«Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանի հոգսերը բոլորինս են»


 

Գայանե ԱՓԻՆՅԱՆ.

«ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է»

Գայանե Ափինյանը ծնունդով վանաձորցի է, սակայն շատ երկար տարիներ ապրում է Գերմանիայում, գործուն մասնակցություն բերում ազգային կյանքին, նպաստում բազմաթիվ ծրագրերի իրականացման: Հմուտ դիվանագետը նաև «Գերմանիայի Արցախի բարեկամներ» ակումբի հիմնադիրներից է: Նա մեծ ներդրում ունի Ղարաբաղյան խնդրի հանրահռչակման գործում:

- Շատ լայն է Ձեր գործունեության շրջանակը: Սակայն այս համաժողովին եկել եք որպես «Գերմանիայի Արցախի բարեկամների ակումբ» կառույցի պատասխանատու: Հենց սա էլ հուշում է, որ Արցախի խնդիրը Կոնգրեսի առաջնահերթություններից է:

- Բնականաբար: Մեզ համար երկու կարևորագույն խնդիր կա` Ցեղասպանություն և Արցախի ճանաչում: Այսօր ողջ աշխարհում չի կարող որևէ ազգային կառույց, որի համար այս առաջնահերթությունները չլինեն: Եվ մեր ողջ գործունեությունն էլ նպատակաուղղված է աշխարհաքաղաքական զարգացումներում մեր տեղի հաստատմանը:

- Գերմանիան աշխարհի այն երկրներից է, որն արդեն ձևավորել է իր վերաբերմունքը Ցեղասպանության ճանաչման հարցում: Սակայն Արցախի խնդիրը կարծես թե դուրս է մնացել գերմանական իշխանությունների ուշադրությունից:

- Դա սոսկ թվացյալ պատկերացում է, որովհետև Գերմանիան ևս ԵԱՀԿ անդամ է, իսկ սա նշանակում է, որ այս երկիրը ևս ունի իր մասնակցությունը և իր վերաբերմունքը: Գերմանիայում չափազանց ակտիվ է թուրքական գործոնը. պետական քաղաքականությունը Թուրքիան տեղափոխում է նաև գերմանական սփյուռք, գործի դնում իր տարաբնույթ քարոզչական սկզբունքները: Սակայն մենք էլ պարապության չենք մատնված և ամեն ինչ անում ենք, որպեսզի հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ձևավորվի օբյեկտիվ հայացք:

- Ի՞նչ նպատակներով եք եկել մասնակցելու Կոնգրեսի համաժողովին:

- Ասեմ, որ երևանյան համաժողովը առաջինը լինելով` նպատակ ունի լուծելու չափազանց կարևոր հարց: Դա Կոնգրեսի գրանցումն է նաև հայրենիքում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի իրավական հարթություն բերվի Կոնգրեսը, գրանցվի Հայաստանում և ունենա գործունեության պատվիրակված սկզբունքներ ևս: Մենք իրավունք չունենք գործելու ինքնավար կամ ինքնաբավ սկզբունքներով, մենք պետք է մեր գործունեության մեջ առաջնային դարձնենք Հայաստանի պետական քաղաքականությունը, ամեն ինչ ուղղորդենք այդ քաղաքականության հանրահռչակմանը: Լինելով հասարակական կազմակերպություն, Կոնգրեսն, այնուամենայնիվ, Հայաստան պետության ներկայացուցիչն է ողջ աշխարհում: Ահա ինչու ես չափազանց կարևորում եմ գրանցման փաստը: Դա մեզ ուժ և ինքնավստա հություն կհաղորդի, հետայսու առավել համակողմանի կդարձնի մեր գործունեությունը:

- Մենք չենք կարող չխոսել հայապահպանությանն ուղղված այն ջանքերի մասին, որոնք դարձել են Կոնգրեսի կարևորագույն խնդիրները:

- Այո, այսօր հայապահպանությունը, ազգային նկարագրի պահպանումը բոլորիս համար դարձել է համազգային խնդիր: Գերմանիայում ևս մեծ թիվ են կազմում հայերը և նրանց թիվը նվազելու միտում չունի: Սա նշանակում է, որ դեռևս Հայաստանում կան չլուծված խնդիրներ, հատկապես սոցիալական բնույթի: Հենց սրանք էլ մեր հայրենակիցներին հեռացնում են երկրից, բերում նաև Գերմանիա, որտեղ ձևավորվել են ազգային կառույցներ, որոշակի թիվ են կազմում ազգային դպրոցները, եկեղեցական կառույցները: Ամեն ինչ արվում է, որպեսզի հատկապես հայ երեխան չկտրվի իր լեզվից, իր արմատներից: Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի համադրվեն մեր պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների ջանքերը հասարակական կազմակերպությունների ջանքերին: Միայն այդ դեպքում մեր աշխատանքներն արդյունավետ կլինեն: Որքան էլ հաճելի չէ խոստովանելը, բայց պիտի ասեմ, որ մենք պարտավոր ենք համակողմա նիորեն ուսումնասիրել Թուրքիայի Սփյուռքի նախարարության գործունեությունը: Այն ամեն ինչ անում է գաղթավայրերի միջոցով պետական քաղաքականութ յունը քարոզելու համար: Մենք էլ նույնը պիտի անենք: Ես մեր Կոնգրեսի երևանյան համաժողովին հաջողություն եմ մաղթում և հավատում, որ սա լինելու է մեծ գործերի սկիզբը: