ԷՍ ԷԼ ՈՒ ՎԵ՞ՐՋ…


Վերջն իսկապես մոտ է: Այնպիսի տպավորություն է, թե վաղը չէ մյուս օրը Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընտրազանգվածին վերջին անգամ է հանրահավաքի հրավիրում ու գոնե ամենավերջում ամոթով չմնալու, լեփ-լեցուն հրապարակում միտինգն անցկացնելու նպատակով հանրությանը հանրահավաքի հրավիրող թախանձագին կոչերը այս անգամ, թերևս, նաև արժանապատվության խնդիր են շոշափում: Եվ իրոք, հանուն հանրահավաքի բազմամարդության` անգամ խոստումներ են շռայլվում: Իրբ թե այնպիսի կարևոր բացահայտումներ են արվելու, որ ամենաակտիվ միտինգավորն անգամ նման բան երբևէ լսած չի լինի: Եվ իրոք, կարևոր փաստեր հրապարակվում են ինչ-որ բան ամփոփելիս` ոչինչ անավարտ ու կիսատ չթողնելու համար: Իսկ այդպիսի շրջադարձից հակառակ արդյունքն ակնկալելը գրեթե անհավանական է թվում: Սրանով հանդերձ` առաջին Նախագահը, ըստ երևույթին, այդ օրը օգտագործելու է իր քարոզչական զինանոցի վերջին փամփուշտը: Դժվար չէ նկատել, որ շարժումը փակուղու վերջնամասին է հասել, ու այդ վերջին փամփուշտը նպատակին ծառայեցնել փորձելու համար ընտրված օրը` հոկտեմբերի 17-ը, որպես այդպիսին, բնավ էլ պատահականորեն ընտրված ժամկետ չէ: Չարժե անտեսել նաև, որ արմատականների վերջին հանրահավաքից արդեն շուրջ մեկ ամիս է անցել, ինչը համբերատար մանրախնդրությամբ առաջիկա ուրբաթահավաքը նախապատրաստելու հարցում լավագույնս կարող է օգտագործված լինել: Այստեղ անսովոր ուրիշ ոչինչ էլ չկա, և առաջիկա ուրբաթը նախորդներից էականորեն չի կարող տարբերվել: Ոչ քաղաքական իրավիճակն է փոխվել, ոչ նոր ընտրություններ են սպասարկում, ոչ էլ այս ամենի նախադրյալներ կամ անհրաժեշտությունը կա: Ու նման պարագայում իսկապես տարօրինակ է Կոնգրեսի արդեն երևան եկած հայտարարության մեջ ընդգծված այն հավաստիացումը, թե հոկտեմբերի 17-ը շրջադարձային նշանակություն է ունենալու իրենց հետագա պայքարի համար: Քաղաքական միջոցառումը հետաքրքիր դարձնելու ճիգերն անկասկած գովելի են. մանավանդ, որ հատկապես վերջին հանրահավաքները անհետաքրքիր էին դարձել նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանի մոլի երկրպագուների համար: Ավելին, գոնե գործնական առումով այստեղ ոչ մի նոր բան չէր ասվում և արդյունքում` բացի ընտրազանգվածի հիսաթափությունը բազմապատկելուց, դրանք թիմի` հենց այնպես շարունակվող պայքարին ուրիշ ոչինչ չէին տալիս: Իսկ թիմը, կամ գոնե այնտեղ ընդգրկվածների մի մասը, հենց այնպես պայքարելու դառը փորձ արդեն ունի: Հետաքրքիր զուգադիպությամբ Կոնգրեսի վերջին հայտարարության մեջ ընդգծվում է, որ հոկտեմբերի 17-ին ելույթ են ունենալու նաև Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Զ. Սարգսյանը: Իսկ թե ինչո՞ւ են ՀՀՇ-ի առաջամարտիկներն սկսել ինքնակամ հետին պլան մղվել ու արդեն սիրահոժար կերպով միտինգափողը հին պայքարի երկու առանցքային գործիչներին են զիջում` թերևս, դժվար չէ կռահել: Պայքարադադարի շեփորականչ հնչեցնելը կոնգրեսական երիտասարդների համար հեշտ չէ: Իսկ 2003 թվական տեսած Ս. Դեմիրճյանի ու Ա. Սարգսյանի համար անհաջողության եզրափակիչ ակորդը հնչեցնելու գործը գուցեև այդչափ դժվար չլինի: Փորձը կա, ու վերջիններս արդեն մեկ անգամ համոզվել են, որ այն իսկի էլ փորձանք չէ: Տարբերությունն այս դեպքում միայն այն է, որ այս անգամ այդ ակորդը կհնչի իրենցից, ինչպես ասում ու ընդունում են, մի քանի գլուխ բարձր գործչի` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: