Անդորրասեր սողունը


 

Ավստրալիական Սիդնեյի մերձակա սողունների զբոսայգու հսկա բնակչի նյարդերը չեն դիմացել սիզամարգերը հարթեցնող սարքի աղմուկին, և նա սարքն իր ջրավազանն է սուզել:

Իր ծանրաբարո վարքով սիրված հինգ մետրանոց Էլվիս կոկորդիլոսը շա˜տ է վախեցրել գազոնահարթիչով աշխատող մասնագետին` երբ իր ամեհի ծնոտով վերցրել ու դեպի լողավազան է քարշ տվել իր անդորրը խաթարող գործիքը:

- Մինչ մենք կհասցնեինք ինչ-որ բան հասկանալ, Էլվիսն արդեն քաշել-տարել էր գազոնահարթիչն ու սուզել իր վանդակը,- պատմել են ականատեսները:

Դե, իհարկե, մետաղյա սարքի համը նրա քիմքին հաճելի չէր կարող լինել, բայց համտեսելուց խեղճ սողունը կոտրել էր մի քանի ատամ: Մեծատամը խստորեն պաշտպանել է իր որսը` վայրկյան անգամ չհեռանալով դրանից: Իր նոր խաղալիքից գիշատչին շեղելու միջոց, այնուամենայնիվ գտնվել է. կենդանաբանական այգու աշխատակիցները ջրավազանի հակառակ կողմում կոկորդիլոսի ամենասիրելի խորտիկն են դրել` կենգուրուի միս: Մինչ Էլվիսը կվայելեր իր արտահերթ ճաշը, վախվորած աշխատակիցները դուրս են քաշել սարքը: