Անհրաժեշտ է համակարգել 


 

Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարին ընդառաջ` կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցեցինք հերթական համագումարի առանցքային տարբերությունների, նոր ձեռնարկումների ու նպատակների, ինչպես նաև Կոնգրեսի գործունեության գլխավոր ուղղությունների մասին:

- Սա երկրորդ հերթական համագումարն է, որը որոշվել է անցկացնել Հայաստանում: Եվ դա ինքնանպատակ չէ. դրանով ևս մեկ անգամ կշեշտադրվի, որ Համաշխարհային հայկական կոնգրեսն իր գործունեության կիզակետը կենտրոնացնում է հենց Մայր հայրենքում: Համագումարի ընթացքում Գլխավոր խորհրդի կողմից առաջարկություն է լինելու կազմակերպությունը գրանցնել Հայաստանում: Մինչ այս կառույցը գրանցված է եղել Ռուսաստանում` որպես միջազգային կազմակերպություն: Այժմ նույն կարգավիճակը պահպանելով, այն գրանցելու ենք Հայաստանում: Բնականաբար` դրա կանոնադրությունը համապատասխանեց վել է ՀՀ Օրենսդրության պահանջներին: Փորձելու ենք ձևավորել նաև հոգաբարձուների խորհուրդ, որը հեռանկարային ծրագրերի պատասխանատուն կլինի: Այսինքն` կորոշի, թե արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել այս կամ այն ծրագիրը: Անշուշտ, Գլխավոր խորհրդի համաձայնությամբ և առաջարկությամբ` հոգաբարձուների խորհուրդը կտնօրինի այն միջոցները, որոնք, հուսով ենք` պետք է կուտակվեն արդեն ավելի լայն շրջանակների կողմից: Սա է հիմնական առանձնահատկությունը: Այս անգամ մենք ընդունում ենք գործունեության առանձին ծրագիր, որը կարելի է ասել հայեցակարգային տեսք ունի: Եվ պետք է որոշենք գործունեության ուղղությունները:

- Այսինքն` նախ նշվում են գերակայությունները, ապա կմանրամասնեք նաև հետագա քայլերը` ժամանակի թելադրանքից ու պահանջներից ելնելո՞վ:

- Հիմնական ուղղություններն, իհարկե, մնալու են անփոփոխ: Համաշխարհային հայկական կոնգրեսը ստեղծման իսկ օրվանից 5 հիմնարար ուղղություն ներ դարձրել է իր գլխավոր գործունեության առանցքը:

Առաջինն իհարկե Ցեղասպանության միջազզգային ճանաչման խնդիրն է և դրա հետևանքների հետ կապված թերությունները: Երկրորդ` ԼՂՀ հիմնահարցի հայանպաստ կարգավորման խնդրին է և նրա վերջնական կարգավիճակի ձևավորումը: Այսինքն` անկախության ձևավորումը: Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով նպաստենք, որ դա շատ ավելի շուտ կայանա, և ԼՂՀ-ն ձևավորված օրինական պետություն լինի: Պետք է կարողանանք միջազգային հանրությանը փաստացի ներկայացնել, որ իրավական տեսանկյունից անթերի է նրա ձևավորումը, և այն ներկայացնենք որպես պետական միավոր, կայացած պետություն: Երրորդ հիմնական հարցը հայապահպանության խնդիրն է: Եթե ուշադիր եղաք` ես չշեշտեցի հայապահպանության խնդիրը Սփյուռքում, քանի որ Հայաստանում ևս հայապահպանության խնդիր է առաջ եկել: Դժվար է ասել, որ եթե մարդը հայերեն է խոսում, ուրեմն հայ է: Հայ ինքնության պահպանման խնդիր ունենք: Ըստ այդմ էլ` մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկը մեր ազգային նկարագրի պահպանումն ու զարգացումն է` և´ Հայաստանում, և´ Սփյուռքում: ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ մենք լուրջ գործունեություն ենք ծավալում այդ ուղղությամբ:

Հաջորդ ուղղությունը Հայասատնի և Արցախի տնտեսական, սոցիալական զարգացմանն ուղղված խնդիրներն են, որոնք առաջին իսկ օրից սկսած Արա Աբրամյանի ուշադրության կենտրոնում են եղել: Նա բազմաթիվ բարեգործական ակցիաներ է կազմակերպել: Ցանկությունը մեծ է, որպեսզի այսուհետ առավել համակարգված և ավելի ինստիտուցիոնալ լինի այդ ամբողջ գործունեությունը: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք հիմա պատրաստ ենք ՀՀ կառավարության հետ հետազոտական կենտրոն ստեղծել, որը կներկայացնի համապատասխան բիզնես-ծրագրեր: Դրանք կարող են նպաստել հատկապես գործազրկության կրճատմանը Հայաստանում:

- Այսինքն` բարեգործությունից անցում գործական քայլերի:

- Այսինքն` անցում ներդրումային այնպիսի քաղաքականության, որի արդյունքում աշխատանքային տեղեր կձևավորվեն, որովհետև մեզ համար առաջնային է արտագաղթը կանխելու խնդիրը:

Եվ վերջինը` Սփյուռք-Սփյուռք հարաբերությունների խնդիրն է, որովհետև այստեղ նույնպես կան բազմաթիվ խութեր: Սփյուռքը մեկուսացված է. յուրաքանչ յուր համայնք` իր ներքին խնդիրներով: Մենք գտնում ենք, որ չափազանց կարևոր է համակարգված գործունեություն ծավալել մեր ազգային հիմնահարցերը կարգավորելու ուղղությամբ: Սփյուռքյան ամեն մի կառույց իր պատկերացմամբ որոշակի գործունեություն է իրականացնում: Անհրաժեշտ է համակարգել այդ գործունեությունը: Որևէ կառույցի գործունեությանը միջամտելու ցանկություն չունե´նք: Որևէ կառույց մեկ այլ կառույցի ենթարկելու մտադրություն չունե´նք: Սա շեշտում եմ, որովհետև երբեմն, մեղմ ասած, խանդոտ վերաբերունք է առաջանում: Մեր առաջարկը եղել է համահավասար, բազմամակարդկակ գործունեություն ծավալել: Այսինքն` մենք փորձ ենք անելու մեր գործնական քայլերն իրականացնել:

Մեծ է ցանկությունը, որպեսզի ներդրումային քաղաքականություն ձևավորվի ու համակարգված լինի: Այս հարցում ես կարևորում եմ ՀՀ Կառավարության դերը: Երբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, փոխվեցին նաև փոխհարաբերությունները` պետական մարմինների հնարավորությունններն օգտագործե լու կամ նրանց կողմից մեր հնարավորություներն օգտագործելու առումով: Առաջին անգամ Արա Աբրամյանը 2003-ին` առաջին համագումարում խոսեց Սփյուռքի նախարարության ստեղծման անհրաժեշտության մասին: Եվ այսօր այդ գերատեսչության գործունեությունն ավելի քան գնահատելի է, հատկապես երբ նախարությունը ղեկավարում է Հրանուշ Հակոբյանի նման անհատ, ով հսկայական ջանքեր է ներդնում: Այսօր համակարգված գործունեություն ենք իրականցնում Սփյուռքի նախարարության հետ միասին:

- Այլ կերպ ասած` սա պետական կառույցի և հասարակական կազմակերպության համաձույլ աշխատանք է՞:

- Մեր կարողություններն անսահման չեն: Հնարավորության ու կարողության շրջանակներում մենք գործունեություն ենք ծավալում` պետության հետ համատեղ: Փորձում ենք մասնակից լինել նաև այն գործողություններին, որոնք իրականացվում են պետական մարմինների կողմից:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ