Ալ. Բալբաբյանը ծնվել է 1933 թ. հոկտեմբերին 18-ին


Ալ. Բալբաբյանը ծնվել է 1933 թ. հոկտեմբերին 18-ին Ադրբեջանի Խանլարի շրջանի Շահումյան գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: 1940 թ. նրա ընտանիքը տեղափոխվել է շրջկենտրոն, որտեղ 1950 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, ընդունվել Գանձակի (Կիրովաբադի) ֆիզկուլտուրայի և սպորտի տեխնիկում, երկու տարի դասավանդել է Դաշքեսանի միջնակարգ դպրոցում: Երիտասարդ տարիներից նրան հոգեհարազատ են եղել զինված ուժերը, զինծառայողների կեցվածքի, կարգապահության և համազգեստի հանդեպ անտարբեր չէր կարող մնալ: 1954 թ. 21-ամյա ուսուցիչն ընդունվում է Մուրոմի կապի ռազմական ուսումնարան, որն ավարտում է գերազանցության դիպլոմով` ստանալով ռադիոկապի տեխնիկի որակավորում, լեյտենանտի կոչում և ծառայության է նշանակվում Անդրկովկասի զին. օկրուգի Բաքվի 4-րդ բանակի կապի գնդում. սկզբում` որպես դասակի, հետո` վաշտի հրամանատար: Իր ղեկավարած ստորաբաժանումների բարձր առաջադիմությունը և կարգապահությունը հաշվի առնելով, նրան թույլատրում են ընդունվել Լենինգրադի կապի ռազմական ակադեմիա, որն ավարտում է տեխնիկայի ինժեների որակավորմամբ: Նրան շնորհվում է նաև մայորի կոչում և գործուղվում է ծառայության Անդրկովկասի ԶՕ` ստանձնելով օկրուգի կապի գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Լավագույն ծառայության համար 1971 թ. սահմանված ժամկետից շուտ նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում և նշանակվել 4-րդ բանակի առանձին կապի գնդի հրամանատար: Այդ գունդը ԶՈՒ համաբանակային մրցումներում բազմիցս արժանացել է պարգևների, իսկ հրամանատարը 1975 թ. ստացել է գնդապետի զինվորական կոչում, 1977 թ. արժանացել է «ԽՍՀՄ պատվավոր ռադիստ» կոչմանը, և նրա ակադեմիական կրծքանշանի կողքին հայտնվեց 2-րդ շքանշանը: Մայր հայրենիքի կարոտը և հոգսերը գնդապետ Ա. Պ. Բալբաբյանին հանգիստ չէին թողնում. 1979-83 թթ. նա ծառայության է անցել ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ-ում որպես նրա կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալ, ընտրվել հանրապետության սպորտկոմիտեի անդամ, մեծ աշխատանք տարել երիտասարդների ռազմա-կիրառական սպորտաձևերի զարգացման ուղղությամբ: ԽՍՀՄ կազմում ՀՍՍՀ-ը միակն էր` առանց զինվորական ուսումնարանի, ինչը որոշակի խոչընդոտ էր մեր փառապանծ զորահրամանատարների ավանդույթները շարունա կելու համար: Ղեկավարության ջանքերով համաձայնություն էր ձեռք բերվում Երևանում Կապի ռազմական ուսումնարան բացելու համար. նախագծվել էր այն կառուցել Դավիթաշենում, շինարարական աշխատանք էր տարվում: Ա. Պ. Բալբաբյանը երեք տարով գործուղվում է Տոմսկ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար, որպեսզի զբաղեցնի ուսումնարանի պետի 1-ին տեղակալի պաշտոնը: Սակայն այդ ծրագիրը չիրականացավ ԽՍՀՄ-ում ընթացող լճացման տարիներին: 1986 թ. գնդապետ Բալբաբյանը տարիքի բերումով զորացրվում է ԽՍՀՄ ԶՈՒ պահեստազոր, բայց կապը շարունակվում է մի շարք ուղղություններով: Աշխատելով ՀԽՍՀ կապի նախարարությունում որպես բաժնի պետ` Կառավարությանը կից նորաստեղծ Պաշտպանության կոմիտեում (1991 թ.), իսկ 1992 թ. փետրվարից ստանձնելով ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի կապի վարչության պետի պատասխանատու պաշտոնը, նա մեծ սիրով ներդնում է իր գիտելիքները և հարուստ փորձը: Առաջնահերթ հաջողություններից նշենք ՊՆ և ԳՇ կապի հանգույցները («Մեխակ» և «Օկտավա»), այնուհետև ՀՕՊ-ի և ավիացիայի, ՊԲ-ի կապի հանգույցները, որոնց անմիջական օգնությամբ հնարավոր դարձավ իրականացնել զորքերի կենտրոնական ղեկավարման սկզբունքը ամբողջ Հայաստանում և ԼՂՀ-ում: Նրա շուրջը համախմբված էին ճանաչված կապավորներ Վլ. Մկրտչյանը, Լ. Դոխոյանը, Ա. Ազարյանը, Ա. Փափազյանը, Վ. Աղաջանյանը և շատ ուրիշներ: 1995 թ. հունիսին Ա. Պ. Բալբաբյանը սահմանային տարիքի պատճառով զորացրվել է, սակայն մինչ օրս իր հնարավորությունների և իրավասությունների պայմաններում շարունակում է օգտակար գործունեություն ծավալել «Հայաստանի տելեֆոնային կապեր» պետձեռնարկությունում` («ԱրմենԹել» ՓԲԸ) և ԵրԿԳՀԻ-ում: Ա. Պ. Բալբաբյանը պարգևատրվել է «Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշանով, «Արիության», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալներով: Նրա կյանքը և անցած ուղին պայքար է` հանուն Հայրենիքի, հանուն ԶՈՒ հզորության և լավագույն օրինակ` զինծառայողների ու երիտասարդության համար: Միակ զավակը` Արմենը, գնդապետ է, շարունակում է ծառայությունը` սրբությամբ պահպանելով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գնդապետ