ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»


Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յուշչենկոն անցյալ շաբաթ դիմեց ժողովրդին, հայտնելով, որ ինքը հրամանագիր է ստորագրել երկրի օրենսդիր մարմինը` Գերագույն Ռադան ցրելու և դեկտեմբերի 7-ին նոր, երեք տարվա մեջ արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: Քանզի սեպտեմբերի 3-ից ի վեր կառավարող կոալիցիան փլուզվել է, իսկ նոր կոալիցիա կամ խորհրդարանական նոր մեծամասնություն չի ձևավորվել: Որևէ ժողովրդավարական երկրում քաղաքական ճգնաժամը այլ կերպ չի դրսևորվում: Բայց ո՞րն էր այս նոր ճգնաժամի գլխավոր պատճառը: Մի շատ սովորական, շատ առօրեական երևույթ` նախագահի և վարչապետի համատեղ աշխատանքի անհնարինությունը: Նարնջագույն հեղափոխության երկու լիդերների, երբեմնի մարտական զինակիցների անձնական հարաբերությունները վաղուց ի վեր անդառնալիորեն փչացել են: Վարչապետ Տիմոշենկոն օրերս իր առանձնասենյակում լրագրողների ներկայությամբ հատուկ հեռախոսակապով զանգահարեց Նախագահին: Եվ ի՞նչ: Նախագահ Յուշչենկոն հեռախոսափողը չվերցրեց: Վարչապետ Տիմոշենկոն, լրագրողներին ցույց տալով իր նկատմամբ նախագահի անբարյացակամության այդ բացահայտ դրսևորումը, դառնությամբ նկատեց.«Ահա վեց ամիս է` այս վիճակն է, ես չեմ կարողանում խոսել նախագահի հետ, թեև, երբ ինքը զանգահարում է` ես հեռախոսափողը վերցնում եմ»: Այս վիճակը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Մանկապարտեզ հո չի՞: Պետություն է, իսկ պետության մեջ բարձրագույն պաշտոնատարները պարզապես իրավունք չունեն միմյանց հետ խռով պահելու: Նրանք ոչ անհաշտ ամուսիններ են, ոչ հարս ու սկեսրայր, ոչ էլ, մեղա, քեզ, Տեր, իրար հետ վիճած սիրեկաններ: Եվ եթե նրանցից մեկը, տվյալ դեպքում Նախագահը, իր խռովկանությունն այդքան էժանագին ձևով ցուցադրում է, ապա նա իր անձնական վիրավորվածությունն ավելի բարձր է դասում, քան պետության շահը: Ուղղակի անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող էր Նախագահը վեց ամիս անընդհատ չպատասխանել վարչապետի հեռախոսազանգերին: Իսկ եթե տվյալ պահին հատուկ կապի այդ միջոցով վարչապետը բացառիկ նշանակության որևէ լուր էր ուզում հաղորդել նախագահի՞ն: Ասենք, վարչապետն ավելի շուտ էր տեղեկացել համապետական նշանակության մի այնպիսի իրադարձության մասին, որի առթիվ հարկավոր էր անհապաղ որոշում կայացնե՞լ… Այդպես աշխատե՞լ կլինի: Պետություն ղեկավարելը տունտունիկ խաղալ չէ: Պետության ղեկավարները անձնական համակրանքներով կամ հակակրանքներով առաջնորդ վելու իրավունք պարզապես չունեն: Պետության ղեկավարի ամենամեծ, եթե ոչ գլխավոր արժանիքը` հավասարակշռվածությունն է, անձնականից վեր կանգնելու կարողությունը: Նախագահ Յուշչենկոն, ցավոք, այդ կարգի իմաստություն չի դրսևորում: Հարց է առաջանում` ինչու՞: Այս «ինչուի» պատասխանը պետք է որոնել…հեղափոխական ճանապարհով իշխանության եկած բոլոր գործիչների հոգեբանության մեջ: Ընդհանրապես, հեղափոխությունները, մանավանդ` ներմուծված երբեք ընդամենը մեկ առաջնորդ չեն ունենում: Քանի դեռ հեղափոխությունը չի հաղթել` մեկ միասնական նպատակի, տվյալ դեպքում` իշխանությանը տիրանալու ձգտումը, միավորում է հեղափոխության բոլոր առաջնորդներին: Սակայն երբ հեղափոխությունը հաղթում է` երեկվա զինակիցների միջև սկսվում է ազդեցության ոլորտներն ընդլայնելու, սեփական անձի կարևորությունն ամեն պահի և առավելագույնս ընդգծելու ամենաիսկական մի գզվռտոց: Եվ զինակիցների «հինգ րոպեանոց» սնափառությունն ու իշխանատենչությունը աստիճանաբար վերածվում է թշնամանքի: Հեռու չգնալու համար հիշեցնենք հենց Հայաստանի Հանրապետության 1-ին Նախագահի ու 1-ին Վարչապետի` ՀՀՇ-ական «թավշյա հեղափոխության» երբեմնի առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի օրինակը: Երբեմնի պայքարի ընկերներն այսօր թշնամիներ չե՞ն: Նույնն է նաև Վիկտոր Յուշչենկոյի և Յուլյա Տիմոշենկոյի պարագայում: Մեր ժողովրդական խոսքն ասում է` երկու գլուխը մի կաթսայում չի եփվի: Ահա ինչու համաշխար հային պատմությանը հայտնի բոլոր հեղափոխությունները, անխտիր բոլորը` առանց որևէ բացառության, խժռել են իրենց զավակների` առաջնորդներից մինչև շարքայիններ: Դա շատ նման է այն առնետների կամ շնաձկների ինքնախժռմանը, որոնք հայտնվում են միևնույն փորձանոթում կամ ակվարիումում: Խոշորները միասին ուտում են փոքրերին, հետո սկսում են իրար կոկորդ կրծել, մինչև մնում է մեկը` ամենահզորը, ամենաիշխանատենչը, ամենանենգը, ամենաարյունարբուն: Մարդկային պատմությունը հեղափոխությունների այլ օրինակ պարզապես չի արձանագրել: Սակայն, ավաղ, մարդկային պատմության ամենամեծ դասն այն է, որ մարդկությունը երբեք դաս չի առնում սեփական պատմությունից: Որքան էլ հեղափոխությունները անհամար աղետներ են բերել ժողովուրդներին, լափել են իրենց զավակներին, նրանք սատանայական մի ձգողություն ունեն` հրապուրում են զանգվածներին: Այդ սատանայական հրապուրանքից զերծ չմնացին հետխորհրդային երկրները, այդ թվում` Ուկրաինան: Այնտեղ գործնականում դեռ շարունակվում է նարնջագույն հեղափոխությունը: Եվ ամենևին չի կարելի ասել, թե դեկտեմբերի 7-ին նշանակված արտահերթ խորհրդարա նական ընտրությունները կօգնեն` հաղթահարել երկիրը հերթական անգամ ճարակած քաղաքական ճգնաժամը: Չի բացառվում, որ մինչ այդ ընտրությունները սահմանադրական դատարանում քննարկվի խորհրդարանը լուծարելու մասին Նախագահի հրամանագրի օրինականութ յունը: Որովհետև ըստ Սահմանադրության` Նախագահն իրավունք չուներ խորհրդարանը լուծարել նրա աշխատանքի առաջին տարում, այսինքն, մինչև նոյեմբերի 23-ը: Դժվար է պատկերացնել, թե ի՞նչ տեղի կունենա, եթե սահմանադրական դատարանը Նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչի: Հետևանքները կարող են չափազանց ծանր լինել Ուկրաինայի համար, հանգեցնել ընդհուպ մինչև ռազմական ներքին բախումների` հարցականի տակ դնելով պետության ամբողջականությունը: Ահա որքան տխուր է նարնջագույն հեղափոխության «ժառանգությունը»:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ