ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ «Ի՞նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին...»


Մահկանացու մարդ արարածը մի փխրուն հյուլե է տիեզերական անսահմանության մեջ և անզոր` կանխորոշելու ու կարգավորելու իր երկրային կարճատև գոյության ընթացքը, եթե նույնիսկ օժտված է անխոտոր սկզբունքայնությամբ, կամային բացառիկ հատկանիշներով` իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ըստ մանկուց իրենում բուն դրած նախասիրությունների, հոգևոր-բարոյական պահանջների: Ամենից առաջ դիպվածն է «խմբագրում», ճշգրտում նրա կենսական ճանապարհը: Ասվածի ամենացայտուն հավաստիքը Ամիրան Գալստյանի` մոտ վեց տասնամյակ ձգվող կյանքի ուղին է` կտրուկ շրջադարձերով, անկանխատեսելի փոփոխություններով առլեցուն: Անհոգ մանկությունը գյուղական պարզ ու շիտակ միջավայրում` մի կենդանի թատրոն է եղել, վառվռուն գույներով: Այստեղից էլ, գուցե ենթագիտակցաբար, սերը դեպի Մինասի ու Սարյանի հայկական երանգները: Ժամանակները նպաստավոր էին մշակութային կենսական - հոգևոր էներգիայով շարունակաբար լիցքավորվելու համար. ամենուր գործում էին մշակութային պալատներ, որոնց առօրյան հատկապես իմաստավորվում էր արվեստագետների մասսայական հյուրախաղերով: Չկար մի խուլ անկյուն մեր քարքարոտ փոքրիկ երկրում, որն անհաղորդ լիներ հոգևոր կյանքին: Կյանքի արևով զրնգուն ճառագող օրեր, որ խինդ էին սփռում, Բարու և Գեղեցիկի առողջ սերմեր: Այս առումով հատկապես բախտավոր էր Ամիրանենց ընտանիքը, ուր մշտապես հյուրընկալվում էին ճանաչված արվեստագետներ` գեղջկական անսեթևեթ ջերմությամբ շրջապատված` հոգևոր-մարդկային բարձրարժեք սնունդով հարստացնելով հանպատրաստից տոնախմբությունները: Եվ արվեստի նկատմամբ սերն ու պահանջը կաթիլ առ կաթիլ ներարկվում էին մանուկ Ամիրանի հոգում, խթանում մտքի ու երևակայության թռիչքը: Հատկապես թատրոնով հմայվելով` սկսում է գյուղական ակումբում փոքր ու մեծ դերեր խաղալ, թատերականացված միջոցառումներ կազմակերպել: Այլևս կասկած չկար, որ միջնակարգն ավարտելուց հետո դեպի թատրոն տանող ճանապարհով է գնալու, միմիայն թատրոն: Մինչդեռ... «Ի՞նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին...»: Հայտնվում է Թատերական ինստիտուտի շեմին, ծանոթանում ընդունելության մասնագիտական պահանջնե րին ու գլխիկոր, լռելյայն բռնում տունդարձի ճամփան, որ անցնում էր Գյուղատնտեսական ինստիտուտի մոտով: Եվ` դիպվածը խաղում է իր առաջին մեծ դերը նրա կյանքում. ընդունվում է գինեգործության-այգեգործության բաժինը: Գերազանց ուսումնառության տարիները չեն հեռացնում Ամիրանին մանկության ամենանվիրական երազանքից: Կրկին դիմում է Գեղարվեստաթատերական, փայլուն հանձնում երբևէ չինարեն թվացած մասնագիտական քննությունները ու դառնում հայ բեմի ամենաբարեկիրթ երախտավորներից մեկի` Կիմ Արզումանյանի ուսանողը: Կյանքը նոր ընթացք ու բովանդակություն է ստանում` արագացնելով նույնիսկ առօրյա ընթացքը: 1973-ից, երբ III կուրսում էր, սկսում է ելույթավճարով հանդես գալ Դրամատիկական թատրոնում, ձայնագրություններ անել կինոստուդիայում: Ամեն ինչ, կարծես, իր բնականոն հունի մեջ է ընկնում, երբ մանկական ներկայացման մեջ Բարմալեյի հաջող դերակատարումից հետո ընդգրկվում է հիմնական կազմում: Լաերտ (Շեքսպիր, «Համլետ»), Բժիշկ (Չեխով, «Գավառական դեդեկտիվ»), Դատավոր («Անվերջ վերադարձ»` ըստ Պարույր Սևակի), Տղամարդ (Դյուրենմաթ, «Խաղում ենք Ստրինդբերգ»), Գաբո (Արաքսմանյան, «Զենիթում»), Արմենակ (Զ. Խալափյան, «Հայրական տուն»), Զարե (Պ. Զեյթունցյան, «Աստվածների կանչը») - փոքր, միջին ու մեծ մի քանի տասնյակ դերակատարումներ... Երկրորդ բախտորոշ դիպվածը զբոսանքն էր համակուրսեցու` Արմեն Էլբակյանի հետ Կարապի լճի շրջակայքում: Նրանց է մոտենում հեռուստատեսության նկարահանող խումբը: - Արմեն ջան, փրկեք, «Վահան Տերյան» ֆիլմ ենք անում, դերասանին ինչ-որ դեպք է պատահել... Տերյանից ի՞նչ եք հիշում: - Ամիրանին ասեք: - ...«Սիրում եմ աչքերիդ տրտմությունը խորին»,- սկսում է, ասես ակամա, Ամիրանը` տողից տող աճող բանաստեղծական խանդավառությամբ` չենթադրելով, որ ասմունքը շուտով դառնալու է հոգևոր պահանջ: Ե՞վ... Հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո դառնում է հեռուստաթատրոնի ամենապահանջված դերասաններից. տարաբնույթ դերեր, ստեղծագործության շրջանակների աստիճանական ընդլայնում` մասնակցությամբ ամենաբազմազան մշակութային հաղորդաշարերին: Ամենաուշագրավ թատերական աշխատանքը «Պարույր Հայկազն» մենաներկայացումն էր ըստ Րաֆֆու, որն արժանացավ համընդհանուր ուշադրության ու պրոֆեսիոնալ բարձր գնահատականի: Եվ թնդում են արցախյան ազատամարտի հրանոթները` ազդարարելով Ամիրան Գալստյանի կյանքում երրորդ` ամենաանսպասելի ու ամենազորեղ դիպվածը: Մուսաները չլռեցին այս անգամ: Զինվորագրվեցին համազգային դարձած շարժմանը` ով ինչով կարող էր պիտանի լինել` երգով, ասմունքով, գրիչով, նվագով, խանդավառող խոսքով... Անցյալ դարի 60-ականներից ազգային ինքնագիտակցություն արթնացնելու անկոտրում կամքով ընդհատակյա միություններին ակտիվորեն համակրող ու աջակցող Ամիրանը, առանց երկմտելու, անդամագրվում է «Խաչակիրներ» երկրապահ կամավորական ջոկատին: Անցնելով մարտական հատուկ պատրաստվածություն` անձնուրաց հավատավորների հետ կողք-կողքի պայքարում է ազատամարտի ամենաթեժ կետերից մեկում` Մարտակերտի շրջանում: Արմատներից զորանալով` քաջարի մարտիկները, ֆիդայական հերոսական երգերը շուրթերին, կանգուն պահեցին մեր տոհմածառը հանուն վաղվա օրվա սաղարթների փարթամության ու ապահով վերընձյուղման: Զինադադարը «Խաչակիրները» դիմավորեցին «Եղնիկների» հետ` ցնծալով իրենց համախմբված պայքարի հաղթական բերկրանքից, մարտերում զոհված զինակիցների մորմոքը սրտերում: Հենց այդ մորմոքն ու հայրենասի րական պարտքի զգացումն էին, որ Ամիրան Գալստյանին հուշեցին հետագա ստեղծագործական ծրագրերը: 1999-ից «Արմենիա» հեռուստաընկերությունում նախաձեռնեց «Մեր հաղթանակը» հաղորդաշարը, որ «Արաբո» -ի արծվի` Մանվել Գրիգորյանի հովանավորությամբ դարձավ ռազմահայրենասիրական դաստիարակության յուրատեսակ դպրոց նոր սերնդի համար: Սերունդ, որին սպառնում է մեր կյանք ներխուժած ամերիկանիզմի ազգակործան համաճարակը: Եվ էկրանի վրա անմահացան զոհված նահատակների յոթ տասնյակից ավելի լուսավոր դիմանկարներ: Նրանց կյանքի հիշարժան տարեթվերին նվիրվեցին բազմաթիվ հուշ-երեկոներ: Նրանց սխրանքի մասին պատմող գրքերի շնորհան դեսները, նրանց անունները հավերժացնող հուշահամալիրների բացումները ստացան հայրենասիրական կենդանի դասերի արժեք: Ազգապահպան շնորհակալ աշխատանքը մինչ օրս էլ Ամիրան Գալստյանի կյանքի ու ստեղծագործության ամենագլխավոր նպատակն է, հոգու չհատուցվող պարտքը, չնայած բեղուն գործունեությանը: Ոչ մի կազմակերպվող միջոցառում չի անտեսվում նրա կողմից, սեփական մտահղացումները հուժկու տարերքի նման տանում են նրան իրենց ետևից` ընդլայնելով իրենց ընդգրկման մասշտաբները: Նոր մտահղացումներից ամենագրավիչը թատրոնի սերը սրտում անթեղված պահող Ամիրանի համար «Մենախոսություն» հեղինակային գրական հաղորդումն է «Ար» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրանտ Վարդանյանի բարյացակամ օժանդակությամբ` օրավուր առավել բարձրարժեք հոգևոր սնունդի նշանակություն ձեռք բերող մի հաղորդաշար ևս, որ «Ար»-ի հեռարձակային տարածքի ընդարձակմամբ, անշուշտ, կարևոր խթան կհանդիսանա ոգու սովից երիտասարդներին ապահովագրելու հայրենանվեր գործում: Ազգը կանգուն է երեք հենասյուների շնորհիվ` հավատ, լեզու, մշակույթ: Ամիրան Գալստյանը, մտահոգված մեր հոգևոր-մշակութային անվտանգությամբ, անմնացորդ նվիրաբերում է իր մտավոր-հոգևոր-կենսական ողջ ներուժը` այդ նոր պայքարում ևս առաջամարտիկ լինելով: Տասնհինգ տարին, իսկապես, քիչ է կատարելության հասնելու համար, քանի որ պետական ինքնուրույն կառավարման մեջ անվարժ ենք եղել: Ուստի, ամեն մեկս մեր տեղում պիտի ջանանք ապահովել մեր երկրի առաջընթացը: Եվ Ամիրան Գալստյանը, խորապես գիտակցելով իր գործունեության կարևորությունը, առանց հոգնության շարունակում է ողջակիզվել` լիահույս, որ մեզանում, ի վերջո, քաղաքական դաշտը լիարժեք կձևավորվի նոր արդյունավետ մեխանիզմներ գործի գցելու ունակ ուժերի մեկտեղմամբ` հօգուտ արժանապատիվ գոյատևման ազգերի համաշխարհային ընտանիքում: Փաշաների ձիեր դարձած 67 գրանցված կուսակցությունների գերակշռող մեծամասնությունը, փաստորեն, ձգտում է ոչ թե օրենքի, այլ` անձի գերակայության: Ափսոս է արյուն-քրտինքով ձեռք բերածից թեկուզ ամենաչնչին թվացող ձեռքբերումը անփութորեն կորցնելը: Իսկ մանկության ամենափայփայված երազա՞նքը... Վերադարձը վաղուց ներքին բողոք է դարձել, որ գնալով ահագնանում է, հագեցում պահանջում: Շուտով, շատ շուտով: Գուցե` «Թիմոն Աթենացի»- ո՞վ... «Ի՞նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին»...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ