Նորից վերածնել պաշտանմունքը գրքի հանդեպ
Օշականում տեղի ունեցած Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումների նախապատրաստող պետական հանձնաժողովի առաջին նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը չափազանց կարեւոր է համարել, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունենում խորհրդանշական վայրում` Օշականում, եւ խորհրդանշական է նաեւ օրը` այսօր Թարգմանչաց տոնն է: Նշելով, որ աշխարհում քիչ են այն ժողովուրդները, որոնք այսպիսի մեծ նշանակություն են տվել թարգմանիչներին եւ, թարգմանությանն ընդհանրապես, Հանրապետության ղեկավարն ասել է. «Սա մեկ անգամ եւս ընդգծում է մեր ժողովրդի ցանկությունը` ճանաչել շրջապատող աշխարհը, հաղորդակից լինել ուրիշների արժեքներին ու ձեռքբերումներին, եւ, ինչո՞ւ չէ, նաեւ` ի տես դնել իր ունեցածը: Գաղտնիք չէ, որ մեզանում գրքի նկատմամբ շատ խորը հարգանք է եղել, եւ նույնիսկ, ինչ-որ տեղ, վեր է ածվել պաշտամունքի: Բայց ես անցյալ ժամանակով խոսեցի, քանի որ վիճակն այսօր այդպիսին չէ: Օգտագործելով գրատպության հիմնադրման 500-ամյակի առիթը, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի, եւ առաջին հերթին երիտասարդության մեջ, նորից վերածնել գրքի նկատմամբ պաշտամունքը…»: Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայերեն տպագրության հոբելյանը հրավեր եւ խրախույս է աշխարհասփ յուռ մեր ժողովրդի զավակներին` հավատարիմ մնալ մեր նախնյաց ոգուն, ճանաչել ու կարեւորել նրանց ավանդած ժառանգությունը, նպատակն ու ձգտումը, որով այն ստեղծվել է, պահպանում է մեզ կենսունակ ու առաջնորդում դեպի հավիտենություն: Հայերեն տպագրության հոբելյանը կոչ է` զորացնելու ընթերցասիրությունը, բազմապատկելու հայ գրքի տպագրությունը, որը երախտագիտության յուրօրինակ տուրք լինելով մեր մեծանուն գործիչներին, հայ գրքի երախտավորներին, պիտի ծառայի մեր ազգային կյանքի առաջընթացին, մեր մշակույթի հարստացմանը»: