«Ապրել գալիքի տեսիլքով»


(Հուշեր Վազգեն Ա Վեհափառի մասին) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ապրել գալիքի տեսիլքով» գիրքը, որ ներառում է անվանի հոգևորականների, գիտնականների և մտավորականների հուշերը Վազգեն Ա Վեհափառի մասին: Գիրքը կազմել է բանասեր Արշակ Մադոյանը: Այն տպագրվել է տեր և տիկին Արմեն և Նունե Սարգսյանների մեկենասությամբ: Գիրքը սկսվում է Գարեգին Բ Հայրապետի օրհնության գրով, ուր մասնավորապես նշվում է. «Արդարև, նա [Վազգեն Վեհափառը] ամբողջապես գործում էր առաքելական ոգով: Տեսնելով և գնահատելով օրվա պահանջներն ու հրամայականները` հաստատուն ու հետևողական քայլերով նա միջոցներ էր ձեռնարկում` ի զորացումն Հայ Եկեղեցու առաքելության և առավել պանծացումն Հայաստանյայց Եկեղեցու փառքի խորանի: Նրա կաթողիկոսության շրջանին նորոգվեցին և վերաբացվեցին խոնարհված եկեղեցիներ, վերակազմավորվեցին թեմերը, նոր շունչ ստացան հոգևոր ճեմարանների գործունեությունը, «Էջմիածին» ամսագիրը, Մայր Աթոռի հրատարակությունները: Ամենայն Հայոց 130-րդ գահակալի անդուլ ջանքերով բարեզարդվեց և նոր կառույցներով համալրվեց Սուրբ Էջմիածինը: Սփյուռքի թեմեր կատարած իր հովվապետական բազմաթիվ այցելություն ներով շնորհազարդ Հայրապետը անգամ քաղաքական աննպաստ պայմաններում գործադրում էր ամեն ջանք, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը համախմբված լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և ապրի ազգային-եկեղեցական կյանքի միասնականության մեջ: Մշտապես հավատարիմ մնալով խաղաղության, արդարության, եղբայրության համամարդկային արժեքներին` Վազգեն Վեհափառն ամրապնդեց Հայ Եկեղեցու ներկայությունը միջեկեղեցական կյանքում: Հոգելույս Հայրապետը երջանկությունն ունեցավ նաև օրհնելու Հայրենիքի անկախությունն ու Արցախի ազատագրումը»: