիշատակին նվիրված ակցիայի մասնակից ընդդիմության, հասարակության ներկայացուցիչները, բազմաթիվ փաստաբաններ և իրավապաշտպաններ քայլել են վրաց նախագահի պատկերի վրայով:

Պաշտոնական լրատվության համաձայն` Վազագաշվիլին և Ալ. Խուբուլովը այն ժամանակ սպանվել էին` ավազակային հարձակման մեջ կասկածյալների դեմ ձեռնարկված գործողությունների արդյունքում: Սակայն սպանվածների ընտանիքները, ընդդիմությունը և իրավապահները չեն հավատում այդ վարկածին ու կարծում են, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները: Իշխանություններն այդ առնչությամբ հետաքննություն էին սկսել, սակայն 2007-ին դադարեցրել էին` հիմնավորելով, որ «հանցագործներին ձերբակալելիս ոստիկանները չեն գերազանցել իրենց իրավասությունները»:

Ինքն էլ տրորելով Սահակաշվիլու նկարը, երկրում մեծ համբավ վայելող ձեռնարկատեր, նախագահի հռչակավոր հակառակորդ Բիձինա Իվանիշվիլին պահանջել է նոր հետաքննություն կատարել և պատժել մեղավորներին.

- Նա (Սահակաշվիլին) դեռ կարող է դա անել այսօր, ինչին ես, իհարկե` կասկածում եմ: ...Եթե նա այդ չանի` անպայման կանենք մենք,- օլիգարխի խոսքերը մեջբերել է «Նովոստի-Գռուզիա»-ն):