Ոսումնատենչ ձկնորսը


 

Ամերիկյան Կոննեկտիկուտ նահանգցի Ջիմ Առուդա Հենրիի մերձավորներն անգամ չեն կռահել, որ նա կարդալ չգիտե: Ծագումով պորտուգալացի Ջիմն ընդամենը 3-րդ դասարանն էր ավարտել` ստիպված լինելով ձկնորսությամբ զբաղվել և օգնել ծնողներին: Նրա գաղտնիքը միայն կինը գիտեր, ում Առուդան ուղարկել էր քարտուղարների դասընթացների, որպեսզի գոնե նա կարողանա ընտանեկան հաշիվները վարել:

- Երբ ռեստորան էինք գնում, նա սպասում էր` մինչև մեզանից մեկն ինչ-որ բան պատվիրեր: Դրանից հետո ասում էր` «Թերևս ես էլ նույնը կուտեմ»: Իսկ երբ նրան էին ներկայացնում հաշիվը, հարցնում էր` «Որքա՞ն եմ ձեզ պարտք»:

92 տարեկան հասակում` 2005 թ., նա վերջապես վճռել է կարդալ սովորել` սկսելով այբուբենը սերտելուց: Սիրելի կնոջ անակնկալ մահից ցնցված` ծերունին դադարեցրել է ուսումը, սակայն 2009-ին վերսկսել պարապմունքները: Սովորելուն զուգընթաց` իր հուշերն է հանձնել գրքին և 2011-ին 98-ամյա աշակերտն արդեն հուշերի ձեռագիր գիրք ուներ` «Ձկնորսի լեզվով» վերնագրով: Անցյալ տարեվերջին այն հրատարակվեց` միանգամից ճանաչում բերելով հեղինակին: Կինոպրոդյուսերներն արդեն քննարկում են դրա շուտափույթ էկրանավորման հարցը:

- Ամեն մեկն իր պատմությունն ունի: Իմ կյանքն ինձ հասարակ մի իմաստնություն սովորեցրեց` երբեք չհանձնվել,- խոստովանել է նորաթուխ գրողը:

Անփութությունը` ողբերգության պատճառ

Չելյաբինսկի շրջանում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը մեծ ցնցում է առաջացրել: 10 ամսեկան տղան խեղդվել է ջրով լի կաթսայի մեջ:

Զոհված փոքրիկի ծնողները պատմել են, որ ջրատար խողովակների վերանորոգման պատճառով բնակարանում 1 շաբաթ ջուր չի եղել, և հավաքած ջրի պաշարը ու նաև ծնողների անփույթ վերաբերմունքն են դարձել ողբերգության պատճառ:

Որքան էլ զարմանալի է` ողջ ընտանիքը տանն է եղել, մայրը` տնային աշխատանքներով զբաղված, իսկ հայրը` հարբած քնած: Հարուցվել է քրեական գործ, չի բացառվում նաև երեխային սպանելու հնարավորությունը: