ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ


 

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՍԿՍԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Արա ԱԲՐԱՄՅԱՆ

Համաշխարհային հայկական կոնգեսի նախագահ

Մեկ խնդիր, մեկ լուծում` մեկ միացյալ միավորով

Համոզված եմ, մեզ միավորում է մեր Հայրենիքի անվտանգության ամրապնդմանն ուղղված ընդհանուր մղումը, ազգի միավորումը ժամանակի մարտահրա վերներին դիմակայելու համար, ինչը հնարավոր է Սփյուռքի ներուժի առավելագույն օգտագործման պարագայում:

Սիրելի հայրենակիցներ:

Այսօր մեր կազմակերպության համար նշանակալի օր է: Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարը տեղի է ունենում հայրենիքում: Ասել է թե Կոնգրեսն իր գործունեության արմատներն ավելի է ամրապնդում Հայաստանում` նպատակ ունենալով իր պետականամետ ազգանվեր քաղաքականութ յունը համակարգել, է´լ ավելի համահունչ դարձնել երկրի ղեկավարության, հատկապես ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ծրագրերի իրականացմանը:

Ոմանք գտնում են, որ աշխարհաքաղաքական նոր համակարգի ձևավորումը հոռետեսական բնույթ է կրում` խորացնելով անջրպետը Հյուսիսի զարգացած ու Հարավի զարգացող երկրների միջև:

Փորձագետների մի այլ խումբ լի է լավատեսությամբ և հայտարարում է, որ գիտության, նոր տեխնոլոգիաների սրընթաց հեղափոխական զարգացումն իր հետ բերելու է հասարակական նոր ֆորմացիայի ծնունդ, որը կապահովի աշխարհի դինամիկ զարգացումը:

Ինչո՞ւ եմ անդրադարձ կատարում այս գաղափարներին: Որովհետև մենք ազգովի «դատապարտված» ենք առաջնային գծում լինել, մեր ունեցած մտավոր ներուժով, Հայրենիքի ու Սփյուռքի միասնական, համակարգված գործողություններով քաղաքակիրթ աշխարհում ընթացող գործընթացների մասնակիցը դառնալ:

Կարծում եմ, որ մեր ազգային համահավաք կապիտալը` մարդկային մասնագիտական ռեսուրսը, ֆինանսական միջոցները, հոգևոր հարստությունն ի նպաստ մեր ազգի անվտանգության ապահովման, տնտեսական հզորացման համար օգտագործվում է իր կարողություններին ոչ համարժեք:

Հաշվի առնելով սփյուռքահայ համայնքներում առկա իրողությունները, գործող քաղաքական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների` հիմնականում տարանջատ գործունեությունը, առավել արդյունավետ ենք համարում հավասարակողմ, համաչափ և բազմամակարդակ համագործակցության համակարգի ձևավորումը: Սկզբունքը պետք է լինի` մեկ խնդիր, մեկ լուծում, մեկ միացյալ միավորով:

Սրանով իսկ մենք, իրականում, մեր ոխերիմ «բարեկամների» մոտ ավելի կխորացնենք վախը հայության միասնականության, Հայ Դատին տեր կանգնելու մեր վճռականության հանդեպ: Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդումը հրամայական է նաև հայի ինքնության պահպանման ու զարգացման գործում Սփյուռք -Սփյուռք փոխադարձ համերաշխ գործունեության առումով:

Ես գտնում եմ, որ բացի լայնածավալ ծրագրերից` անհրաժեշտ է նաև պարզ քայլեր անել: Օրինակ. բոլոր հայ մեծահարուստները, միջին խավի ներկայացուցիչները առնվազն 10 օր հանգստանան հայրենիքում, Մեսրոպ Մաշտոցի ծննդյան օրը կամ Անկախության տոնը նշեն Հայաստանում, իրենց երեխաների ու թոռների մկրտությունը կատարեն Սուրբ էջմիածնում և այլն: Ասածիս իմաստը, կարծում եմ, պարզ է` բացի ներդրումային ծրագրերից, հարազատներին դրամական օգնություն ցուցաբերելուց, թվարկված քայլերով մենք կնպաստենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում, Հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը:

Ինչ վերաբերում է խոշոր ծրագրերի իրականացմանը, ապա այստեղ գլխավոր խնդիրը հետևյալն է` Հայաստանի կառավարության հետ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք առաջին հերթին կապահովեն մարդկանց զբաղվածությունը: