Համախմբել ազգային շահերի շուրջ


 

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր ԱՂԱՅԱՆԸ, կանգնած լինելով Կոնգրեսի ստեղծման ակունքներում, իր նշանակալի ներդրումն ունի հայապահպանությանը միտված այդ կառույցների գործունեության ընթացքում: Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծումից արդեն 9 տարի է անցել: Եվ այսօր` 2-րդ համագումարի շրջանակներում, հետադարձ հայացք ձգելով` ամփոփում է նախորդ տարիների գործունեությունը, շեշտադրում առանցքային ուղղությունները:

- Ի՞նչ պայմաններում է ստեղծվել կազմակերպությունը, ի՞նչ նպատակներով և ակնկալիքներով:

- Դա բավական բարդ գործընթաց էր: Հայտնի է, որ ի սկզբանե մեզանում գոյություն ունեին համայնքային կազմակերպություններ` յուրաքանչյուր համայնքն իր ներքին խնդիրներներով ու առանձնահատկություններով: Սակայն բացակայել է վերհամայնքային համակարգումը: Եվ ահա առաջին վերհամայնքային կազմակերպությունը Ռուսաստանի հայերի միությունն էր, որ ստեղծվեց 2000-ին: Դա միանգամայն նոր տիպի կազմակերպությունն էր, և այսօր արդեն իր կազմում ունի շուրջ 700 ներքին օղակներ` մարզային, շրջանային, քաղաքային կազմակերպություններ: Այսինքն` ստեղծվեց կառուցվածքային նոր միավոր` ինստիտուցիանալ առումով բոլորովին նոր կառույց: Եվ զարմանալի չէ, որ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ էլ ստեղծվեց Համաշխարհային հայկական կոնգրեսը: Այսինքն` միությունը դարձավ հենքը, որի վրա ձևավորվեց Կոնգրեսը: 2002-ին Մոսկվայում կազմակերպվեց «Աշխարհի հայերը դարերի սահմանագլխին և միջազգային հարաբերությունների արդիական խնդրիները» թեմայով միջազգային կոնֆերանս: Այնտեղ արծարծվեցին դարի և հազարամյակի մարտահրա վերները, որոնք չեն կարող չշոշափել նաև հայ ժողովրդի` հատկապես երիտասարդության շահերը: Այսպես որոշվեց ստեղծել համաշխարհային հայկական մի կազմակերպություն, որը ոչ թե պետք է կառավարեր, այլ պիտի համակարգեր, համախմբեր Սփյուռքի համայնքները և նրանց միասնական ջանքերն ուղղեր մեր օրերի մարտահրավերների դեմ: Արա Աբրամյանի գլխավորությամբ հենց կոնֆերանսի ժամանակ ստեղծվեց կազմկոմիտե:

Մեր հիմնական նպատակն է հայությանը համախմբել ազգային շահերի շուրջ` ելակետ ունենալով նաև երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինի հետևայալ խոսքերը հիմնադրամ ստեղծելու առնչությամբ` «Մեզ համար ավելի կարևոր է, որ մեկ միլիոն հայ ներդնի մեկական դոլար, քան մեկ հայ` մեկ միլիոն»:

- Ազգային շահերի մեջ, անշուշտ կան առաջնահերթություններ և գերակայություններ: Որո՞նք են Կոնգրեսի գործունեության առացքային շեշտադրումները:

- ՀՀ պետականության ամրապնդում, պետության կայացում, տնտեսական զարգացում… Կոնգրեսն իր գործունեության մեջ առաջնային է համարում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործնական մերձեցումը, Մայր հայրենիքի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ կոնկրետ խնդիրների սահմանումն ու դրանց լուծման պայմանների ստեղծումը: Այդ նպատակներին միտված տնտեսական ֆորումներ են հրավիրվել 2004-ին և 2008-ին: Մենք սկսեցինք Հայաստանից` իհարկե չմոռանալով Սփյուռքի կազմակերպությունների գործունեությունը համակարգելու մեր առաքելությունը: Պետք է ասեմ, որ մեր գործունեությունը բավական հաջող ընթացք ունեցավ` ՀՀ ղեկավարության հետ համագործակցելով, խնդիրները համատեղ քննարկելով:

Հայաստանի և հայ ժողովրդի նյութական ու բարոյական բարգավաճման, նոր մարտահրավերներին դիմակայելու համար վճռորոշ նշանակություն ունեն գիտությունն ու մշակույթը: Այս իրողությունն էլ հաշվի առնելով` Կոնգրեսը ստեղծման իսկ օրվանից համագործակցել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի, ստեղծագործական միությունների հետ:

2007-ից սկսեցինք գիտական և ստեծագործական աշխատանքները, որոնք բավական լուրջ միջոցառումներն են:

Որպեսզի համամարդկային արժեքներին համապատասխան արվեստի, գրականության գործեր ստեղծվեն, ստեղծագործողը պետք է նյութապես ինչ- որ չափով բավարարված լինի: Նպատակ ունեինք նաև նպաստել նրանց աշխատանքի արդյունավետության բարձրամանը և մտավոր կյանքի աշխուժացմանը Հայաստանում: Ու պետք է ասեմ, որ այս առումով ևս բավական տեղաշարժ նկատելի է:

Մշտապես Կոնգրեսի ուշադրության կենտրոնում են դպրոցը և դպրոցի հոգսերը: Արձագանքելով Ռուսաստանի հայերի միության նախաձեռնած «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացումը` համազգային հոգածություն շարժմանը, Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ տեղ է հատկացնում ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող այդ խնդրի լուծմանը: Այսօր Հայաստանի և Արցախի ավելի քան 700 դպրոց ու ԲՈւՀ ձեռք են բերել համակարգչային դասարաններ ու լսարաններ: Յուրաքանչյուր դասարան հագեցվել է նվազագույնը 5, բուհական լսարանները` առնվազն 15- 20 համակարգիչներով: Կարևորում եմ և ներկայումս Ստեփանակերտում նոր դպրոցի կառուցումը: Պետք է նաև հավելեմ, որ Արցախն իր հիմնախնդիրներով մշտապես եղել է Կոնգրեսի ուշադրության կենտրոնում:

- Այսօր, երբ խոսում ենք արդյունքների մասին, կայի՞ն արդյոք ակնկալիքներ, որոնք այնուամանայնիվ իրականություն չդարձան:

- Անշուշտ, կան նաև թերացումներ: Մենք չկարողացանք կայուն կազմակերպչական կառուցվածք ստեղծել: Նկատի ունեմ մեր ներքին օղակները, իսկ նման կազմակերպությունն ուժեղ է իր ներքին օղակներով: Մերձավոր Սփյուռքում հաջողություն ունեցանք, բայց հեռավոր Սփյուռքում դժվարություններ ստեղծվեցին: Համենայնդեպս մեր համագումարի գլխավոր խնդիրներից մեկը կազմակերպչական կառուցվածքի հզորացմանը միտված քայլերն են:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ