ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺՆ է
Ծնողներիս հիշատակին Գյումրեցի կոշկակարի տղան միշտ չէ, որ կուշտ էր լինում: Այդ մասին գիտեին ծնողները և ինքը: Բայց որ ետպատերազմյան տարիների ամենամաքրասեր և գերազանց սովորող աշակերտն էր դպրոցում, գիտեին շատերը: Հարևաններից մեկը նրան կնքել էր «Ծերուկ» մականունով: Ամբողջ օրը կարդում էր, բանաստեղծություններ էր հորինում, օգնում էր բակի վատ սովորողներին: Ծանր օրեր էին, մռայլ տարիներ: Հայրն իր քրտինքով շատ քիչ էր վաստակում, Մայրը չէր աշխատում: Ավագ քույրը և եղբայրն ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս էին մնացել դպրոցից: Փոքր եղբորը չկարողացան փրկել մահվան ճիրաններից, պենեցելինի փող չունեին: Եվ խեղճ ծնողներն անում էին ամեն հնարավորը, որ «գոնե այս տղան սովորի, դառնա գրագետ և զարգացած»: Ասում են` արհեստավորը հաճախ մինչև կեսօր քաղցած է լինում: Այդպես էր նաև գյումրեցի կոշկակարի կյանքը: Եվ նրա տղան, պատահում էր, քաղցած էր գնում դպրոց, սակայն, երբ որևէ հաճախորդ վճարում էր, մայրն անմիջապես մոտակա խանութից որևէ բան էր գնում, թաքցնում շալի տակ (այն ժամանակ «զիզի-պիզի» տոպրակներ չկային) և հասցնում տղային: Դա կարող էր լինել հաց ու պանիր, «Ձյունիկ» կոնֆետ կամ «Սկյուռիկ» շոկոլադ: Դպրոցում ամեն օր ստուգում էին աշակերտների մաքրությունը, ոջիլը առատ էր, քաղաքում միայն մի փոքրիկ բաղնիք կար, այն էլ աշխատում էր միայն հանգստյան օրերին, և միշտ հերթ էր լինում: Ստուգում էին աշակերտների մաքրությունը, և դպրոցական բարձրախոսները երկար դասամիջոցներին հաղորդում էին անչափ մաքրասերների և չափից ավելի իրենց հիգենայով չզբաղվողների անուն-ազգանուններն ու դասարանը: Ու ամեն, օր մաքրասերների շարքում հնչում էր գյումրեցի կոշկակարի տղայի անունը: Աստծո ամեն օր: Եվ մի օր էլ` սովորական մի երկուշաբթի, երբ ներս մտան ստուգողները, կատարեցին իրենց աշխատանքը` ստուգեցին աշակերտների մազերը, եղունգները, դպրոցական համազգեստները, գրքերը, և պատրաստվում էին նորից նշել կոշկակարի տղայի անունը, հանկարծ վերջինիս ռուսերենի "ըցՍՉՈՐՖ"-ում ուսուցչուհին հայտնաբերեց Մարիամ Աստվածածնի լուսանկարը: Սիրողական մի լուսանկար: Ու պայթեց ռուսերենի ուսուցչուհին: - Ինչպե՞ս թե, սապոժնիկի լակոտ, ութ տարեկան է և ահա թե ինչով է զբաղվում: Իհարկե, այդպես էլ պետք է լինի: Անգրագետ Մայրն ամեն կիրակի քարշ է տալիս այս ապուշին Օձունի, Արդվու, Հաղպատի ու Սանահինի վանքերը: Երևի էջմիածին էլ տարած կլինի: Հայրն էլ պատերազմից է վերադարձել, հազիվ է հաց վաստակում, չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ: Ինչ ծնողներն են, այն էլ իրենց ապուշ լակոտը պիտի լինի: Ռուսերենի ուսուցչուհին հայ էր` Վրաստանի գյուղերից, ամուսնացել էր Ալավերդիում և տղայի հարևանն էր: Երևի այդ էր պատճառը, որ այդքան մանրամասն գիտեր կոշկակարի և նրա ընտանիքի մասին: Իհարկե, հիմարը չգիտեր, որ կոշկակարը Եղեռնից մազապուրծ ընտանիքի զավակ է, որ նրա դասընկերներն Արաքսյա Գուլզադյանն ու Վաղարշակ Սահակյանն են, որ նա Հովհաննես Շիրազի հետ կոշկակարություն է արել... Չգիտեր նաև, որ կոշկակարի կինը` իր աշակերտի մայրը, Անուշի դերն է խաղացել... Ռուսերենի ուսուցչուհին շա¯տ էր կատաղած: Գոնե ուրիշ գրքում լիներ, գոնե ուրիշ էջում: Ինչպե՞ս կարելի է այդպիսի նկար պահել, այն էլ ռուսերենի գրքում, այն էլ Լենին պապիկին նվիրված "նՑՏ խպվՌվ ՊՏՐՏչՏռ, ֆՑՏ խպվՌվ վՈՔ ՐՏՊվՏռ" բանաստեղծության էջում: Երեխան անչափ վախեցավ: Սակայն ռուսերենի ուսուցչուհին չէր հանգստանում. - Հիմարն աստվածապաշտ է, հարկավոր է վռնդել դպրոցից... Երկրորդ դասարանցին, իրոք, Մայրիկի հետ եղել էր իրենց շրջանի բոլոր եկեղեցիներում, մատուռներում, մոմ էր վառել: Մայրիկը միշտ զարմանում էր, թե ինչու է աղտոտված եկեղեցիների շրջապատը: Մայր ու որդի միասին հաճախ էին այցելում նաև Թբիլիսիի հայկական եկեղեցիները: Մայրը խոստացել էր, որ ամռանն այցելելու են նաև Սուրբ էջմիածին: Ու կոշկակարի տղան անհամբեր սպասում էր ամառային արձակուրդներին... Իսկ հիմա իր բրդաձորցի ուսուցչուհին մեղադրում է և° իրեն, դա դեռ ոչինչ, և° իր ազնվագույն Մորը: Երեխան չի հասկանում, թե ինչ է նշանակում աստվածապաշտ: Գիտի, որ կա Աստված, և պետք է լինել ազնիվ, ճշտախոս, թե չէ Նա կպատժի: Մարիամ Աստվածածնի նկարն էլ Մայրը չի տվել: Այն սիրողական լուսանկարչի գործ է, որն իր եղբոր ղշլաղեցի կինն է բերել: Իսկ ինքն էլ վերցրել է և պահում է "ըցՍՉՈՐՖ"-ում: Ուսուցչուհին ուզում էր պատռել նկարը, սակայն աշակերտը խլեց նրա ձեռքից: Ուսուցչուհին այնքան ամուր էր պահել, որ նկարի վերևի մասը, այնուամենայնիվ, պատռվեց: Կատաղած ուսուցչուհին երեխայի ականջն այնքան ամուր քաշեց, որ արյուն եկավ: Բայց այդքանով էլ չբավարարվեց, տարավ տնօրենի մոտ: Երեխան երկրորդ անգամ էր լինում ընկեր Չերքեզյանի առանձնասենյակում: Առաջին անգամ Մայրիկի հետ էր եղել, երբ պիտի ընդունվեր դպրոց: Այն ժամանակ էլ էր քաշվում - ամաչում: Իսկ հիմա՞... Եթե իրեն հեռացնեն դպրոցից, ինչպե՞ս է նա ապրելու, ինչպե՞ս է նայելու ծնողների, բարեկամների, հարևանների աչքերի մեջ... Սակայն նրա բախտը բերեց: Տնօրենը համեստ, իմաստուն Մարդ էր: Իհարկե, զարմանալու ոչինչ չկար, չէ՞ որ Հովհաննես Օձնեցու հայրենակիցն էր, հետո ի՞նչ, որ կոմունիստ էր: Իհարկե, նա նաև քաջ գիտեր, որ ռուսերենի ուսուցչուհին խելագար է: Պարզապես ամուսինը դատավոր էր, և ստիպված լռում էին: Խեղճ ամուսինն էլ երևի չէր բաժանվում, որպեսզի աշխատանքից չհեռացնեին: Տնօրենը խնդրեց, որ ուսուցչուհին գնա դասարան և շարունակի դասը: Ու նաև խոստացավ անպայման պատժել կոշկակարի տղային: Ռուսերենի ուսուցչուհին հեռացավ այնպիսի հպարտությամբ, կարծես պատերազմի ժամանակ լրտես էր հայտնաբերել: Իսկ երեխան դողում էր ամբողջ մարմնով: Մտածում էր, թե կհեռացնեն կամ լավագույն դեպքում կտեղափոխեն այլ դպրոց: - Տղա°ս, գնա° տուն, նկարը տո°ւր Մայրիկիդ և շտապ վերադարձի°ր դպրոց: Հաջորդ դասը ընկեր Մարուքյանինն է,- հատ-հատ արտասանեց տնօրենը, շոյեց տղայի գլուխը և ճանապարհեց: Կոշկակարի տղան, երբ վերադարձավ դպրոց, մուտքի մոտ նրան էր սպասում Հայերենի Ուսուցչուհին` Առաջին Ուսուցչուհին` ընկեր Սոնյա Մարուքյանը: Ուսուցչուհին իրեն առաջնորդեց դասարան, ինչպես 1957-ի սեպտեմբերի մեկին առաջին անգամ: Հանձնարարություն տվեց երեխաներին, իսկ Ինքը նստեց կոշկակարի տղայի կողքին ու սկսեց պատմել Գրիգոր Նարեկացու մասին: Երեխան ոչինչ չէր հասկանում, բայց լսում էր անչափ ուշադիր: Նույն մոտեցումը ցուցաբերեցին նաև մյուս ուսուցիչները Անտոնինա Պետրովնան և աքսորավայրից նոր վերադարձած Մադաթ Պետրոսյանը: Երկու օր անց Կոմերիտմիության փողոցի շենքերից մեկի բնակիչներն արթնացան հարևանուհու` ռուսերենի ուսուցչուհու ձայնից. - Ամեն ինչ մեզ համար էր պահված, մի շաբաթ չկա` հավերը ազար ընկան, սատկեցին, հիմա էլ ամուսինս է մահացել... Իհարկե, նա հիմար համեմատություն էր անում: Բայց առանց այդ էլ տգետ ու խելագար ուսուցչուհին, կարծես վերջնականապես խելագարվեց: Մինչև ուսումնական տարվա ավարտը նա մտնում էր դասարան, նստում սեղանին, ցուցափայտով վախեցնում երեխաներին, իսկ երբ հայացքը հանդիպում էր կոշկակարի տղայի հայացքին, կարծես էլեկտրական հզոր հոսանք էր խփում վերջինիս: * * * Անցան տարիներ: Նրա կոմունիստ, ինտերնացիոնալիստ որդին անկախությունից հետո դարձավ ազգայնամոլ, կուսակցություններից մեկի լիդեր, մոլի հավատացյալ, չնայած անգամ մկրտված չէր: Հետո վախճանվեց ավտովթարից` կործանելով նաև ընտանիքին: Ասում են` հիմա ռուսերենի ուսուցչուհին տեղափոխվել է մայրաքաղաք: Ամեն օր եկեղեցի է գնում, հարևաններին պատմում է, որ ինքը փոքր հասակից հավատացյալ է եղել, իսկ ննջարանում Մարիամ Աստվածածնի մեծադիր նկարն է փակցրել, որը տղայի ընկերներն են նվիրել: Գուցե նոր հարևանները հավատում են: Բայց դժվար թե Աստված հավատա: Աստված հիշում է կոշկակարի երկրորդ դասարանցի տղային: Հիշում է, թե որքան անկեղծ, առանց մեկնաբանությունների, առանց Իր անունը տալու և առանց սուտ երդումների որքան էր սիրում Իրեն ինքը: Ու երևի այդ օրվանից Աստված Իր Ձեռքը դրեց այդ երեխայի գլխին: Շատ փորձություններով անցավ այդ երեխան, բայց միշտ փրկվեց հրաշքով: Մի օր էլ` Նարեկացու «Մատեան»-ի հազարամյա հոբելյանի հանդիսության օրը, Մարիամ Աստվածածինը երևաց ութ տարեկանից իրեն պաշտող հիսուն տարեկանին: Երևաց համերգասրահի պատին` Եդեմական այգում սպիտակ մարմարյա աստիճաններից իջնելիս: Տղան, ոչ, հիսնամյա տղամարդը հրեց կողքին նստած բանաստեղծուհուն. - Նայի°ր` ի¯նչ գեղեցիկ է... Բանաստեղծուհին նայեց, բայց ոչինչ չտեսավ: Բոլորը չէ, որ տեսնում են: Բոլորին Նա չի երևում: