Կոնգրեսի տարեգրությունից


 

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ 2002 թ. հոկտեմբերին Մոսկվայում կազմակերպվեց «Աշխարհի հայերը դարերի սահմանագլխին և միջազգային հարաբերությունների արդիական խնդիրները» թեմայով միջազգային կոնֆերանս: Ավելի քան 300 մեր հայրենակիցներ, աշխարհի մի քանի տասնյակ երկրներից երեք օրվա ընթացքում ակտիվորեն քննարկում էին հայության առջև կանգնած խնդիրների ողջ տարապատկերը:

Կոնֆերանսը որոշեց ստեղծել Համաշխարհային հայկական մի կազմակերպություն, որը պետք է համախմբեր Սփյուռքի համայնքների, հասարակական կազմակերպությունների ջանքերն` ընդդեմ մեր օրերի մարտահրավերների:

Որակապես նոր կազմակերպության ստեղծման գաղափարը խանդավառեց բազմաթիվ համակիրների թե´ Սփյուռքում, և թե´ Հայաստանում ու Արցախում:

Հիմնադիր համագումարը բավական ներկայա-ցուցչական էր: Նրա պատգամավորները ներկայացնում էին 138 համայնքային, քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների` 52 երկրներից: Համագումարի աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, ՌԴ Պետական Դումայի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ և այլ պաշտոնյաներ:

Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարը, որպես մեր օրերի մարտահրավերների պատասխան, կանոնադրորեն հռչակեց կազմակերպության գլխավոր նպատակը` նպաստել հայ ժողովրդի համախմբման և ջանքերի միավորման գործընթացի արագացմանը` հանուն համազգային շահերի պաշտպանության, հանուն հայության առջև ծառացած բազմաբնույթ խնդիրների լուծման: Որպես համահայկական շահերի իրացման գլխավոր երաշխավոր, այսօր հանդես է գալիս առաջին հերթին հայոց պետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության:

Կոնֆերանսին հաջորդեց Կոնգրեսի կողմից Երևանում 2004 թ. հոկտեմբերին, Արտաքին տնտեսական կապերի համառուսաստանյան ընկերակցության աջակցությամբ հրավիրված Հայկական միջազգային առաջին տնտեսական ֆորումը, որի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի ավելի քան 20 երկրների, այդ թվում` Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների խոշոր, փոքր և միջին բիզնեսի շուրջ 400 ներկայացուցիչներ:

Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի կառավարության հետ համատեղ 2008 թ. հունվարին կազմակերպեցին հայ-ռուսական տնտեսական երկրորդ ֆորումը: Այն նույնպես ներկայացուցչական էր: Նրա աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների բազմաթիվ անդամներ, գործարարներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆորումը նպատակ էր հետապնդում նպաստելու դեպի Հայաստանի տնտեսություն Ռուսաստանի մասնավոր կապիտալի ներդրումային հոսքի ավելացմանը, օժանդակել բիզնես ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

«Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանի հոգսերը բոլորինս են» կարգախոսով հայ պետականության վերելքին, նրա ամրապնդմանն ու զարգացմանը ծառայելը պետք է դառնա յուրաքանչյուր հայի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության գործունեության տնտեսական ուղղվածության հետ սերտորեն առնչվում է սոցիալական և կրթամշակութային ոլորտը: Այդ կազմակերպությունների կողմից իրագործված սոցիալական ուղղվածության ծրագրերից են «Կացարան» և «Ջուր գյուղական համայնքներին» ծրագրերը:

Արցախն իր հիմնախնդիրներով միշտ էլ գտնվել է Կոնգրեսի ուշադրության կենտրոնում: Կոնգրեսը զգալի ներդրումեր է արել Գորիս-Լաչին-Ստեփանակերտ, Արցախի Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհների, Ստեփանակերտի սառնարանային տնտեսության կառուցման գործում: Ներկայումս Ստեփանակեր տում ընթանում են 600 աշակերտական տեղով նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները, որի համար առայսօր ներդրվել է ավելի քան երկու միլիոն ԱՄՆ դոլար:

Կոնգրեսն իր գործունեության մեջ առաջին պլան է մղում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործնական մերձեցումը, մայր հայրենիքի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ կոնկրետ խնդիրների սահմանումն ու դրանց լուծման պայմանների ստեղծումը: Դրա վառ վկայությունն է համագումարից անմիջապես հետո Երևանում կազմակերպված հայ-ռուսական ներդրումային կոնֆրանսը, որին մասնակցեցին Ռուսաստանից ժամանած մեծ թվով գործարարներ:

Արձագանքելով Ռուսաստանի հայերի միության նախաձեռնած «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժմանը, Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ տեղ է հատկացնում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ խնդրի լուծմանը:

 

 

Համաշխարհային հայկական կոնգրեսը հաշվետու ժամանակաշրջանում ծավալած իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկն է համարել աջակցուկթ յունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, նրա հետևանքների վերացման գործընթացներին:

Մոտենում է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը: Ստեղծվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով: Կոնգրեսի նորընտիր ղեկավար մարմիններն այսուհետ ևս պետք է իրենց գործունեության առաջնահերթ խնդիրներից մեկը համարեն ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացների արագացմանը:

Համազգային կարևորության խնդիր է մնում Արցախի հարցը: Այստեղ վճռվում է ոչ թե հայության մի հատվածի, այլ համայն հայության հետագա առաջընթացի և զարգացման հարցը: Կոնգրեսն այսուհետ ևս պետք է շարունակի իր պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար` օգտագործելով միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները: Սփյուռքը մեծ ներուժ և հնարավորություններ ունի Արցախի հարցի լուծման նկատմամբ արտերկրներում հասարակական կարծիքի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու գործում, որը կարող է հսկայական ազդեցություն թողնել հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցների վրա: