Խոստումներից ավելի գործն է կարևոր


Այցեքարտ. ՀՄԱՅԱԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱԴԱՄՅԱՆ: Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում: 1975-ին ավարտելով Բերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Ստանալով մանկաբույժի մասնագիտացում` աշխատանքային գործունեությունը 1972 թ. սկսել է Շամշադինի շրջանի Արծվաբերդի տեղամասի հիվանդանոցում: 1985-97 թթ. եղել է Շամշադինի շրջանի գլխավոր մանկաբույժը: 1986-88 թ. ծառայել է խորհրդային բանակում: 1997-99 թթ. Բերդի մանկական պոլիկլինիկայի տնօրենն էր, 1999-2007 թթ.` Բերդի պոլիկլինիկայի տնօրենը: Ներկայումս չի աշխատում: Ամուսնացած է, ունի 2 երեխա: Արժանացել է ՀՀ կառավարության պատվոգրերի: Իր մյուս հայրենակիցների հետ, ու գուցե շատերից էլ ավելի, ծննդավայրի շենացմամբ է մտահոգ Բերդի քաղաքապետի թեկնածու Հմայակ Ադամյանը. անհատ, ով 1982-ից ի վեր բժշկի իր կոչմանը հավատարիմ, օգնում է մարդկանց, դարմանում հատկապես մանկանց ցավերը: Իսկապես, մարդասիրական է բժշկի մասնագիտությունը. Հմայակ Ադամյանի պարագայում այս ճշմարտությունը առանց վերապահումների է: Լավագույնս ճանաչելով մարդկանց` սեփական մաշկի վրա էլ կրած լինելով սոցիալական հոգսերը և անսալով համերկրացիների հորդորին` նա որոշել է Բերդի քաղաքապետի պաշտոնում ավելի հիմնավոր կերպով աջակցել մարդկանց: Իսկ շրջապատում բոլորը գիտեն, որ բժիշկ Ադամյանը հենց այնպես ոչինչ չի որոշում: Ավելին` խոսքեր ու խոստումներ նա երբեք չի շռայլում. -Խոստումներից ավելի գործն է կարևոր: Մարդիկ հոգնել են բառերից, հոգնել են կեղծ խոստումներից և, ընդհանրապես, տղամարդուն գործն է վայել,- ասում է քաղաքապետի թեկնածուն և հավելում, որ արժանապատվությունը բնատուր մղում է: Այո, Հմայակի ու նրա նմանների համար մարդկային արժանապատվությունը նախևառաջ իր նմանին, առավել ևս` իրենից թույլին օգտակար լինելու պատրաստակամությունն է, արդարության ճամփան սեփական ուժերով հարթելու մղումը: Օգնել մարդկանց` գտնելու արդարությունը, սատար կանգնել անօգին` վերջնականապես երես չթեքելու գեթ վերջին հույսից. այս է եղել նրա նպատակը: Եվ իր ծննդավայ րում` Տավուշի մարզի Բերդ քաղաքում, հենց այդպես էլ ճանաչում են Հմայակ Ադամյանին: - Նրան ճանաչում ենք որպես լավ ընկեր` ծնված աշխատավորի ընտանիքում: Վայելում է բոլորի հարգանքն ու վստահությունը: - Լավ մարդ է, բանիմաց մասնագետ, նվիրված հայրենիքին և պետությանը, ապրում է իր համայնքի կյանքով: - Լավ հայր է, համեստ և նպատակասլաց, բարեկիրթ և խելացի անհատ… Միմյանց լրացնելով, թեկնածուին այսպես են բնութագրում քաղաքի բնակիչները` Յուրա Աբգարյանը (ատամնաբույժ), Վաղինակ Նավասարդյանն ու Վառլամ Ջուլհակյանը (կենսաթոշակառուներ), Վարդուշ Զաքարյանը (մանկավարժ): Նա երբեք չի ասում` «Իմ ծրագրերը», երբեք չի ասում «Ես իրագործելու եմ»: Դիմելով ընտրողներին` որպես նրանցից մեկը, Հ. Ադամյանն ասում է` - Ձեր վստահությամբ մենք իրականացնելու ենք… Իսկ իրականացվելիք ծրագրերը բազում են. - քաղաքում հասարակական կյանքի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, երիտասարդության համար ամենատարբեր ուսուցողական և ժամանցային ծրագրեր. հասարակական կյանքը համայնքի ներսում պետք է հետաքրքիր դառնա յուրաքանչյուր բնակչի համար. - պատշաճ աջակցություն համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին` տնտեսական և առողջապահական խնդիրներում. անվճար ամբուլատոր բուժսպասարկումը և դեղորայքը պետք է լինի հասցեական և հասանելի յուրաքանչյուր կարիքավորի համար. - հետևողական աջակցություն ցուցաբերել քաղաքի մարզամշակութային և կրթական օջախներին, ինքնագործ խմբերին, շնորհալի և տաղանդավոր անհատներին. քաղաքում շատ են յուրահատուկ շնորհով օժտված անհատները. - բարելավել և որակական նոր մակարդակի հասցնել մսուր-մանկապարտեզների պայմանները. համայնքի նախակրթարանները պետք է դառնան անվճար, փոքրիկների համար ցանկալի, իսկ ծնողների համար` անվերապահ վստահության օջախ: - Պարոն Ադամյան, մենք գիտենք, որ Ձեր որդին զոհվել է նորանկախ մեր պետության սահմանները պաշտպանելիս` մարտական դիրքերում… Զրուցակիցս, սակայն, մեղմորեն ընդհատում է հարցս ու, ասես շարունակում թվարկել լուծման կարոտ առաջնահերթ հիմնախնդիրները. - Անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել համայնքում բնակվող հաշմանդամների, կենսաթոշակառուների, հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի մասնակիցների, վետերանների և զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրները. (մարդիկ, ովքեր իրենց անձնուրաց ծառայութ յուններն են մատուցել մեր հայրենիքին, պետք է ուշադրության արժանանան բոլորիս կողմից). - կառուցապատել և բարեկարգել մեր համայնքային ճանապարհների և հիմնական փողոցների հարակից մայթերը` պահպանելով և ընդլայնելով արտաքին լուսավորության ցանցը. - ամրապնդել այլ երկրների առանձին քաղաքների հետ առկա միջհամայնքային կապերը, ինպես նաև օգտագործել մեր հայրենակիցների բոլոր հնարավորությունները մեր քաղաքի բարեկարգման նպատակով: Իր մասին խոսել չի սիրում. որևէ կերպ չի էլ ակնարկում, որ անարդար են վարվել իր հետ, ու հիմա ինքը չի աշխատում իր սիրած մասնագիտությամբ: Այդ մասին հնչեցրած հարցին էլ հպանցիկ պատասխանում է. - …Չցանկացան և ինձ ազատեցին աշխատանքից առանց որևէ պատճառի և հիմնավորման: Եվ արդեն շուրջ մեկ տարի չեմ աշխատում: Այլևս չեմ ցանկանում այս թեման շարունակել: *** Քաղաքապետի պարտականություններում երկրորդական խնդիրներ չկան. պարզապես հարկավոր է համակողմանի աշխատանք` համայնքային նշանակության հրատապ հարցերի լուծման ճանապարհին կայուն առաջընթաց ապահովելու վճռականությամբ: Դիցուք` - առանձնահատուկ հետևողականություն կցուցաբերվի համայնքի բարեկարգման ու կառուցապատման աշխատանքներին, բնակչության սոցիալական և սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը: Բավականին անելիքներ ունենք համայնքի ջրամատակարարման և կոյուղաջրերի հեռացման, բազմաբնակարանային շենքերի տանիքների, մուտքերի և բակերի վերանորոգման գործում: Քաղաքի նախկին տեսքը և պատմական նշանակությունը վերականգնելու գործում քիչ աշխատանքներ չունենք կատարելու, քաղաքային և «Սորանի» զբոսայգիների նախկին համբավը վերականգնելու, ինչպես նաև առանձին թաղամասային խաղահրապարակների ստեղծման առումով: Խիստ կարևորում եմ քաղաքի մաքրության ապահովումը և այդ նպատակով աղբահանության ճիշտ կազմակերպումը: Իսկ մանուկների առողջ ապրելակերպը և դաստիարակության կարևորագույն խնդիրները համարելու եմ իմ ամենօրյա հարցերի-հարցը: Այդ կապակցությամբ խիստ կարևորում եմ մանկապարտեզների անվճար հիմունքներով գործունեությունը: Մեր ուշադրության կենտրոնում կլինեն մշակույթի, սպորտի, կրթության, սոցիալական և կենսաթոշակա ռուների առողջապահական, բնակարանային կոմունալ տնտեսության և կանաչապատման խնդիրները: Համոզված եմ, որ քաղաքի հետագա զարգացման համար դեռ շատ անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում դրանք ևս լուծվելու են: Եվ Բերդում արդեն վստահ են, որ օրախնդիր բոլոր հարցերն, իսկապես, լուծվելու են, եթե դրանց լուծումը ստանձնել է Հմայակ ԱԴԱՄՅԱՆԸ:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ , Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ