Առավել ևս` հիմա


Այսօր Ադրբեջանում հանրապետության նախագահի ընտրություններ են: Դեռ ամիսներ առաջ երկրում և նրա սահմաններից դուրս շատերը (եթե չասենք` բոլորը) համոզված էին, որ Իլհամ Ալիևը կվերընտրվի: Ադրբեջանի ընդդիմությունն էլ, հայտարարելով, թե ընտրություններն ամեն անգամվա պես կեղծվելու են, և դրանց ելքը նախօրոք կանխորոշված է, թեկնածու չառաջադրեց, և չի բացառվում, որ ընդհանրապես չմասնակցի ընտրություններին: Այս հանգամանքը կարող է հիմք դառնալ, որպեսզի միջազգային դիտորդական առաքելությունն ընտրությունները համարի ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանող: Իսկ Ադրբեջանի նախագահի ընտրություններին տրված այսպիսի գնահատականը, թերևս, կոգևորի մեր քաղաքական որոշ գործիչների, և նրանք, հայրենասերի կեցվածք ընդունելով, կսկսեն թմբկահարել հարևանի համեմատությամբ մեր առավելությունների մասին: Դե, մարդ-արարածը, առավել ևս քաղգործիչը, չունեցած առավելություններով էլ մեծամտել գիտի: Սակայն, Ադրբեջանի պարագայում հատկապես, իրադարձությունները սթափ գնահատելն ու անկողմնակալ եզրահանգումները մեզ համար ամենակարևորն են այս պահին: Եվրախորհուրդը, օրինակ, ցանկանալով ղարաբաղյան հակամարտության հարցում անկողմնակալ երևալ, միշտ աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարութ յան նշան դնել: Իսկ երկու երկրների վրա ճնշում գործադրելու համար Եվրոպան, միջազգային հանրությունը միշտ էլ առիթ գտնում են. ընտրությունները, ընդհանրապես ներքաղաքական անցուդարձը... Ադրբեջանին սովորաբար հանդիմանում են երկրում քաղբանտարկյալների առկայության համար, Հայաստանին մեղադրում են մամուլի հարցում ժողովրդավարության սկզբունքներից շեղվելու մեջ (մասնավորապես, մատնացույց անելով եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը): Հայաստանյան ընտրությունները որակվել են նախորդների համեմատությամբ մեկ քայլ առաջ, սակայն մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունները բացահայտելու համար Հայաստանին մինչև հունվար ժամանակ է տրված: Սակայն, այն, թե ինչ ընթացք կունենա մեր երկրի մասին հարցի քննարկումը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, և թե ինչ որոշում կընդունվի` մեծապես կախված է Եվրոպայում Հայաստանի հանդեպ գոյություն ունեցող քաղաքական նպատակահարմարությունից: Ի դեպ, Եվրոպայի այդ փարիսեցիությունից դժգոհում են և° ընդդիմությունը, և° իշխանությունները: Լևոն Տեր-Պետրոսյանը դժգոհեց, թե երբ Եվրոպան ճանաչեց փետրվարի 19-ին Նախագահի ընտրությունների արդյունքները: Իսկ դրանից ոչ շատ առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե Եվրախորհուրդը մեզ համար «պոլիտբյուրո» չէ, որ նրա որոշումները պարտադիր կատարվեն: Իհարկե, այդպես է: Ավելի ճիշտ` երանի այդպես լիներ: Մինչդեռ Եվրախորհրդից դժգոհելուց առաջ թերևս հարկավոր է հիշել, որ այդ կառույցին անդամակցել և նրա առջև պարտավորություններ ենք ստանձնել մե°ր իսկ կամքով: Ընդ որում, այդ պարտավորություններն էլ ստանձնել ենք մեր իսկ բարօրության համար: Օրինակ. ֆրանսիացու կամ իտալացու պետքն էլ չէ` մենք ժողովրդավար կլինենք, թե ոչ, իրականում նրանց համար իրոք միևնույնն է` Հայաստանում կհարգվե՞ն Հայաստանի քաղաքացիների` մարդու իրավունքներն ու ազատությունները: Մեծ հաշվով, այդ բոլորն, իրոք եվրոպացիներին չեն հետաքրքրում: Այդ ամենը` Հայաստանում մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, արդար ու ազատ ընտրությունները մե°զ են հարկավոր, որպեսզի քիչ թե շատ հանգիստ ապրենք այս անհանգիստ տարածաշրջանում: Առավել ևս հիմա, երբ միջազգային հանրությունը սկսել է ավելի հաճախ խոսել ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման մասին, ասելով` թե հիմնական խնդիրներում փոխհամաձայնություն կա պաշտոնական Երևանի և Բաքվի միջև: Բիշքեկում մեկնաբանելով վերը նշվածը, ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց` կարգավորման առանցքային հարցը ԼՂ կարգավիճակն է, և եթե ասում են, թե հիմնական խնդիրներում փոխհամաձայնություն կա, ուրեմն այդպես է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ